Գյումրիում ռուս զինվորներին ավտովթարի ենթարկած մեքենայի ու վարորդի մասին պաշտոնական տեղեկություններ դեռևս չկան

Օրվա լուր | | August 10, 2009 19:06

Լուսանկարը`«news.ru» կայքիցՕգոստոսի 6-ին` ժամը 22.55-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Մարմարաշեն ճանապարհին վրաերթի է ենթարկել ռուս զինծառայողներ` 1987 թ. ծնված Դենիս Կ.-ին, 1986 թ. ծնված Ռոման Մոսինին, 1988 թ. ծնված Ալեքսանդր Ֆ.-ին, 1990 թ. ծնված Կիրիլ Մ.-ին, 1987 թ. ծնված Պավել Կ.-ին և 1989 թ. ծնված Ռոման Օ.-ին:

23-ամյա Մոսինը տեղում մահացել է, իսկ մյուսները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Տեղեկություններ կան, որ վիրավոր զինծառայողներից ևս երկուսն են մահացել, ինչը, սակայն, դեռ չի հաստատվել:

Կատարվում է հետաքննություն հարուցված քրեական գործի շրջանակում: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից «Անկախ»-ին ասացին, որ դեռևս որևէ մեկին դեպքի հետ կապված չեն ձերբակալել:

«News.ru» կայքի հաղորդմամբ` ավտոմեքենան ընթացել է մեծ արագությամբ, որի պատճառով տեղի է ունեցել վթարը. վարորդը հեռացել է պատահարի վայրից` առանց տուժածներին օգնություն ցուցաբերելու:

Ռուս զինծառայողները ծառայություն էին անցնում Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական հենակայանում, իսկ միջադեպի պահին վերադառնալիս են եղել զորամաս:

Ռուսական կողմի պատասխանատուներից դեպքի առնչությամբ չհաջողվեց ստանալ մեկնաբանություններ:

Դեպքը, ըստ Գյումրիից ստացված լուրերի, տեղի է ուցել Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ: Հայաստանում ՌԴ դեսպանատնից «Անկախ»-ին ասացին, որ այդ հարցն իրենց իրավասության տակ չէ, և որևէ բան ասել չեն կարող:

Իսկ հյուպատոսարանից ասացին, որ հարկավոր է զանգահարել ռուսական սահմանապահ զորքեր, քանի որ սահմանապահ զորքերն անկախ կառույց է:

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սեյրան
Շահսուվարյանը ևս ասաց, որ որևէ մանրամասնության չի տիրապետում և որ այդ մասին պետք է ճշտումներ անել ռուսական կողմից:

ՀՀ-ում Ռուսաստանի սահմնապահ զորքերի վարչությունից ասացին, որ հարկավոր է զանգահարել Ռուսասատանի զինված ուժեր, որտեղ «Անկախ»-ին ասացին, որ իրենք միայն կարող են տալ հասարակայնության հետ կապերի բաժնի հեռախոսահամարը: Իսկ բաժնում պատասխանող չեղավ:

Ռուսական ԶԼՄ-ներն արդեն թմբկահարում են, թե ռուս զինծառայողներին ՀՀ-ում լավ չեն պահում և դժգոհություններ են հայտնում:

Գյումրիում վարկած կա(որը ճշտված չէ ), որ վթարը կազմակերպված է եղել. այն կապում են վրաց-օսական հակամարտության հետ. օգոստոսի 8-ին լրանում էր վրաց-օսական բախման մեկ տարին:

Դիտվել է 1357 անգամ:
Print Friendly

Leave a Reply