“Սայլի տեղ, սայլապանն է ճռռում”. “Ժառանգություն”-ը պահանջում է ցուցադրել ամբողջական տեսանյութը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 12, 2011 17:40
“Ժառանգություն” խմբակցության մամուլի ծառայությունը տարածել է ՀՀ ԱԺ պատգամավոր, “Ժառանգություն” խմբակցության
անդամ Արմեն Մարտիրոսյանի հայտարարությունը` մարտի 3-ին բողոքի ակցիան իրականացնող մի խումբ քաղաքացիների, “Ժառանգություն” կուսակցության պատգամավորների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Հայտարարության մեջ ասվում է.
“Այս օրերին որոշ հեռուստաընկերությունների թողարկումներում ցուցադրվում է մոնտաժված, դեպքերի զարգացումը չներկայացնող կադրեր, որտեղ փորձում են այնպես ներկայացնել, թե մի խումբ ոստիկաններ խաղաղ իրենց ծառայությունն էին իրականացնում Հանրապետության հրապարակի գորգի վրա, եւ քաղաքացիներն ու պատգամավորները հարձակվեցին ` բռնության ենթարկելով նրանց:
Մի՞թե սա է ոստիկանության ներուժը, որ մի քանի կանայք եւ ես կարող ենք բռնություն գործադրել մի քանի տասնյակ հաղթանդամ ոստիկանների վրա, ինչպես ներկայացվում է ոստիկանապետի խոսքում եւ իշխանական սենյակներում մոնտաժված կադրերում:
Ցավոք սրտի, իրականությունը միանգամայն այլ է, եւ այն շատ հստակ ներկայացված է տարբեր լրատավական ինտերնետային կայքէջերում: Այստեղ երեւում է որոշ ոստիկանների ցինիզմի աստիճանն ու նրանց ստահոդ տեղեկատվությունը”:
Հայտարարության վերջում Մարտիրոսյանը “Ժառանգության” կողմից պահանջում է հեռուստատեսությամբ ցուցադրել ոստիկանության կողմից տեսագրված ամբողջական տեսանյութը` առանց մոնտաժների եւ ձայնի փոփոխությունների:
“…որի արդյունքում էլ կպարզվի, ինչպես ժողովրդական խոսքն է ասում. “Սայլի տեղ, սայլապանն է ճռռում”,-ասված է Մարտիրոսյանի հայտարարության մեջ:
Հայտարարությունը կհեռարձակվի Հ1 հեռուստաընկերությամբ 2011 թվականի մարտի 13-ին:






Facebook
Tweet This
Email This Post
