Կարիբյան ճգնաժամը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | ankakh | March 16, 2011 14:03
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ վերաձևվեց աշխարհի քաղաքական քարտեզը, սկսվեց սպառազինության մրցավազք ԱՄՆ-ի գլխավորած Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) և ԽՍՀՄ-ի գլխավորած Վարշավայի պայմանագրի երկրների միջև: Բացի բուն սպառազինումից, հակամարտող երկրները նաև ձգտում էին «կենսական» և ռազմավարական տարածքներ ձեռք բերել հակառակորդ երկրի սահմանների մոտ` դրանք որպես զինվորական հենակետ օգտագործելու նպատակով:
Այս առումով ԽՍՀՄ-ը համարյա ապահովել էր իրեն, քանզի նրան սահմանակից միակ ՆԱՏՕ-ական երկիրը Թուրքիան էր: Ավելի շահեկան էին ԱՄՆ-ի դիրքերը, քանզի նրա սահմանների մոտ չկար սոցիալիստական ճամբարի գեթ մեկ երկիր:
Այս մրցավազքը երբեմն թաքնված բնույթ ուներ, երբեմն էլ վեր էր ածվում բացահայտ հակամարտության, և երկրների գլխին նոր համաշխարհային պատերազմի` միջուկային պատերազմի վտանգ էր կախվում:
Ամենածանր դրությունը, ինչ խոսք, 1962-ին էր, երբ Կարիբյան ավազանում խիստ լարվածություն ու պատերազմի սպառնալիք էր առաջացել: ԱՄՆ քաղաքական անդորրը խռովվեց 1959 թ., երբ նրա սահմաններին շատ մոտ գտնվող Կարիբյան ծովի Կուբա կղզում սոցիալիստական հեղափոխության արդյունքում իշխանության եկավ Ֆիդել Կաստրոն: Առաջ անցնելով ասեմ, որ վերջինս ամենաերկար կառավարած իշխանավորն է համաշխարհային նորագույն պատմության մեջ: Կոմունիզմի դրոշի ծածանումը Կարիբյան ավազանում ոչ մի կերպ չէր մտնում ԱՄՆ-ի ծրագրերի մեջ, և Վաշինգտոնն անմիջապես գործին միջամտելու և Կուբայում կոմունիստական ռեժիմը տապալելու պլաններ մշակեց: 1961 թ. գարնանը Պենտագոնը Կուբա ուղարկեց հատուկ դեսանտային բրիգադ` տեղում իրավիճակը փոխելու համար: Սակայն կղզում պատրաստ էին նման զարգացումների, և հեղափոխական ուժերը եռօրյա համառ մարտերից հետո ջախջախեցին ամերիկյան գրոհայիններին:
Բնականաբար, Կուբայի նման փոքրիկ պետությունը միայնակ չէր կարող դիմակայել ԱՄՆ ագրեսիային: ԽՍՀՄ կառավարությունը ոչ միայն չէր կարող անտարբեր գտնվել Կուբայի իրադարձությունների նկատմամբ, այլև անմիջականորեն ծրագրել և իրագործել էր այնտեղ հեղափոխությունը: Դեռևս հեղափոխությունից շատ առաջ ԽՍՀՄ զինվորական և քաղաքական հրահանգիչները նախապատրաստում էին Կաստրոյի թիմին` հեղափոխությունը իրականացնելու համար: Իսկ ահա 1959 թ. տեղում գործերը կարգավորելու նպատակով ԽՍՀՄ քաղբյուրոյի հանձնարարականով Կուբա է մեկնում Անաստաս Միկոյանը:
ԽՍՀՄ կառավարությունը չէր բավարարվում Կուբայում կոմունիստական ռեժիմի հաստատումով: Ն. Խրուշչովը պատրաստվում էր Կուբան դարձնել ռազմավարական հենակետ ու այնտեղ միջուկային հռթիռներ տեղադրել: Սա, ինչ խոսք, կարող էր լիարժեք փոխհատուցում լինել ԽՍՀՄ-ի` միջուկային սպառազինության մեջ նահանջող դիրքերը վերականգնելու համար: 1960 թ. ԽՍՀՄ-ը ԱՄՆ 5000 միջուկային մարտագլխիկների դիմաց ուներ ընդամենը 3000-ը: Բացի այդ, ԽՍՀՄ-ը ԱՄՆ-ի նկատմամբ ձեռք էր բերում նաև այլ առավելություն: Կուբան ԱՄՆ-ից հեռու էր ընդամենը 150 կմ և հավանական պատերազմի դեպքում լավ ռազմաբազա կարող էր ծառայել ԱՄՆ տարածք ներխուժելու և ռազմավարական կենտրոնները հրթիռակոծելու համար:
Եվ ահա, խիստ գաղտնի պայմաններում ԽՍՀՄ-ը ձեռնամուխ է լինում դեպի Կուբա միջուկային մարտագլխիկների տեղափոխմանը: Այս ծրագրից անտեղյակ էին անգամ ԽՍՀՄ ՊՆ շատ բարձրաստիճան սպաներ: Տեղում` Կուբայում, բեռնաթափումներն ու շինարարական աշխատանքները կատարվում են խիստ գաղտնի պայմաններում, բացառապես գիշերը:
Ամերիկյան հետախուզությունը, սակայն, քնած չէր: Շուտով նրանք հասկացան, որ ԽՍՀՄ-ը դավ է ծրագրել իրենց դեմ: ԽՍՀՄ-ի գործողությունները, որքան էլ գաղտնի ու լավ նախապատրաստված, մի շատ էական բացթողում ունեին: ԽՍՀՄ-ից Կուբա նավագնացության ծավալները էապես մեծացան, և դա կասկածի տեղիք տվեց ամերիկացիներին ու նրանց դաշնակիցներին: Շուտով ամերիկացիները դիվանագիտական նոտա են հղում Մոսկվա, որում արտահայտում են իրենց կասկածները, թե ԽՍՀՄ-ը միջուկային զենք է տեղադրում Կուբայում: Սակայն ԽՍՀՄ ղեկավարությունը պաշտոնապես հերքում է այդ կասկածները:
Ինքը` Ֆիդել Կաստրոն, Կուբայի անվտանգության երաշխիքը կապում էր կղզում խորհրդային միջուկային մարտագլխիկների տեղադրման հետ և պահանջում էր Նիկիտա Խրուշչովից բացահայտ պայմանագիր կնքել և արագ տեղադրել բազաներն իր երկրում: Խրուշչովը, բնականաբար, դեմ էր բացահայտ հակաամերիկյան քաղաքականություն վարելուն:
Շուտով, սակայն, խորհրդային կողմի` գաղտնիությունն ապահովելուն ուղղված բոլոր միջոցառումներն ի չիք են դառնում. ամերիկյան հետախուզությունը կարողանում է հստակ տեղեկություններ ստանալ Կուբայի և ԽՍՀՄ-ի ռազմական ծրագրերի մասին: ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին արտակարգ խորհրդակցություն է հրավիրում ԱՄՆ ռազմական բոլոր կառույցների մասնակցությամբ: Մի քանի օր տևած խորհրդակցության ընթացքում քննարկվում են հետագա անելիքները և Կուբային առնչվող ռազմավարությունը: Պենտագոնի ներկայացուցիչներն արմատական գործողությունների կողմնակից էին և ԱՄՆ նախագահին առաջարկում են անմիջապես սկսել Կուբայի հրթիռակոծումն ու զինված ուժերին հրամայել կղզի ներխուժել: Ինքը` Քենեդին, դեմ էր կտրուկ միջոցներին ու այլ ելք էր որոնում: Այս առթիվ Քենեդին ասում է իր հայտնի դարձվածքը. «Եթե լսենք այս զինվորականների խորհուրդները, մեզնից ոչ ոք կենդանի չի մնա, որպեսզի հետագայում նրանց աչքը խոթի իրենց արածների հետևանքները»:
Ի վերջո, խորհրդակցության արդյունքում որոշում է ընդունվում՝ Կուբան ենթարկել ծովային շրջափակման: Պատերազմի վտանգն ահագնանում է: Ամերիկացիները Կուբայի շրջանում կենտրոնացնում են 183 ռազմանավ, 350 հազար զինվոր:
ՄԱԿ-ում և միջազգային այլ կառույցներում հակամարտող կողմերը քննարկումներ ու բանավեճեր են ծավալում: ԱՄՆ-ն պահանջում էր Կուբայի զինաթափում, ԽՍՀՄ-ը` Կուբայի շրջափակման վերացում:
Լարվածությունը հասավ գագաթնակետին, երբ խորհրդային մի ռազմանավ ճեղքեց շրջափակման օղակն ու մոտեցավ Կուբայի ափերին: Քենեդին դարձյալ հապաղեց ու հրամայեց չոչնչացնել նավը: Օգտվելով առիթից` շրջափակման օղակի միջով անցնում է նաև զինվորների և մասնագետների տեղափոխող մի այլ նավ: Քենեդին դարձյալ հրամայում է կրակ չբացել:
Շատ չանցած` Խրուշչովը հայտարարում է, որ ԽՍՀՄ-ը Կուբայում միջին հեռավորության միջուկային մարտագլխիկներ ունի: Լարվածությունն ավելի է մեծանում: ԱՄՆ-ում տենդագին նախապատրաստվում են պատերազմի: Բնակչությունը խուճապի մեջ է:
Հասնելով իր նպատակին` ԽՍՀՄ կառավարությունը հանդես է գալիս դիվանագիտական նոտայով. հայտարարում է, որ ԱՄՆ-ի դեմ առաջինն ուժ չի կիրառի, եթե ԱՄՆ-ն Կուբայի վրա չհարձակվելու երաշխիք տա: Խրուշչովը հայտարարում է նաև, որ ԽՍՀՄ-ը ՄԱԿ-ի հսկողությամբ Կուբայից դուրս կբերի միջուկային զենքը, եթե ԱՄՆ-ն նույնպիսի քայլ կատարի Թուրքիայի պարագայում:
ԽՍՀՄ-ի այս հայտարարությունը բավականին լիցքաթափեց ստեղծված իրավիճակը: Սակայն Կուբայում շարունակվում էր բազաների շինարարությունը: ԽՍՀՄ-ն այստեղ տեղակայել էր մոտ 50 հազար զինծառայող ու 42 մարտագլխիկ:
Սակայն, շուտով լարվածությունը կրկին մեծանում է, հասնում գագաթնակետին, երբ խորհրդային զինվորները խփում են ամերիկյան հետախուզական մի ինքնաթիռ: Պենտագոնի ղեկավարությունը պահանջում է նախագահ Քենեդուց անհապաղ պատասխան հարված հասցնել ու մարտական ակտիվ գործողություններ սկսել: Սակայն Քենեդին դարձյալ հեռատեսություն է ցուցաբերում ու նման հրաման չի արձակում: Ի վերջո, երկարատև բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են գալիս, և լարվածությունը չեզոքանում է: Կարիբյան ճգնաժամն անցնում է:
Պետք է խոստովանել ուրեմն, որ աշխարհն այս կործանարար պատերազմից խուսափեց միմիայն ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու կամային բարձր հատկանիշների և հեռատեսության շնորհիվ: Եթե Քենեդին կուլ գնար խորհրդային սադրանքներին, ո՞վ գիտի, թե այսօր ինչ կլիներ մեր մոլորակում…
Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
