Միջազգային հանրությունը պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ

Պաշտոնական, Օրվա լուր | | March 14, 2011 10:45

ԼՂՀ ԱԳՆ-ն և ՊՆ-ն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ դատապարտում են Ադրբեջանի պրովոկացիոն քաղաքականությունը: Հայտարարությունում նշվում է, որ Ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը շարունակում է թեժացնել իրավիճակը սահմանային Օրթա Քարվենդ գյուղում ադրբեջանցի երեխայի մահվան հետ կապված` ինտենսիվ կերպով կեղծ մեղադրանքներ շրջանառելով ղարաբաղյան կողմի հասցեին:

Տեղի ունեցածն ուշադիր ուսումնասիրելու դեպքում կարելի է մի շարք փաստեր ի հայտ բերել, որոնք պաշտոնական Բաքվի մեղադրանքների կեղծ լինելու մասին են վկայում:

Մարտի 10-ին ԵԱՀԿ առաքելության կողմից նշված վայրում դիտարկում անցկացնելու ժամանակ ղարաբաղյան կողմը դիտարկման խմբի անդամների ուշադրությունը հրավիրել էր հետևյալի վրա.

1.ԼՂՀ պաշտպանության բանակի առաջնային դիրքերից մինչև Օրթա Քարվենդ գյուղն ընկած հեռավորությունը կազմում է 1400-1500 մետր, այսինքն, տվյալ դեպքում անհնար է, որ ՍՎԴ դիպուկահար հրացանից նշանառու կրակով արձակված գնդակը հասներ թիրախին:

2.Նշված հատվածի ռելիեֆը թույլ չի տալիս ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դեպի հակառակորդի կողմը նշանառու կրակ բացել, քանի որ վերջինս ունի բարձր դիրքային առավելություններ:

3.Հավաստի աղբյուրների համաձայն, Օրթա Քարվենդից ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերն առավել դիպուկ գնդակոծելու նպատակով ադրբեջանցի զինծառայողները բարձրանում են տների տանիքները: Հենց այն տների, որոնց բակերում <<երեխաներ են խաղում>>:

4.Սովորաբար սահմանային գոտու գյուղերում մարդիկ բնակություն են հաստատում ոչ թե առաջնային, այլ միջին կամ ետին գոտում ` բնակավայրի առավել պաշտպանված մասում: Իսկ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրություններից դատելով` Օրթա Քարվենդում ամեն ինչ ճիշտ հակառակն է, և բակերը, որտեղ <<երեխաներ են խաղում>>, չգիտես ինչու առաջնային գծին հնարավորինս ավելի մոտ են տեղակայված:

5.Անգամ եթե այդ երեխան գնդակից է մահացել, ապա դեռ պետք է ապացուցել, թե ով և որ կողմից է կրակել: Չի բացառվում, որ հնարավոր է` Ֆարիզ Բադալովը դարձել է Օրթա Քարվենդ և Շխլար գյուղերի միջև գտնվող ադրբեջանցի դիրքապահների կողմից արձակված կրակի զոհը:

6.Չի բացառվում նաև, որ հնարավոր է` երեխան մահացել է չպայթած զինամթերքի հետ անզգույշ վարվելու արդյունքում, ինչը հաճախ է պատահում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծի երկու կողմերում էլ:

7.Եթե կրակոցը արձակվել է ոչ թե ուղիղ նշանակետին, այլև բարձր անկյան տակ, ապա տվյալ դեպքում սովորական հրազենից արձակված գնդակը չէր կարող այդքան հեռու հասնել: Նման հեռավորության վրա կարող են կրակել միայն խոշոր տրամաչափի գնդացիրները: Սակայն, ինչպես նշվում է ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրություններում, երեխան մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Եթե կրակեին խոշոր տրամաչափի զենքից, ապա երեխայի գլուխը պարզապես ցրիվ կտար:

Ցավոք, Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը չի խորշում և ոչ մի մեթոդից` շահարկելով անգամ երեխաների կյանքն ու մահը: Հայկական կողմերի համար խորթ են Ադրբեջանի կողմից կիրառվող ֆաշիստական մեթոդները` երեխաներին, քնած մարդկանց, գերիներին սպանելը, դիվերսանտներին ու ահաբեկիչներին ազգային հերոսներ դարձնելը և այլն:

Ամեն անգամ պետությունների ղեկավարների հանդիպումներից հետո կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցից առաջ, ադրբեջանական քարոզչամեքենան թեժացնում է լարվածությունը շփման գծում: Հերթական օրինակ է դարձել ս.թ. մարտի 10-ին ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով ԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Արթուր Աղաբաբյանի մահը: Ընդ որում միջադեպը տեղի է ունեցել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ դիտարկումից համարյա անմիջապես հետո: Դա վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների` մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտում է: Այն ժամանակ, երբ միջնորդները, հայկական կողմերի նախաձեռնությամբ, հերթական անգամ առաջարկում են առաջնային գծից հեռացնել դիպուկահարներին, պաշտոնական Բաքուն ոչ միայն ուղեփակում է վերոնաշյալ նախաձեռնությունը, այլև սաստկացնում է դիպուկահարային պատերազմը և իր սադրիչ գործողություններով զրոյի է հասցնում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը:

Համաշխարհային հասարակայնությունը պետք է խստագույնս դատապարտի Ադրբեջանի ղեկավարության նման գործողությունները և նրա դեմ համապատասխան պատժամիջոցներ կիրառի:

Դիտվել է 1356 անգամ:
Print Friendly

Leave a Reply