Եկեղեցին հակադրվում է Եռաբլուրում ամփոփված ազատամարտիկների մայրերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | March 17, 2011 5:38

Երբ  անկախության 7-րդ տարեդարձի առթիվ հանդիսությամբ բացվեց Եռաբլուր տանող ճանապարհի հաղթակամարը, Վազգեն Սարգսյանը ներկաներին խոստացավ, որ երկու տարի անց պատրաստ կլինեն նաև մատուռն ու ամֆիթատրոնը:  Երկու տարի անց խոսքը գործ դարձավ. ամերիկահայ բարերարներ Հրաչ և Վիկտորյա Ոսկանյանների հովանավորությամբ կառուցվեցին  փամփշտաձև  Սբ Վարդանանց մատուռը և ամֆիթատրոնը: Գալիս են դպրոցականներ, նորապսակներ, ուսանողներ, սփյուռքահայեր, ծաղիկներ դնում, խնկարկում  հերոսների հիշատակը և մատուռում մոմ վառում:

Մատուռում միշտ մոմ եղել է, բայց երբեք չի վաճառվել: Դա ամենևին էլ չի նշանակել, որ այն անվճար է:  Հայերիս մեջ հավատալիք կա, որ եկեղեցում վառվող մոմի համար պետք է սեփական գրպանից վճարես: Ուստի ավանդույթ է դարձել` մոմ վերցրած քաղաքացին  համարժեք գումարը  հանգանակության արկղ է գցել:

Բայց ննջեցյալ ազատամարտիկների մայրերն ասում են, որ վեց ամիս է` այստեղ շատ բան է փոխվել: Սկսեցին մոմ վաճառել, մկրտասեղան դրվեց: Մկրտության և հոգեհանգստի  արարողություններն արդեն ավանդույթ դարձան: Հանվեցին  ազատամարտիկների լուսանկարները: Վերջինի հոգեհանգստի ժամանակ  տեղի ունեցած տհաճ միջադեպն էլ շատերին  հունից հանեց: Իրիկնամուտին  ազատամարտիկի շիրիմին այցելած մայրն ու դուստրը,  մատուռ մտնելով,  կարկամում են`այնտեղ դիակ տեսնելով (շրջակայքում մարդ չի եղել, որ գոնե զգուշացնի): Եթե վախի զգացում էլ չունենաս, փոքրիկ մատուռում այլևս անհնար է մոմ վառել, երբ այնտեղ հանգուցյալ է դրված:

Համբերության բաժակը լցվեց:  Շենգավիթի շրջանում ապրող մայրերը ՊՆ նախարարին ուղղված նամակ են պատրաստել` 71 ստորագրությամբ: Նրանք պահանջում են իրենց որդիների համար կառուցված մատուռը «չդարձնել առք ու վաճառքի, բիզնեսի կենտրոն»:

Պաշտպանության նախարարության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանն իմ հեռախոսազանգից հետո զանգահարել է վեհափառին: «Մատուռը պատկանում է Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմին: Թե  ինչ նպատակի  պետք է  ծառայի, ինչ ծառայություններ պետք է մատուցվեն այդ մատուռում, թեմի որոշելիք խնդիրն է»,- տեղեկացրել է վեհափառը:  «Մենք էլ ենք կարծում, որ մայրերն արդարացի են, որ մատուռը պետք է միայն Եռաբլուրին ծառայի, բայց դա  թեմի որոշելու խնդիրն է: Եթե մենք ընդվզենք, կնշանակի Հայ առաքելական եկեղեցու դավանանքին դեմ ենք»,- ասաց պրն  Ավետիսյանը:

Սբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր-Շմավոն քահանա Ղևոնդյանը պարզաբանեց, որ եթե նախկինում  մատուռում ծառայություն է մատուցել ՊՆ հոգևոր ծառայություն կատարողը, ապա հիմա, համաձայն Հայ առաքելական եկեղեցու կանոնակարգի, Արարատյան թեմի հոգևորականները, ու ընդվզողներին «բարի» խորհուրդ տվեց. «Բոլոր մայրերին մենք շատ սիրում և հարգում ենք, բայց թող այդ մատուռն այլևս իրենց սեփականությունը չհամարեն: Ճիշտ է, մատուռը կառուցվել է այդ սրբավայրում, բայց դա չի նշանակում, որ այն չպետք է ծառայի ողջերին, որովհետև մատուռը աղոթատեղի է, որտեղ կատարվում են ինչպես մկրտություններ, այնպես էլ հոգեհանգստյան արարողություններ: Թեմի առաջնորդի թույլտվությամբ` մատուռում  կարող են դրվել նաև հանգուցյալներ:  Եթե ինչ-որ մեկը մտել և զարհուրել է այնտեղ դրված հանգուցյալից, զարմանում եմ, թե ինչու պետք է վախենալ հանգուցյալից: Ճիշտ է, որ հանվել են լուսանկարները: Մոնթեն, ազատամարտիկները  սրբացված չեն: Նրանք եկեղեցու սրբերի շարքը չեն դասվում:  Ամեն ինչ օրինաչափ և օրինական եմ համարում, և ընդվզելու որևէ առիթ, մայրերին էլ ընդառաջելու խնդիր չեմ տեսնում: Ավելի լավ է քանդենք այն եկեղեցին, մատուռը, որտեղ արարողություն չի կատարվում: Դրանք աղոթատեղի են, և այնտեղ պետք է աղոթք կատարվի և՛ ողջերի, և՛ մեռածների համար:  Բավական է մարդիկ բիզնես բառն օգտագործեն եկեղեցու նկատմամբ, որը շատ ստորացուցիչ է առաջին հերթին այդ բառն օգտագործողների համար:  Եթե մկրտության համար մարդը վճարում է աշխատավարձ չունեցող քահանային, մի՞թե դա բիզնես է: Իսկ մոմավաճառությունը եկեղեցու միակ եկամուտն է, որի շնորհիվ հոգում են մատուռի բոլոր ծախսերը: Մինչ օրս կարգն այդպիսին է եղել, եթե վեհափառ հայրապետի կողմից արկղ դնելու կարգադրություն լինի, կարվի»:

Բողոքող մայրերն էլ կարծում են, որ աշխատավարձ չունեցող քահանան  կարող է իր արարողությունները կատարել հարևանությամբ գտնվող Սբ Երրորդություն եկեղեցում, որի բակում, հարակից տարածքներում օրվա բոլոր ժամերին հոգեորսությամբ են զբաղված «քույրիկները»: Մտածում են, թե ինչպես վարվել մեր ավերակ եկեղեցիների պարագայում, որոնք տասնամյակներ շարունակ եկեղեցական արարողակարգի երես չեն տեսել ու սպասում են իրենց հերթին: Քանդե՞լ:

Բանաստեղծ Մետաքսեն հավատացած է, որ կյանքում ամեն տեսակ բացառություններ լինում են: Պետք է զիջումների գնալ, որպեսզի ոչ միայն մենք, այլև ննջեցյալ տղաներն էլ հանգիստ լինեն: Նրանք իրենց կյանքն են տվել,  ի՞նչ է, մի բացառության չարժե՞ն: Մատուռը   նրա համար է, որ հարազատները գան, մոմ վառեն, արցունք թափեն ու հանգստանան: Եռաբլուրում սրբացած մարդիկ են ննջում: Մատուռում կանգնելու տեղ չկա,հետևաբար պետք է հասկանալ, որ այն հասարակական սպասարկման վայր դարձնելը սխալ է:

«Շատ քիչ սրբություն է մնացել, այդ մեկն էլ ոտնահարե՞նք: Անկարելի է»,- զարմացած ու զայրացած ասաց ազատամարտիկ, «Կարին» ազգագրական համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը: Նրա կածիքով` մատուռում  արարողություն կատարելու իրավունքը պետք է կապված լինի միայն ու միայն Եռաբլուրի հետ: «Եթե Եռաբլուրում թաղվածի որդին, դուստրը, հարազատը ցանկանում են այստեղ մկրտվել, պսակվել, հոգ չէ, դրանով նրանք իրենց ծնողի, հարազատի հոգևոր կապը, ներկայությունն են ապահովում,- ասում է Մարտակերտի Չլդրան գյուղի մատույցներում թշնամու երկու տանկ խփած ազատամարտիկն ու մի հռետորական հարց տալիս:- Ո՞ւր էին մեր հոգևոր դասի ներկայացուցիչները պատերազմի ժամանակ, բացառությամբ Վազգեն Առաջինի և մի քանի տղաների: Եթե ընդունում ենք, որ կաթողիկոսը ազգի հոգևոր հայրն է, ապա ամեն պահի պետք է ժողովրդի կողքին լինի, խորհուրդ տա` ինչպես վարվել օրհասական պահին: Մայրերն իրավացի են: Քանի որ Եռաբլուրի մասին ձայն  բարձրացնելու առիթ եղավ, ասեմ. ազգային ամոթ է, որ մի ջիփի գին արժեցող թանգարանը դեռ չի կառուցվել, որտեղ մայրը կգտներ իր որդու հետ կապված իրը»:

Նախարարությունն ասես երկու քարի արանքում է հայտնվել. մի կողմից` չի ուզում նեղացնել մայրերին` համարելով, որ նրանք իրավացի են, մյուս կողմից` չի ցականում նեղացնել եկեղեցուն, որի դաշտում է գտնվում խնդրի լուծման բանալին:

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

Դիտվել է 2522 անգամ:
Print Friendly

Leave a Reply