Դեսպան Աշոտ Քոչարյանի հանդիպումները Լիբանանում

Պաշտոնական, Օրվա լուր | | March 12, 2011 17:55

Մարտի 10-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի կրթության եւ բարձրագույն կրթության գործող նախարար Հասան Մնեյմնեհի հետ: Քննարկվել են կրթական բնագավառում երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներին առնչվող խնդիրներ: Կարեւորվել է կրթաթոշակների տրամադրման, ուսանողների փոխանակման, կրթական ծրագրերում փոխադարձ աջակցության անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել անդրադառնալ կոնկրետ առաջարկներին Լիբանանում նոր կառավարության ձեւավորումից հետո:

Մարտի 11-ին դեսպան Քոչարյանը հանդիպում է ունեցել Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համմադի հետ: Նշվել է Երեւան եւ Բեյրութ քույր քաղաքների համագործակցության ամրապնդման եւ գործընկերության հետագա ընդլայնման կարեւորությունը: Ուրվագծվել են համագործակցության հեռանկարանային ոլորտները: Ընդգծվել է երկու երկրների մայրաքաղաքների քաղաքապետերի եւ քաղաքապետարանների պատվիրակությունների փոխայցելությունների իրականացման անհրաժեշտությունը: Բիլալ Համմադին փոխանցվել է Երեւանի քաղաքապետի նամակը:

Նույն օրը դեսպան Քոչարյանը այցելել է Հայկազյան համալսարան, ուր հանդիպել է համալսարանի նախագահ դոկտոր Փոլ Հայդոստյանի հետ, ինչպես նաեւ մասնակցել է VivaCell MTS ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի դասախոսությանը, որը նվիրված էր կառավարման մշակույթին եւ հաջողության առանցքային գործոններին:

Դիտվել է 3979 անգամ:
Print Friendly

Leave a Reply