Պետք է ուսումնասիրել և հասկանալ բնակիչներին հուզող խնդիրները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 15, 2011 10:52

Մայրաքաղաքի բնակիչներին հուզող խնդիրներին տեղյակ լինելու և կարիքները հասկանալու համար անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել և համապատասխան վերլուծություն կատարել, առաջարկել է  Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Այս կերպ  բնակչին հուզող ցանկացած խնդիր արդեն հասցեական կլինի, և ավելի արդյունավետ ու արագ լուծումներ կգտնվեն, նկատել է քաղաքապետը:

Անդրադառնալով մայրաքաղաքային տնտեսության մեջ հնարավորին շատ ներդրումային միջոցների ներգրավմանը` Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ քաղաքապետարանը  պատրաստ է ընդառաջել մայրաքաղաքի զարգացմանն առնչվող բոլոր առաջարկություններին ու նախաձեռնություններին` հավելելով, որ մասնավոր հատվածի հետ համագործակցություն կհաստատվի  բիզնես հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:  Այս առումով քաղաքապետը հանձնարարել է մշակել և պոտենցիալ ներդրողներին ներկայացնել համապատասխան ներդրումային առաջարկներ:

Քաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում քաղաքապետը հատուկ ուշադրություն է հրավիրել գլխավոր մայրուղիների, կամուրջների, ինչպես նաև շենքային համալիրների արտաքին գեղարվեստական լուսավորման և կանաչապատման խնդիրներին: Հանձնարարվել է ներկայացնել համապատասխան լուծումներ և առաջարկներ:

Եվս մեկ անգամ անդրադարձ է եղել շինհրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ նորմերն ու ժամկետները խախտած կառուցապատողներին:

Քաղաքապետի հանձնարարությամբ` այն կառուցապատողները, ովքեր սահմանված կարգով և սահմանված ժամկետում չեն արձագանքել քաղաքապետարանի կողմից ներկայացված նախազգուշացմանը, ապա քաղաքապետարանը կդիմի օրենքով սահմանված միջոցների` դատական կարգով հարցը լուծելու համար:

Կդադարեցվեն և համապատասխան տույժեր կկիրառվեն նաև վարձակալության պայմանագրեր կնքած այն տնտեսվարողների նկատմամբ, ովքեր չեն ապահովում իրենց տարածքների հարակից հատվածների բարեկարգման և կանաչապատման համար սահմանված պարտադիր նորմն ու պայմանագրային պարտավորությունները:

Անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտի կառավարման խնդիրներին` Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանի տրանսպորտային քաղաքականության հեռանկարը Երևանի երթևեկությունը միջին տեղատարողության ավտոբուսներով կազմակերպելն է: Այս հարցում ևս քաղաքապետը հանձնարարել է լինել հետևողական և շարունակել դաշտում ներգրավված տնտեսվարողների իրազեկման գործընթացը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ հանձնարարվել է աշխատանքները համակարգել և կազմակերպել  նաև համաքաղաքային գարնանային ծառատունկի հետ կապված:
Քաղաքապետը հանձնարարել է նաև ուսումնասիրել «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության կողմից ներկայացված փաստաթղթային փաթեթները։

Դիտվել է 1344 անգամ:
Print Friendly

Leave a Reply