Չարորակ ուռուցքներով հիվանդները տարեցտարի Հայաստանում շատանում են

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 1, 2009 20:35

2008-ին Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնում դիսպանսերային հսկողության տակ է գտնվել 28.611 մարդ, որոնց 10-20 տոկոսը մինչև 16 տարեկան երեխաներ են: Հայաստանում չարորակ նորագոյացություններով տառապող հիվանդների թիվը 2006թ-ի համեմատ 2008-ին ավելացել է 648 դեպքով:

Նույն ժամանակահատվածում ավելացել են նաև մահվան դեպքերը` 71-ով:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ամեն տարի բուժվում են չարորակ ուռուցքով 200-250 երեխաներ, որոնց 60-65 տոկոսը ստանում է լիարժեք բուժում. այս մասին այսօր խոսեց կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Գրիգոր Բադալյանը:

Ուռուցքաբանության զարգացման ազգային հիմնադրամի աջակցությամբ այս երեխաների բուժումը կատարվում է անվճար:

Հիմնադրամի միջոցներով այժմ վերանորոգվում է կենտրոնի մանկական բաժանմունքը: Հիմնադրամի համակարգող Վահե Տեր-Մինասյանն ասում է, որ ստեղծվել է նաև խաղասենյակ, որտեղ երեխաները բուժմանը զուգընթաց հոգեբանի միջնորդությամբ զբաղվում են նկարչությամբ, կոլաժների պատրաստմամբ:

Հայաստանից ամեն տարի 20-30 ուռուցքաբան մեկնում է արտասահման վերապատրաստման: Բայց մասնագիտական հմտության կամ թե սարքավորումների պակասի պատճառով բժիշկները դեռևս խորհուրդ են տալիս ծանր վիճակում գտնվող երեխաներին տեղափոխել Գերմանիա կամ Ֆրանսիա: Տարեկան 3-6 երեխա մեկնում է արտերկիր բուժման:

Դիտվել է 1814 անգամ:
Print Friendly

Leave a Reply