Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Լատվիայի վարչապետ Վալդիս Դոբրովսկու հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | March 10, 2011 20:14

Պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Լատվիայի վարչապետ Վալդիս Դոբրովսկու հետ:

Նախագահ Սարգսյանը և վարչապետ Դոբրովսկին քննարկել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները` ընդգծելով, որ դրա համար բավարար ներուժ և անհրաժեշտ նախադրյալներ կան, որոնք պետք է լիարժեքորեն օգտագործել: Հեռանկարային է համարվել զբոսաշրջության, մետալուրգիական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը: Զրուցակիցները կարևորել են հայլատվիական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը ևս:

Նախագահ Սարգսյանը և վարչապետ Դոբրովսկին խոսել են նաև տարբեր մակարդակներով հաճախակի փոխայցելությունների, ակտիվ շփումների, երկու երկրների գործարարների միջև կապերի ամրապնդման մասին, ինչին, զրուցակիցների համոզմամբ, լավագույնս ծառայում են գործարար համաժողովները: Այդ համատեքստում կարևորվել է ԵրևանՌիգա կանոնավոր չվերթի իրականացումը:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռիգայում այցելել է նաև հայկական եկեղեցի, որտեղ հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է. «Ես իմ առջև համեստ խնդիր եմ դրել ձեզ փոխանցելու մեր ժողովրդի, մեր Հայրենիքի ողջույնները, բարեմաղթանքները և մեկ անգամ ևս հաստատել, որ անկախ նրանից, թե որտեղ է ապրում հայը` Ռիգայում, թե Վիլնյուսում, Փարիզում, թե Լոս Անջելեսում, Երևանում թե Վանաձորում, մենք մեկ ազգ ենք, և մեր ուժը կայանում է մեր միասնության մեջ»:

Նախագահի խոսքով, որքան հզոր լինի Սփյուռքը, այնքան հզոր է լինելու Հայաստանը և որքան հզոր լինի Հայաստանը, այնքան հզոր է լինելու Սփյուռքը:

Հանրապետության ղեկավարը ուրախությամբ է նշել, որ հայ համայնքի ներկայացուցիչները, լինելով լատվիական հասարակության մի մաս, չեն մոռացել իրենց Հայրենիքը, իրենց մայրենի լեզուն, կրոնը:

Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկա փուլին:

Ավարտելով երկօրյա պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն` Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր վերադարձել է Երևան:-

Դիտվել է 1378 անգամ:
Print Friendly

Leave a Reply