Ինչպե՞ս վարվել ձերբակալության դեպքում: Քանի՞ օր կարող է այն տևել

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | March 20, 2011 13:32

Ձերբակալումը դատավարական հարկադրանքի տեսակ է: Դրա սահմանումը տրված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, որի 128-րդ հոդվածի համաձայն` «ձերբակալումը անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով նրան արգելանքի վերցնելն է, հետաքննության կամ վարույթ իրականացնող մարմին բերելը, համապատասխան արձանագրություն կազմելը և այդ մասին նրան հայտարարելը՝ օրենքով որոշված վայրերում ու պայմաններում արգելանքի տակ կարճաժամկետ պահելու համար»:

Ձերբակալել կարելի է միայն`

1) անձին, որը կասկածվում է այնպիսի հանցագործության մեջ, որի կատարման համար կարող է նշանակվել պատիժ` կարգապահական գումարտակում պահելու, կալանքի, որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձևով.

2) կիրառված խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալին:

Ձերբակալումը կատարվում է`

1) հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա.

2) քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա:

Կասկածյալի նկատմամբ ձերբակալման որոշում կարող են ընդունել միայն հետաքննության մարմինը, քննիչը և դատախազը:

Ձերբակալման համար անհրաժեշտ են օբյեկտիվ հիմքեր:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի` «հանցանք կատարելու մեջ կասկածվող անձը կարող է ձերբակալվել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի կողմից հետևյալ հիմքերից յուրաքանչյուրի առկայության դեպքում, եթե`

1) նա բռնվել է քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո.

2) ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին որպես քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարողի.

3) տվյալ անձի կամ նրա հագուստի վրա, նրա կողմից օգտագործվող այլ իրերի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում կամ տրանսպորտային միջոցում հայտնաբերվել են քրեական օրենքով չթույլատրված արարքի կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր.

4) կան այլ հիմքեր հանցանքի կատարման մեջ կասկածելու անձին, որը դեպքի վայրից կամ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ է կատարել կամ չունի բնակության մշտական վայր կամ բնակվում է այլ տեղանքում, կամ որի անձնավորությունը պարզված չէ:

ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «եթե ձերբակալված անձը ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման»:

Հարկ է նկատել, որ նույնաբովանդակ դրույթ ամրագրված է նաև ՀՀ քր. դատ. օրենսգրքում, որի 128-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով ձերբակալումը չի կարող տևել արգելանքի վերցնելու պահից 72 ժամից ավելի: Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով ձերբակալվածին արգելանքի վերցնելու պահից 72 ժամվա ընթացքում պետք է մեղադրանք առաջադրվի: Կասկածյալին նշված ժամկետում կարող է մեղադրանք չառաջադրվել, եթե նա արգելանքի վերցվելու պահից 72 ժամվա ընթացքում իր նկատմամբ անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց կիրառելու կամ խափանման միջոց չընտրելու հետևանքով ազատվել է արգելանքից»:

Սահմանված կարգով ձերբակալված անձին արգելանքի և կալանավորված անձին կալանքի տակ պահելու ընդհանուր սկզբունքները, պայմանները և կարգը, ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքները, դրանց ապահովման երաշխիքները, նրանց պարտականությունները, ինչպես նաև արգելանքից և կալանքից ազատելու կարգը սահմանվում են «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքով, որի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «ձերբակալվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կազմված ձերբակալման արձանագրությունը կամ ձերբակալման մասին քրեական հետապնդման մարմնի որոշումն է»:

Ձերբակալվածներին վերաբերող որոշակի հարաբերություններ կարգավորվում են նաև «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով, որի 5-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Ոստիկանությունը պարտավոր է ձերբակալված անձանց իրական հնարավորություն ընձեռել օգտվելու իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից, ոստիկանություն բերելու պահից սկսած՝ երեք ժամվա ընթացքում, տեղյակ պահել ձերբակալվածի կողմից նշած անձանց, իսկ նրանց բացակայության դեպքում` աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմին՝ նրանց գտնվելու վայրի մասին: Անհրաժեշտության դեպքում միջոցներ են ձեռնարկվում նրանց բժշկական և (կամ) այլ օգնություն ցույց տալու, ինչպես նաև ձերբակալման կապակցությամբ անձի կամ նրա ընտանիքի անդամների կյանքին, առողջությանը, գույքին սպառնացող վտանգը վերացնելու ուղղությամբ»:

Ավետիք Հարությունյան

Դիտվել է 1923 անգամ:
Print Friendly

Leave a Reply