Հայաստանի հանգստյան տների վրա ճգնաժամի ազդեցությանը գումարվել է նաև եղանակը
Օրվա լուր | Աննա Մուրադյան | August 10, 2009 15:41
Ջերմուկի չգործող օդանավակայանի եւ դրան հարակից 120 հա տարածքում նախատեսվում է կառուցել հանգստի եւ զվարճանքի, զբոսաշրջային, հյուրանոցային, վարչական, բնակելի, խառը կառուցապատման, մշակութային (ներառյալ` շախմատի կենտրոնի եւ ձմեռային սպորտաձեւերի մարզադաշտերի) գոտիներ:
Այս նախագիծը մշակվում է ՀՀ կառավարության 2008թ. սեպտեմբերի 18-ի որոշման հիման վրա: Նախագծի մշակման աշխատանքները կավարտվեն այս տարվա սեպտեմբերին:
Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 8-9-ը աշխատանքային այցով եղել է Ջերմուկում ու մարզի եւ քաղաքի ղեկավարների հետ քննարկել զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրերին նվիրված խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
Իսկ այս տարի եղանակային պայմանները գումարվելով` ճգնաժամի ազդեցությանը՝ միջինը 30-40 տոկոսով նվազեցրել է հանրապետության գործող հանգստյան գոտիներ այցելող զբոսաշրջիկների թիվը:
Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով` Հայաստան են ժամանել 207.721 զբոսաշրջիկ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է ընդամենը 0.1 տոկոսով: Նախորդ տարի հանրապետություն էր ժամանել 207.479 զբոսաշրջիկ:
Իսկ Հայաստանից մեկնող զբոսաշրջիկների թիվը նույն ժամանակահատվածում 1.6 տոկոսով նվազել է: Մեկնել է 202.114 մարդ, որը 1.6 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
250 հոգու համար նախատեսված Սևանի «Հարսնաքար» հյուրանոցի տնօրեն Աշոտ Անտոնյանն ասում է, որ իրենց մոտ 30 տոկոսով կրճատվել է այցելությունների քանակը: «Անկախ սեզոնից, մենք այցելությունների պակաս երբեք չենք ունեցել բացման օրվանից սկսած»,- ասում է նա:
Իսկ Սևանի «Աստերիա» լողափի տնօրեն Մուշեղ Դավթյանն էլ ասում է, որ թեպետ իրենց մոտ հուլիսի համեմատությամբ այցելությունների թիվն ավելացել է, սակայն նախորդ տարվա համեմատությամբ զբոսաշրջիկների թիվը պակասել է մոտ 50 տոկոսով: «Այս տարի հուլիսի կեսը համարյա արևոտ չի եղել, բնական է, որ կլիենտն էլ քիչ եղավ,- ասում է Դավթյանը,- դրա համար էլ ով հանդիպում է, գնի շուրջ համաձայնության ենք գալիս»:
Ծաղկաձորի «Ալիք» հյուրանոցում ոչ սեզոնի (սեզոնը ամռանն ու ձմռանն է, ոչ սեզոնը` գարնանը և աշնանը ) ընթացքում, երբ ամեն տարի զբաղվածությունը լինում էր մինչև 30 տոկոս, այս տարի իջել է մինչև 10-12 տոկոս, այինքն` 3 անգամ ավելի քիչ: «Մեր մոտ գալիս են հիմնականում հանրապետությունից, դրսի զբոսաշրջիկները կազմում են մոտ 5 տոկոս,- ասում է «Ալիք»-ի տնօրեն Վարդան Ղազարյանը,- տուրիստական գործակալություններին առաջարկած փաթեթներում մենք զեղչել ենք գները, բայց միևնույն է, չի օգնում»:






Facebook
Tweet This
Email This Post
