Բուխարեստում կայացել է Հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 11, 2011 15:04

Մարտի 10-ին Բուխարեստում` Ռումինիայի տրանսպորտի նախարարության նիստերի դահլիճում, տեղի ունեցավ Հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Ռումինական կողմից հանձնաժողովը ղեկավարում էր Ռումինիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Անկա Դանիելա Բոաջիուն:

Նիստին նախորդեց երկու նախարարների առանձնազրույցը, որի ընթացքում զրուցակիցներն անդրադարձան երկկողմ տնտեսական հարաբերությունների ներկա վիճակին եւ զարգացման հեռանկարներին:

Լիագումար նիստը սկսվեց տիկին Անկա Դանիելա Բոաջիուի բացման խոսքով:
Շնորհակալություն հայտնելով հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը բարձր մակարդակով կազմակերպելու եւ ջերմ ընդունելություն ցուցաբերելու համար` Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն իր ելույթի մեջ նշեց, որ թեեւ Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ համագործակցության զարգացման համար ստեղծված է լիարժեք իրավապայմանագրային դաշտ, երկկողմ համաձայնագրեր են ստորագրված հնարավոր համագործակցության գրեթե բոլոր բնագավառներում, այնուամենայնիվ, նշված համաձայնագրերի չկիրառման կամ մասամբ կիրառման պատճառով, թե տնտեսական, թե գիտակրթական ու մշակութային բնագավառներում երկու երկրների միջեւ առկա համագործակցությունը չի համապատասխանում իրական հնարավորություններին, եւ այս առումով դեռեւս կան բավականին անելիքներ:

Աշխատանքային խմբերի մակարդակով միջկառավարական համատեղ ժողովի ընթացքում, որը հաջորդեց լիագումար նիստին, կողմերը, քննարկելով տնտեսական երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակը, պատրաստակամություն հայտնեցին ձեռք առնել անհրաժեշտ բոլոր միջոցները փոխադարձ հիմունքներով դրանք բարելավելու համար: Այդ առումով կարեւորվեց արդյունաբերության, առեւտրատնտեսական համագործակցության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների զարգացման, առեւտրաարդյունաբերական պալատների եւ զբոսաշրջության ուղղությամբ համագործակցությունը:

Առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ կողմերը նշեցին շրջանային կապերի ընդարձակման, տնտեսավարող սուբյեկտների միջեւ ուղիղ շփումների հաստատման, միմյանց տնտեսական ցուցահանդեսներին մասնակցության, ինչպես նաեւ գործարար շրջանակների միջեւ փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:

Առաջարկվեց ընթացիկ տարում Երեւանում եւ Բուխարեստում կազմակերպել գործարար ֆորումներ, ինչպես նաեւ տեղական արտադրանքների տարեկան մասնագիտացված ցուցահանդեսներ: Հատուկ ուշադրություն դարձվեց գյուղատնտեսական ոլորտին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց խորացնել երկկողմ համագործակցությունը եւ շարունակել փոխադարձ աջակցությունը տրանսպորտի բնագավառի միջազգային կազմակերպությունների եւ նախաձեռնությունների շրջանակներում, մասնավորապես ՍԾՏՀԿ-ում, ՏՐԱՍԵԿԱ-ի Միջկառավարական հանձնաժողովում եւ Միջազգային տրանսպորտային ֆորումում: Անդրադարձ կատարվեց նաեւ առողջապահության եւ տուրիզմի բնագավառներում հնարավորությունների բացահայտմանը:

Միջկառավարական համատեղ հանձնաժողովի երրորդ նիստի ավարտին կողմերը ստորագրեցին համատեղ արձանագրություն, որտեղ ամփոփվեցին հանդիպման արդյունքները եւ մատնանշվեցին համագործակցության ամրապնդման հետագա քայլերը:

Նույն օրը` կեսօրին, Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկն ընդունեց Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին: Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակություն հայտնվեց միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի անցկացման կապակցությամբ, որը կխթանի առեւտրատնտեսական կապերի ընդարձակմանը, ինչպես նաեւ կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներում կոնկրետ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Նշելով անցյալ տարի առեւտրատնտեսական փոխանակումների բնագավառում գրանցված աճը` կողմերը մտքեր փոխանակեցին այդ դրական դինամիկան պահպանելու եւ զարգացնելու շուրջ: Նկատի առնելով թե երկկողմ առկա ներուժը, թե մասնավորապես ԵՄ Արեւելյան գործընկերության, ինչպես նաեւ Սեւծովյան համագործակցության շրջանակներում ընձեռնված հնարավորություններն ու մեխանիզմները` վարչապետ Բոկը եւ նախարար Վարդանյանը պատրաստակամություն հայտնեցին առավել գործուն ջանքեր գործադրել փոխադարձ շահավետ պայմանավորվածություններ ձեռք բերելու ուղղությամբ:

Կոնկրետ բնագավառներում տնտեսական կապերի խորացման հարցերի շուրջ մտքերի փոխանակություն տեղի ունեցավ նաեւ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի եւ Ռումինիայի հաղորդակցությունների եւ տեղեկատվական հասարակության նախարար Վալերիան Վրեմեի հանդիպման ժամանակ:

Հայկական պատվիրակությունը ժամանման օրը` մարտի 9-ին, այցելեց Բուխարեստի Զամբաքչյան թանգարան, Սուրբ Հրեշտակապետաց Հայոց մայր եկեղեցի եւ հարակից հայկական մշակութային կենտրոն, ուր հանդիպում կազմակերպվեց ռումինահայ համայնքի հետ: Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթեւ վարդապետը, Ռումինիայի Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբակցության նախագահ Վարուժան Փամբուկչյանը հայկական պատվիրակությանը ծանոթացրին համայնքային կառույցների գործունեության ուղղություններին եւ ծրագրերին:

Դիտվել է 983 անգամ:
Print Friendly

Leave a Reply