Հրաժարական կտան հանձնարարականները չկատարելու դեպքում

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | March 14, 2011 16:28

«Նախագահի հանձնարարականները ենթական են կատարման, ոչ թե քննարկման: Դրանց կատարման համար  պատասխանատու ենք մեր աշխատատեղերով,- ասաց այսօր Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը` անդրադառնալով Ծաղկաձորում Սերժ Սարգսյանի «ՀՀ գյուղատնտեսության զարգացման 2011 թվականի ծրագրերը և հիմնախնդիրները» խորհրդաժողովի ժամանակ տված հանձնարարականներին:-Եթե չկարողանանք ապահովել հանձնարարականի կատարումը, բոլորս հրաժարական կտանք: Հույս ունեմ, որ կկատարենք»:

Մանուչարյանը նշում է, որ այսուհետ նախարարության բոլոր մասնագետները շաբաթվա ընթացքում գոնե մեկ անգամ պետք է գյուղական որևէ համայնք այցելեն, որպեսզի վեր հանեն խնդիրները, կառավարության ուշադրությունը հրավիրեն դրանց վրա:

Նրա խոսքով` լուծվել է գարու և եգիպտացորենի սերմնացուի խնդիրը. հանրապետությունում տարեկան օգտագործվում է 90-95 տոննա եգիպտացորենի սերմնացու: Կառավարության որոշմամբ արդեն իսկ ներկրվում է 63 տոննա եգիպտացորենի սերմնացու, որը հանրապետության պահանջարկի 70 տոկոսն է կազմում:

Պետք է ներկրվի նաև 2025 տոննա գարնանացան գարի, որը կբաժանվի 3 հազար քմ տարածք և ավել հողատարածք ունեցող տնտեսություննեներին, որոնք կամ անապահով են, կամ մեկ տարուց ավել տվյալ տարածքում ոչինչ չեն մշակվել: «Կառավարության այդ քայլը նպատակ ունի հետ բերել անմշակ  մնացած հողերը,- ասում է Մանուչարյանը:- Այսպես ցանքատարածությունները կավելանան, կավելանա նաև համախառն բերքը»:

Հանրապետությունում տվյալ պահին, ըստ Մանուչարյանի, կա կարտոֆիլի տնկանյութի խնդիր: Որպես խնդրի լուծում Մանուչարյանն առաջարկում է, որ մատչելի և երկարաժամկետ գյուղացիական վարկեր տրամադրվեն կարտոֆիլի տնկանյութ ներկրել  ցանկացող տնտեսություններին:

Որպես գյուղատնտեսության ոլորտում առկա կարևոր խնդիր Մանուչարյանը նշում է կրծողների մեծ քանակը և պատճառած վնասը: Նա նշում է, որ անցած տարի 17 տոննա թունանյութ է հատկացվել գյուղացիական տնտեսություններին` կրծողների դեմ պայքարելու համար, նախարարությունն էլ պայքար է իրականացրել արոտավայրերում և խոտհարքերում:

Մանուչարյանը նշում է, հանրապետությունում կա 448 500 հա վարելահող, 127 հազար հա խոտհարքներ, 1 մլն-ից ավել արոտավայրեր,  388 հազար հա  գյուղացիական նշանակության հողեր և  կազմակերպված աշխատանքը չի կարող արդյունավետ լինել, քանի որ ընդամենը 5-10 տոկոսով են կարողանում պայքարել դրանց դեմ. «Կրծողներն այնքան արագ են բազմանում, որ մեր պայքարից առաջ են անցնում»:

Կրծողների տարածվածության պատճառներից Մանուչարյանը մատնանշում է նաև ցրտավար չիրականացնելը. ԽՄ տարիներին ուշ աշնանը` բերքահավաքից հետո, երբ կրծողներն իրենց սնունդն արդեն կուտակել էին բներում, 25-30 սմ խորությամբ հողը վարվում էր:  Դա զրկում էր կրծողներից բնից և ձմեռվա պաշարից և ապահովում էր դրանց դեմ պայքարի արդյունավետության 50-60 տոկոսը:  Մինչդեռ հիմա գյուղացիական տնտեսությունները ֆինանսական խնդիրների պատճառով ցրտավար  չեն  իրականացնում:

Անդրադառնալով ցանքատարածությունների կրճատման խնդրին` Մանուչարյանն ասում է, որ անցած տարի անմշակ է մնացել վարելահողերի 40 տոկոսից ավելին:

Նրա խոսքով` պատճառները տարբեր են. որոշ հողեր սահմանամերձ գոտում են, կան  ականապատված տարածքներ, աղակալած կամ ճահճացած հողեր, որոշ տարածքներ բնակավայրերից շատ հեռու են գտնվում, կամ ոռոգման համակարգն այլևս չի գործում:

«Հիմնականում չեն մշակվում նախալեռնային և լեռնային գոտիներում գտնվող հողերը, որտեղ կարելի է միայն հացահատիկ մշակել: Հացահատիկն այսօր ամենաքիչ եկամտաբերություն ապահովող մշակաբույսերից է, ինչի պատճառով էլ  հողերն անմշակ են մնում»,- ասում է Մանուչարյանը` հավելելով, որ  1-2 տարի անմշակ մնալով  հողը կորցնում է իր ֆիզիկական հատկանիշները, վերածվում արոտավայրի:

Մանուչարյանը կանխատեսում է, որ այս տարի ձեռնարկվող միջոցառումների և բարենպաստ եղանակի շնորհիվ  հնարավոր կլինի վերականգնել գյուղատնտեսության ոլորտում  անցած տարվա 14 տոկոս անկումը և նույնիսկ 5 տոկոս էլ աճ գրանցել:  Հնարավոր է նաև գների նվազում, եթե չլինեն խանգարող գործոններ. «Օրինակ, ՄԱԿ-ի հայտարարությունները, թե աշխարհին սով է սպառնում, ազդակ են գների բարձրացման համար»:

Դիտվել է 1367 անգամ:
Print Friendly

Leave a Reply