«Ազգ» օրաթերթն՝ ընդդեմ ազգային կերակրատեսակի
ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | Անի Գասպարյան | March 16, 2011 4:35
«Ազգ» օրաթերթի 2011 թ. փետրվարի 24-ի համարում տպագրվել էր թերթի թղթակից Ինգա Պետրոսյանի հարցազրույցը «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ, խոհարար Սեդրակ Մամուլյանի հետ:
Զրույցի ժամանակ խոհարարը, ներկայացնելով տոլմա բառի իմաստը, նշել էր, թե այն զուտ հայկական կերակրատեսակ է. բառը ծագել է հայերեն տոլի բառից, որ նշանակում է խաղողի վազ, իսկ տոլմա նշանակում է խաղողածին: Խոհարարը նաև նշել էր, որ թուրքերը, մի տառը խեղելով ու հայկական կերակրատեսակն անվանելով դոլմա, փորձում են այն դարձնել իրենցը՝ բացատրելով, իբր դլմսի թուրքերեն նշանակում է լցոնած, իսկ դոլման լցոնած ուտեստ է:
Չնայած հոդվածում շատ լավ ներկայացված էր խոհարարի արտահայտած մտքերը ազգային խոհանոցի, կերակրատեսակների պահպանման ու զարգացման կարևորության վերաբերյալ, սակայն նյութի վերջում խմբագրության կողմից փոքրիկ հավելում էր արված, որ ոչ միայն զարմացրել, այլև զայրացրել էր խոհարարին ու նրա կազմակերպությանը:
«Համաձայն չենք մեր հարգարժան խոհարարի հետ դոլմա անվան ծագումնաբանության հարցում. այս ճաշատեսակը արևելյան միջերկրականյան է` իր բազմաթիվ տարատեսակներով, բայց ընդհանուր` թուրքերեն անվանմամբ»,- գրել էր «Ազգը»:
Ըստ Մամուլյանի, «Ազգի» գործելաոճը ոչ միայն խանգարում է իրենց գործունեությանը, այլև ջուր է լցնում թուրքերի ջրաղացին. «Արդեն 15 տարի է՝ ինտերնետային բանավեճի մեջ եմ ադրբեջանցիների և թուրքերի հետ՝ թե՛ տոլմայի, թե՛ ազգային այլ կերակրատեսակների պատկանելության շուրջ,-ասում է նա,-իսկ նման հրապարակումները ոչ միայն մեր ջանքերն են ջուրը գցում, այլև զենք են դառնում թուրքերի ձեռքին՝ կրկնելու այն խոսքերը, որ ինձ հաճախ ասում են . «Դե եթե դուք եկվոր եք, ի՞նչ ազգային խոհանոցի մասին է խոսքը»:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի խորհրդի քարտուղար Վահե Անթանեսյանը «Ազգի» հրապարակումից հետո նամակ էր հղել թերթի խմբագրությանը՝ նշելով, որ իրենք խմբագրության կողմից արված հավելումը համարում են ոչ մասնագիտական ու կամայական մոտեցում խնդրին:
Անթանեսյանի նամակի ներքո «Ազգը» ներկայացրել էր իր պատասխանը, որում կրկին փաստարկներ բերելով տոլմա բառի թուրքական ծագումնաբանության վերաբերյալ` նշել էր, թե ճաշատեսակը հենց այդ անվամբ ծանոթ է նաև Անատոլիայի, Պոնտոսի, Կիպրոսի և Հունաստանի տարածքներում: Այս ամենը բացատրելով իբրև ազգային սնապարծության դրսևորում` «Ազգը» խորհուրդ էր տվել տոլմայի տարատեսակներից որոշել մեզ համար ամենահարազատը և անունը դնել «հայկական տոլմա»:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» հասարակական կազմակերպությունը, որ 2007-ից զբաղվում է նաև բանահավաքությամբ, իր գործի մեջ ներառել է ոչ միայն մոռացված բաղադրատոմսերի, այլև խոհանոցին առնչվող երգերի, ծեսերի վերհանման ու գրառման աշխատանքներ: Արագածոտնի 3 գյուղերում արդեն բանահավաքությունն իրականացել է, սակայն կազմակերպությունը պատրաստվում է ծրագրի մեջ ընդգրկել ողջ Հայաստանը: «Մենք գնում ենք գյուղեր, տեսնում գործիքները, հասկանում, թե ինչ են պատրաստել այդ գործիքներով, ինչպես են պատրաստել և այլն»,- ասում է Մամուլյանը:
Նա ցավով է հիշում, թե ինչպես մի լիբանանցի սփյուռքահայ փորձում էր իրեն ապացուցել, որ հարիսան ոչ թե հայկական ճաշատեսակ է, այլ արաբական: «Սակայն աշխարհին է հայտնի, որ ձավարը հայկական մթերք է, այն ստացել են հայերը՝ սանդի միջոցով, հետևաբար ձավարից պատրաստվող ուտեստներն ունեն հայկական ծագում»,-ասում է խոհարարը:
Մամուլյանն իր ասածը հիմնավորելու նպատակով մեջբերում է ռուս միջազգայնագետ, պատմաբան Պոխլեպկինի խոսքերը 2008 թ. հրատարակված իր «Խոհարարական արվեստի հանրագիտարան» գրքում. «Ձավարեղենի նախնական մշակմամբ զբաղվել են բացառապես հայերը»: Իսկ խորհրդային տարիներին հրատարակված իր մեկ այլ գրքում Պոխլեպկին գրել է. «Տարածաշրջանի ազգային խոհանոցների հիմքը հայկական խոհանոցն է… Կավեղեն սպասքի մեջ պատրաստվող բոլոր կերակրատեսակներն ունեն հայկական ծագում»:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը ունի ևս մի կարևոր նպատակ՝ վերականգնել ազգային սննդահամակարգը: Այդ գործին աջակցելու նպատակով Մամուլյանը կոչ է անում բոլորին աջակցել իրենց, «իսկ եթե չեն կարող օգնել, գոնե թող չխանգարեն»:






Facebook
Tweet This
Email This Post
