Ըստ Ալ. Իսկանդարյանի` Հայոց ցեղասպանության ընկալման հարցում թուրք հասարակության մոտ դրական փոփոխություններ են նկատվում
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 15, 2011 17:04
Հայոց ցեղասպանության ընկալման հարցում թուրք հասարակության մոտ դրական փոփոխություններ են նկատվում: Այսօր Երեւանում կազմակերպված «Հայոց ցեղասպանության գիտակցման կառուցումը Թուրքիայում» միջազգային գիտաժողովի ժամանակ նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա` ինքն առաջին անգամ Թուրքիայում եղել է 1995 թվականին, սակայն այն ժամանակ չէր պատկերացնում, որ Ցեղասպանության վերաբերյալ որեւէ խոսակցություն հնարավոր է, եւ այդպես էլ եղել է:
«Վերջին անգամ Թուրքիայում եղել եմ մի քանի ամիս առաջ: Համալսարանում դասախոսության ժամանակ ուսանողներն ազատ արտաբերում էին Հայոց ցեղասպանություն տերմինը: Այնպես որ, փոխվում է Թուրքիան, թուրք հասարակությունը»,- ասաց Ալ. Իսկանդարյանը: Քաղաքագետը նկատեց, որ 60-70 տարի առաջ Երեւանում եւս դժվար թե հնարավոր լիներ անցկացնել միջոցառում` համաժողով, Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
«Հույս ունենք, որ նման միջոցառումները կնպաստեն հայ եւ թուրք հասարակությունների միջեւ կապերի սերտացմանն ու ամրապնդմանը»,- ասաց Ալ. Իսկանդարյանը: «Բահչեշեհիր» համալսարանի Եվրամիության ուսումնասիրության կենտրոնի ղեկավար, «Թըրքիշ դեյլի» եւ «Վաթան» թերթերի մեկնաբան Չենգիզ Աքթարի խոսքով` հայ եւ թուրք հասարակությունների միջեւ երկխոսությունն ընդլայնվում է, նոր գույներ ստանում: «Հույս ունեմ, որ Հրանտ Դինքը երկնքից այս ամենը տեսնում եւ ուրախանում է: Հրանտը Հայոց ցեղասպանության հարցում նշում էր, թե կարեւորը ցավն ընդունելը չէ, այլ խնդիրն ու նրա էությունը հասկանալն ու նկատելը:
Ես եւս կարծում եմ, որ սա է ամենակարեւորը»,- ասաց Չ. Աքթարը: Ըստ նրա` գնալով թուրք հասարակության շրջանում հայերի նկատմամբ վերաբերմունքը, ընդհանուր միջավայրը փոխվում է: «Սկսած 1973 թվականից` հասարակությունն իր մեջ մեծ փոփոխություններ է իրականացրել, իսկ 1999-ից, երբ Թուրքիան սկսեց Եվրամիության անդամակցության միջազգային գործընթացը, այդ փոփոխությունները հասարակության շրջանում ավելի մեծ դինամիկա ստացան` նաեւ Հայոց ցեղասպանության շուրջ: Սա շատ կարեւոր գործընթաց է, որն այլեւս հետընթաց չի կարող ապրել»,- ընդգծեց «Թըրքիշ դեյլի» եւ «Վաթան» թերթերի մեկնաբանը:
Ըստ նրա` 1973 -ից առաջ` 1915-ի իրադարձությունների, հայերի վերաբերյալ Թուրքիայում որեւէ հրատարակություն, աշխատություն գտնել հնարավոր չէր, սակայն 1977-ից, երբ Ստամբուլում սկսեցին լույս տեսնել հայկական «Ժամանակ» եւ «Մարմարա» թերթերը, դրական գործընթացներ սկսվեցին ընթանալ այս հարցում: Այժմ հայերին ճանաչում եւ ընկալում են «Ակօս»-ի միջոցով: Չ. Աքթարի կարծիքով` հայ եւ թուրք հասարակությունների միջեւ հարաբերությունների զարգացմանը, երկխոսությանը կխթանի նաեւ Թուրքիայի` Սիրիայի եւ Ռուսաստանի հետ առանց մուտքի վիզայի կարգի ներդրումը: «Հիշյալ երկրներում ապրող բազմաթիվ հայեր եւս կկարողանան առանց որեւէ խնդրի այցելել Թուրքիա, ինչը եւս կարեւոր քայլ կլինի երկխոսության ամրապնդման տեսակետից»,- ասաց նա: Որպես հայերի նկատմամբ վերաբերմունքի դրական փոփոխություն` Չ. Աքթարը նշեց նաեւ Ստամբուլի համալսարաններում Հայոց լեզվի վերաբերյալ ամբիոնների բացումը:
«Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանի կարծիքով` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո երկու հասարակությունների համակեցության խնդիրն է’լ ավելի է սրվել եւ հայտնվել օրակարգում: «Չնայած դրան` հայերը չեն կարող վստահ լինել, որ Թուրքիան հրաժարվել է հայոց պետականության ոչնչացման ծրագրից, քանի դեռ Թուրքիան չի ընդունել եւ գիտակցել իր կատարած ոճիրը: Բացի այդ, Թուրքիան ջանք ու եռանդ չի խնայում` միջազգային ասպարեզում հակահայ գործունեություն վարելուց»,- ասաց Ռ. Թաթոյանը: Նրա խոսքով` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերությունների հաստատման ամենամեծ միջոցը Հայոց ցեղասպանության ճանաչումն է, երկխոսությունը:
Ըստ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դասախոս, հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման հանձնաժողովի անդամ Դավիթ Հովհաննիսյանի` Հայոց ցեղասպանության շուրջ կան բազմաթիվ վկայություններ: Վերջինիս համար շատ ավելի կարեւոր է պարզել, թե ինչպես եւ ինչից է սկսվել եւ ինչ պատճառներով է հիմնավորվել Ցեղասպանության փաստի ժխտման քաղաքականությունը Թուրքիայում: «Բավարար չէ հաստատել եւ գտնել սուտը, անհրաժեշտ է բացահայտել այդ ստի պատճառները»,- ասաց նա: Դ. Հովհաննիսյանի կարծիքով` Ցեղասպանության ժխտման քաղաքականությունն սկսվել է ոճիրի նախապատրաստման ժամանակաշրջանում:
«Դրա մասին է վկայում այն, որ բոլոր այն փաստաթղթերը, հեռագրերը, հրահանգները, որոնք Թուրքիայի այն ժամանակաշրջանի ղեկավարներն ուղարկել են իրենց ենթականերին, ծածկագրված էին եւ հույժ գաղտնի: Կան բազմաթիվ վկայություններ այն մասին, թե ինչ ջանքեր են գործադրել Թուրքիայի այն ժամանակվա իշխանությունները` հանցագործությունն օտարերկրացիներից թաքցնելու համար: Կան փաստաթղթեր ամերիկյան հյուպատոսների տարբեր բողոքարկումների հետ կապված, որոնցով վերջիններս պահանջել են, որպեսզի ապացուցվի, որ հայերի տեղահանությունն իրականացվում է հենց հայերի շահերից ելնելով»,- նշեց Դ. Հովհաննիսյանը:
Հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման հանձնաժողովի անդամի խոսքով` դրանք բոլորն էլ հրապարակվել են, եւ որեւէ մեկը չի կարող հերքել նրանց իսկությունը, չնայած փորձեր արվել են, որոնք ապարդյուն են եղել: «Ցեղասպանություն ժխտելը, կոծկելը հանցագործի կրիմինալ մտածելակերպի իրական արտահայտություն է»,- եզրափակեց Դ. Հովհաննիսյանը:
Արմենպրես






Facebook
Tweet This
Email This Post
