Նկարահանվում է Հայաստանի մասին պատմող ֆիլմաշար
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | March 15, 2011 14:19
Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակի կապակցությամբ նկարահանվում է «Վերածնունդ» խորագրով ֆիլմաշար: Այն ներկայացնելու է նոր ժամանակներում վերածնվող Հայաստանի բոլոր քաղաքները` նրանց երեկվա, այսօրվա եւ վաղվա օրվա մտորումներով: Նկարահանումներն իրականացնում է Գյումրիի «Վան» հեռուստաստուդիան` «ԱրմենՏել» ընկերության ֆինանսական աջակցությամբ:
«Վերածնունդ» ֆիլմաշարը բաղկացած է լինելու 12 մասից, որոնցից առաջինը նվիրվելու է Հայաստանին, իսկ մյուսները` Երեւանին եւ հանրապետության 10 մարզերին: Ֆիլմաշարը Հայաստանի Հանրապետությունում եւ Սփյուռքում բնակվող ողջ հայության համար մի յուրահատուկ ուղեցույց կլինի ճանաչելու եւ գնահատելու Հայաստանի դարավոր պատմությունը, հաղթանակած ներկան ու հույսերով ու լավատեսական սպասումներով լի ապագան:
«Վերածնունդ»-ի նկարահանումներն ավարտվել են Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի եւ Սյունիքի մարզերում: Նկարահանվել են այս մարզերի բոլոր քաղաքները, կարեւոր պատմական նշանակություն ունեցող վայրերը:
Նկարահանումներ են տեղի ունեցել նաեւ Արեւմտյան Հայաստանի Անի, Կարս, Վան, Սարիղամիշ, Բասեն, Էրզրում, Մուշ, Բիթլիս, Իգդիր, Բայազեթ, Արճեշ քաղաքներում: Նկարահանող խումբը շուտով կվերսկսի նկարահանումները մնացած 4 մարզերում` Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, ինչպես նաեւ մայրաքաղաք Երեւանում:






Facebook
Tweet This
Email This Post
