Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 14, 2011 20:48

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին, որի ընթացքում, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հաշվետվություն է ներկայացրել  ՀՀ-ում հանցավորության դեմ տարվող պայքարի և հասարակական կարգի ապահովման վիճակի մասին, իսկ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը զեկուցել է ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011թթ. բարեփոխումների ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի մասին:

Ներկայացված հաշվետվությունների կապակցությամբ Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բարեփոխումների տեմպին, իրականացվող քայլերի արագությանը և, անշուշտ, շոշափելի արդյունքների ձեռքբերմանը: «Բավականաչափ աշխատանք է կատարված իրավական, նորմատիվ դաշտի կատարելագործման ուղղությամբ, բայց ժամանակն է արդեն տեսանելի լուրջ արդյունքներ ունենալ գործնական հարթությունում, կյանքում, որպեսզի և՛ մենք տեսնենք, և՛ դուք տեսնեք, և՛ մեր հասարակությունը տեսնի:

Ես պատրաստվում եմ շատ ավելի ակտիվորեն մասնակցել ոստիկանական համակարգի փոփոխությունների գործընթացին: Պատրաստվում եմ ամենօրյա ռեժիմով աջակցել փոփոխություններին խոչընդոտող խնդիրների լուծմանը, սատարել դրական զարգացումներին, կանգնել սրտացավ գործող ոստիկանի կողքին, օժանդակել պրոֆեսիոնալ և գործին նվիրված կադրերի առաջխաղացմանը: Միասին մենք ավելի ակտիվ գործելու ենք նոր հնարավորությունների ստեղծման, միջոցների հայթայթման, տեխնիկական հագեցվածության բարձրացման, պրոֆեսիոնալ խմբերի ավելի արագ կայացման և այլ ուղղություններով»,-նշել է Նախագահը:

Դիտվել է 1810 անգամ:
Print Friendly

Leave a Reply