Կլարա Ցետկինի ու Ռոզա Լյուքսեմբուրգի ամուսիններն ու սիրեկանները

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Հետաքրքիր կանայք, Շաբաթվա լուր | | March 15, 2011 18:00

Մարտի 8-ի մտահղացման հեղինակների՝ Կլարա Ցետկինի ու Ռոզա Լյուքսեմբուրգի անձնական կյանքը դժվար թե հայտնի լինի այսօրվա երիտասարդությանը: Խորհրդային տարիներին դպրոցում ուսանածները ճանաչում են նրանց որպես հեղափոխականների: Սակայն նրանց անձնական կյանքի մասին գրեթե ոչինչ չգիտեինք: Մինչդեռ նրանց անձնական կյանքն ավելի փոթորկուն էր, քան քաղաքական գործունեությունը:

Լեյպցիգի իգական գիմնազիայի 18-ամյա շրջանավարտ Կլարա Այսեները փայլուն մանկավարժ չդարձավ, չարդարացրեց  ուսուցիչների հույսերը: Ավարտելուց  մի քանի ամիս անց աղջիկն ընդունվեց սոցիալ-դեմոկրատական կուսակցության շարքերը: Ծնողներն այնքան ցնցված էին, որ նույնիսկ մտածում էին աղջկան տնային կալանքի տակ պահել: Նրա քաղաքական հոգեհայրն Օսիպ Ցետկինն էր, մի մարդ, որ կարողանում էր այնքան  գեղեցիկ ճառեր  ասել կանանց ու տղամարդկանց  իրավահավասարության մասին, որ աղջիկը պարզապես հմայված էր, չէր կարողանում կտրվել նրա խոսքից: Օսիպը տգեղ էր, սակայն հմայիչ իր ինտելեկտի շնորհիվ: Նա ընդամենը 4 տարով էր մեծ Կլարայից: Օսիպը Կլարայի  հայացքի տենդագին փայլը հեղափոխական գաղափարներով տարվելու հետ էր շփոթել: Իսկ երբ  հասկացավ, որ աղջիկը սիրահարված է, փորձեց հասկացնել, որ իրենց հավաքները սիրային պատմությունների համար չեն: Սակայն Կլարան երիտասարդին հատուկ համառությամբ հասավ իր նպատակին (իզուր չէ, որ նրան զինակիցները  «վայրենի» էին անվանում):

1880-ին Օսիպին արտաքսեցին Գերմանիայից, նա տեղափոխվեց Ֆրանսիա, իսկ Կլարան կուսակցական  առաջադրանքներ էր կատարում Շվեյցարիայում ու Ավստրիայում: Նա ձգտում էր մի կերպ հասնել սիրեցյալին, սակայն Փարիզ  մեկնելու  թույլտվություն  ստացավ միայն  երկու տարի անց: Իսկույն գտավ Օսիպին, տեղավորվեց  նրա մոտ ու նույնիսկ  նրա ազգանունը վերցրեց, չնայած պաշտոնապես գրանցված չէին: Օսիպը պատահական աշխատանքներով էր գոյությունը պահպանում, սակայն Կլարան դժվարություններից վախեցող չէր: Երկու տարի ընդմիջումով  նրանք երկու որդի ունեցան՝ Մաքսիմին ու Կոստյային: Կլարան, ժամանակավորապես թողնելով քաղաքականությունը,  աշատում էր երեք տեղում, որպեսզի ընտանիքը սովի չմատնվի:  Երբ Օսիպը թոքախտից  մահացավ,՝  Կլարան ընդամենը  32 տարեկան էր:

Ամուսնու մահից հետո Կլարան երեխաների հետ վերադարձավ Գերմանիա: Հաստատվեց  Շտուտգարդում, որտեղ էլ ստանձնեց  աշխատավորուհիների «Հավասարություն» թերթի պատասխանատու քարտուղարի պաշտոնը: Թերթը հնարավորություն չուներ մշտական աշխատանքի վերցնելու նկարչի, այդ իսկ պատճառով Կլարան ժամանակավոր աշխատանք է առաջարկում գեղարվեստի ակադեմիայի սաներին: Եվ ահա` ծանոթանում է 18-ամյա նկարիչ Գեորգ Ֆրիդրիխ Ցունդելի հետ: Սիրո քաղցից 36-ամյա Կլարային երիտասարդի հանդեպ կիրք է համակում: Երիտասարդը նույնպես հետաքրքրություն էր տածում  նրա  հանդեպ: Հնարավոր է, որ երիտասարդը չպարտադրող հարաբերություններ էր ակնկալում, սակայն Կլարան իրեն հատուկ համառությամբ  պնդեց, ու նրանք  իրենց հարաբերություններն օրինականցրին: Նրանց ամուսնությունը կարելի էր երջանիկ համարել. երկուսն էլ ունեին կայուն աշխատավարձ, ապրում էին ընդարձակ տանը, առաջինն էին ողջ շրջանում, որ ունեին  սեփական ավտոմեքենա: Սակայն ամուսնության 20 տարիներից հետո Գեորգը ապահարզան տվեց. նա սիրահարվել էր դեռատի Պաուլա Բոշին (ներկայումս հայտնի կենցաղային տեխնիկայի ընկերության հիմնադրի դստերը):

Բոշերն առաջ ապրում էին նրանց հարևանությամբ, իսկ տեղափոխվելուց հետո էլ ջերմ կապերի մեջ էին: Գեորգը երազում էր Պաուլայի հետ ամուսնանալու մասին, բայց կինը համառորեն նրան ազատ չէր արձակում: Չնայած գերազանց հասկանում էր, որ 58 տարեկան է ու  40-ամյա ամուսնու համար այլևս հետաքրքիր չէ: Այնուամենայնիվ, Գեորգը հեռացավ Կլարայից. պաշտոնապես նրանց ապահարզանը  գրանցվեց  միայն 11 տարի անց: Ծերացող կոմունիստ Ցետկինը կանանց հետ հանդիպումների ժամանակ քննարկում էր ոչ թե համաշխարհային իմպերիալիզմի դեմ աշխատավորների հաղթանակը, այլ սեռի ու ամուսնության հարցերը: Գրքույկներ էր բաժանում Ֆրեյդի տեսության շարադրանքով, շոշափում նրբին հարցեր: Այդ մասին իմանալով` Վ. Ի. Լենինը վրդովմունք հայտնեց` ասելով, որ  սիրահետման հարցերի ժամանակ չէ: Դրան ի պատասխան` Կլարան գրում է. «Հին զգացմունքների ու մտքերի աշխարհը քանդվում է: Կանանց համար նախկինում թաքուն խնդիրներն այժմ բացահայտվում են»:

Խեղճ Ռոզան

Ռոզալյա Լյուքսեմբուրգը Լեհաստանի հարուստ հրեա ընտանիքի  հինգերորդ՝ կրտսեր երեխան էր: Անշուք  էր ու տգեղ: Անհամաչափ կառուցվածք ուներ, ցածրահասակ էր և թեթև կաղություն ուներ  ի ծնե դուրս ընկած ազդրի պատճառով: Չնայած  ընտանիքի սիրելին էր, միևնույն է, մեծացավ բարդույթներով: Հավանաբար այս հանգամանքը նրան բերեց քաղաքականություն, որտեղ նրա մեջ տեսան ոչ թե անշուք կին, այլ խելացի ու հուսալի գործընկեր: 1890-ին 19-ամյա Ռոզան ծանոթացավ լիտվացի էմիգրանտ Լեո Յոգիհեսի  հետ (ընդհատակյա մականունը՝ Յան Տիշկա): Անկրկնելի գեղեցկադեմ երիտասարդը սոցիալիզմի գաղափարներ էր պրոպագանդում, սակայն Ռոզային հետաքրքրում էր հենց ինքը՝ Լեոն: Նա պատրաստ էր մոռանալ հեղափոխության մասին ու դառնալ համեստ ու նվիրված կին: Սակայն Լեոն, որ դեմ չէր հերթական սիրահետումներին, Ռոզային տեղը դրեց՝ ասելով, որ ինքը ազատ հարաբերությունների կողմնակից է, ամուսնությունը բուրժուական անցյալի մնացուկ է: Լեոյին  զվարճացնում էր զինակիցների հարգանքը վայելող  հեղափոխական կնոջ կույր երկրպագությունն իր հանդեպ:  Քաղաքական գործերում խիստ Ռոզան սիրեցյալին գրել է զարմանալի քնարական նամակներ: «Եթե ես ցանկանամ երկնքից զույգ աստղ իջեցնել, որպեսզի նվիրեմ մեկին որպես ճարմանդ, ուրեմն թող ինձ չխանգարեն  չոր պեդանտները և ինձ վրա մատ թափ տալով` չասեն, թե ես շփոթություն եմ մտցնում դպրոցական աստղագիտական քարտեզներում»: Եվ միայն 16 տարի անց Ռոզան իր մեջ Լեոյի հետ հարաբերությունները խզելու ուժ գտավ. նրան պարզապես հոգնեցրել էր հարատևող անորոշությունը:

Մեկընդմիշտ որոշելով այլևս  անձնական կյանքով չտարվել` Ռոզան գլխովին խրվում է աշխատանքի մեջ: Ակտիվ գործունեության պատճառով  նա բազմիցս է հայտնվել ճաղերի հետևում: Մի դատալսման ժամանակ նրա փաստաբանն  էր Պաուլ Լևին: Լյուքսեմբուրգը չդիմացավ ու գայթակղեց փաստաբանին, որը 12 տարով երիտասարդ էր իրենից: Ռոզայի վերջին սերը դարձավ  զինակից ընկերուհու որդին՝ Կոստյան, որը 14 տարով փոքր էր իրենից: Տարիքային տարբերությունից նրանք չէին նեղվում: 22-ամյա Կոստյային ոգեշնչում էին Ռոզայի ճառերը, իսկ վերջինիս էլ թվում էր, թե վերջապես գտել է իսկական կանացի երջանկություն: Հինգ տարվա սիրավեպից հետո Կոստյան որոշեց հարաբերությունները  խզել, սակայն Ռոզան իրեն հատուկ  համառությամբ փորձում էր հետ կանգնեցնել նրան: Կոստյային ճնշում էր նաև մայրը՝ պաշտպանելով ընկերուհուն: Սակայն Կոստյան, միևնույն է, գնաց ուրիշի մոտ: Իսկ Ռոզան, վերջնականապես  հիասթափվելով տղամարդկանցից, նվիրվեց քաղաքականությանը:

Դիտվել է 3068 անգամ:
Print Friendly

Leave a Reply