«Ճանաչիր քո ուղեղը» մրցույթ` երիտասարդների համար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 11, 2011 14:52

Մարտի 14-20-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից կանցկացվի «Ճանաչիր քո ուղեղը» խորագրով երիտասարդական գիտահանրամատչելի մրցույթ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց կազմակերպության նախագահ Արսեն Գասպարյանը, նմանատիպ մրցույթ Հայաստանում անցկացվում է առաջին անգամ:

Այն տեղի է ունենում «Ուղեղի ճանաչման շաբաթ»-ի շրջանակներում. դա, Ա. Գասպարյանի խոսքով, գլոբալ արշավ է, որը միտված է մատչելի ձեւով ներկայացնել հասարակությանը ուղեղի (նեյրոդեգեներատիվ) հիվանդությունների մասին տեղեկատվությունը, բուժման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու նվաճումները: Այս միջոցառմանը մասնակցում են աշխարհի 82 երկրի ավելի քան 2800 հասարակական, գիտական եւ կրթական կազմակերպություններ, բուհեր եւ այլն: «Ուղեղի ճանաչման շաբաթվա» շրջանակներում նախատեսված է նաեւ թատերական միջոցառումների, սեմինարների անցկացում:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված երիտասարդները: Կազմակերպության նախագահի խոսքով` միակ առաջադրվող պայմանը մասնակիցների` մինչեւ 35 տարեկան լինելն է: Մասնակցության համար անհրաժեշտ է նախ ասոցիացիայի կայքից բեռնել հարցաթերթիկը, հնարավորինս հստակ եւ յուրովի պատասխանել հարցաշարի բոլոր հարցերին: Մրցույթը նպատակ ունի հետաքրքրություն առաջացնել երիտասարդության շրջանում եւ ցանկություն` կարդալու ուղեղի մասին ճանաչողական նյութեր:

Մրցույթի մեկնարկը պաշտոնապես կտրվի մարտի 14-ին: Հաղթողներին կորոշի ասոցիացիայի խորհուրդը: Ա. Գասպարյանը տեղեկացրեց, որ առաջնայնությունը տրվելու է ոչ կենսաբաններին: Մրցույթի ամփոփումից հետո` ս.թ. մարտի 20-23-ը, հաղթողների անունները կտեղադրվեն մրցույթի կայքէջում. վերջիններիս համար սահմանված են մի շարք մրցանակներ: Կազմակերպության նախագահը նշեց, որ ցանկություն կա` մրցույթը շարունակական դարձնելու:

Դիտվել է 1872 անգամ:
Print Friendly

Leave a Reply