Ադրբեջանում իրավիճակը թեժանում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | March 11, 2011 8:59

Մի քանի օր առաջ ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականը հրապարակել է հեղափոխական երկրների վարկանիշային աղյուսակ, որում  Ադրբեջանը 10-րդ տեղում է: Հեղափոխությունների ինդեքսը կազմվել է ըստ երեք ցուցանիշի` սոցիալական վիճակ, կաշառակերություն, մարդկային զարգացում: Դեռ այս տարվա հունվարի կեսերից, վախենալով արաբական երկրներում սկսված ցնցումների նախադեպից,ադրբեջանական իշխանություններն ազդարարեցին հակակոռուպցիոն արշավ սկսելու մասին: «Թրանսփերենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության 2010 թ. տվյալներով` Ադրբեջանը 178 երկրների շարքում 134-րդն է: Սկսված հակակոռուպցիոն արշավի շրջանակներում նախարարություններում մեծ թվով միջին դիրք զբաղեցնող չինովնիկներ են ազատվել աշխատանքից. նրանց մեղադրել են կաշառակերության մեջ(սրան զուգահեռ սրվեց միջկլանային պայքարը պաշտոնների վերաբաշխման համար): Որոշ քայլեր ձեռնարկվեցին նաև Ադրբեջանում ամենակոռումպացված ոլորտներ համարվող մաքսային ծառայությունների և ճանապարհային ոստիկանության հետ քաղաքացիների շփումներում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար: Նախագահ Իլհամ Ալիևն արդեն հայտարարել է, որ իրենց պայքարն արդյունք է տալիս (իշխանությունները մինչև պայքար սկսելը հաճախ հերքում էին, որ կոռուպցիան շատ լուրջ խնդիր է իրենց երկրում), սակայն բոլորը չեն, որ ադրբեջանական իշխանությունների չափ ոգևորված են:

Շատերը կոռուպցիայի դեմ պայքարն Ադրբեջանում ընկալում են որպես զուտ  բարեփոխումների իմիտացիա , որն ուղղակիորեն կապված է «արաբական սինդրոմի» հետ. ամենակոռումպացվածները վերին էշելոններում կանգնած կլանային ներկայացուցիչներն են, որոնք միլիարդներ են կուտակում բնակչության հաշվին: Ավելին` տոտալիտար վարչակարգն Ադրբեջանում ավելի ու ավելի է ամրապնդվում, այլախոհությունն ամեն կերպ լռեցվում ու ճնշվում է, փորձում են սահմանափակել քաղաքացիների`ընդդիմադիր էլեկտրոնային լրատվամիջոցներից օգտվելու հնարավորությունը:

Այս օրերին Ադրբեջանում, սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, ցնցումների հնարավորությունը կապվում է նաև իշխանությունների ընդունած հիջաբ կրելն արգելելու մասին որոշման, շիական մզկիթները փակելու և իսլամիստ ընդդիմադիր գործիչների նկատմամբ սկսված հետապնդումների ու ձերբակալությունների հետ: Դեռ տարվա սկզբին Իսլամական կուսակցության նախագահ Մովսում Սամեդովին մեղադրեցի իշխանության բռնի զավթման նախապատրատության մեջ: Այս ամենը բավական լուրջ արձագանք գտավ հասարակության ներսում և դեռ կարող է «կրակի վրա յուղ լցնելու» ազդեցություն ունենալ իշխանությունների համար:

Իրադարձությունները թեժանում են: Փետրվարի 26-ին «Հանրային խորհուրդ» քաղաքացիական շարժումը որոշում ընդունեց սկսել զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց ընթացքում պահանջելու է իրական ժողովրդավարական փոփոխություններ և վճռական պայքար կոռուպցիայի դեմ: Նոր ձևավորված շարժումը, որն ընդգրկում է հիմնական բոլոր ընդդիմադիր ուժերին, դեռ տարվա սկզբին կոչ էր անում իշխանություններին ժողովրդավարական փոփոխություններ կատարել նոր խորհրդարանական ընտրությունների ճանապարհով: Քանի որ իշխանություններն իրական քայլեր չեն անում, ապա, ըստ «Մուսավաթ» շարժման առաջնորդ Իսա Ղամբարի, դա տեղի կունենա ժողովրդի կամքով, և այդ գործընթացը կղեկավարի «Հանրային խորհուրդ» շարժումը, չնայած այս ակցիայի հեղինակը հենց Մուսավաթն է: Արդեն հայտարարվել է, որ բողոքի առաջին ակցիան տեղի է ունենալու մարտի 12-ին, սակայն ընդդիմադիրները բնակչությանն իրենց շուրջը համախմբելու լուրջ խնդիր ունեն: Ադրբեջանի իշխանություններն անկախության տարիներին վարել են ընդդիմությանը ապալեգիտիմացնելու ու վարկաբելու քաղաքականություն` բոլոր հնարավոր մեթոդներով, վերջին ընտրություններից հետո խորհրդարանում ընդդիմադիր որևէ ուժ չկա, երկրում վախի մթնոլորտը պահպանվում է: Պատահական չէ, որ հենց շարժման ներսում լուրջ տարաձայնություններ կան` կապված բողոքի ակցիաներ սկսելու ժամկետների հետ: Որոշ ընդդիմադիրներ մտավախություն ունեն և կարծում են, որ այդ ակցիաներին պետք է լուրջ պատրաստվել, մարդկանց տեղեկացնել ակցիաների ու դրանց նպատակների մասին և ավելի շատ հայտնի մարդկանց ներգրավել.« Քիչ ուժերով փողոց դուրս գալը կարող է հիասթափեցնել ժողովրդին և թուլացնել արթնացող բողոքական տրամադրությունները փոփոխությունների տանող պայքարի համար»,-ասել է «Ազգային ճակատ» կուսակցության ներկայացուցիչը: Ի դեպ իշխանությունը հրաժարվել է արտոնել հանրահավաքը և խոստացել կանխել ցանկացած  չարտոնագրված բողոքի ակցիա:

Սակայն կրքերը կարող են ավելի շուտ բորբոքվել: Մի խումբ ադրբեջանցի երիտասարդներ Ֆեյսբուքում խումբ են բացել, որտեղ մարտի 11-ը հայտարարվել է որպես  «Ժողովրդական մեծ օր» Ադրբեջանում: Այս ցանցային հավաքով կոչ է արվում բնակչությանը սկսել բողոքի ակցիաներ այդ օրը ողջ Ադրբեջանով մեկ :Բողոքի այս ակցիայի հիմնական կազմակերպիչները եվրոպական պետություններում ապրող ադրբեջանցի երիտասարդներն են, որոնք ստեղծել են «Եվրոպայի ադրբեջանցիները հանուն ժողովրդավարության» կազմակերպությունը: ժվար է ասել` Facebook-ը լուրջ դեր կունենա՞ Ադրբեջանում, թե՞ ոչ: Ադրբեջանի Արանի շրջանում, որտեղ անցյալ գարնանը Քուռ գետի վարարումների հետևանքով տնից զրկված ու այդպես էլ պատշաճ փոխհատուցում չստացած բնակիչները բողոքի ցույցեր են անում, վերջին մի ամսվա ընթացքում իշխանությունների ջանքերով համացանցը գործում է միայն գիշերվա ժամերին, այն էլ` սահմանափակ:

Կառույցի ղեկավարներից Էլնուր Մաջիդլդին «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ չնայած օրվա ընտրությունը պատահական է, սակայն որոշ խորհրդանշական իմաստ կա.«Նախ` մարտի 11-ին լրանում է Հոսնի Մուբարաքի հրաժարականի մեկ ամիսը, բացի այդ, մարտի 11-ին ուղիղ մեկ ամիս է լրանում այն օրից, երբ Սումգայիթի ոստիկանությունը ձերբակալեց քաղաքի երիտասարդ բնակիչ Ջաբար Սավալանին»:

Ջաբար Սավալանին իր ֆեյսբուքյան էջում կոչ էր արել ադրբեջանցիներին դուրս գալ փողոց ու պահանջել նախագահ Իլհամ Ալիևի հրաժարականը: Եվ ձերբակալվել է թմրամիջոցների տարածման մեղադրանքով (ընդիմադիրներին ձերբակալելու տարածված մեթոդ Ադրբեջանում): Ազատազրկվել է նաև ակտիվիստ Բախտիար Հաջիևը, որ  Ֆեսբուքյան խմբի միակ ադբեջանաբնակ կազմակերպիչն է և Facebook-ում բնակչությանը քաղաքացիական ակտիվության, իսկ ոստիկանությանը  բողոքի ակցիաների ժամանակ ուժ չգործադրելու կոչ է արել: Նա նաև խորհրդարանական ընտությունների ժամանակ որպես թեկնածու բազմիցս քննադատել է իշխանություններին: Նա բանտում բռնությունների է ենթարկվել: Վերջին երկու օրվա ընթացքում ձերբակալվել են նաև Մուսավատ կուսակցության երկու ակտիվիստներ:

Միայն այս կերպ չեն Ադրբեջանի իշխանությունները պատրաստվում առաջիկա ցուցերին:

Ադրբեջանական «Ենի մուսավաթ» ընդդիմադիր լրատվամիջոցը տեղեկություններ է հրապարակել, որ Ալիևը մի շարք պետական կառույցներին կից ստեղծում է  «հարվածային ուժեր», որոնք օգտագործվելու են ընդդիմադիր ալիքը ճնշելու համար, բացի այդ, ստեղծվում են հասարակական հատուկ խմբեր, որոնք մտնում են պետական և կրթական հաստատություններ, կոչ անում չմասնակցել ընդդիմության հանրահավաքներին, «չծառայել դրսի ուժերին»: Այս խմբերը բողոքի ակցիաների ժամանակ մտնելու են ժողովրդի մեջ, բղավելու են հայրենասիրական լոզունգներ, իսկ ընդդիմադիրներին անվանելու են դավաճան: Մոբիլիզացվում են նաև ոստիկանական ու ռազմական ուժերը:

Չնայած իշխանությունները պատրաստվում են ճնշել բողոքի ալիքը, բայց արդեն հասարակական շրջանակներում լուրեր են պտտվում, որ Ի. Ալիևը, հնարավոր է, չհամարձակվի արաբական նախադեպի ֆոնին իր թեկնածությունը դնել հաջորդ նախագահական ընտրություններում: Հավանական  է, որ Ալիևն իր փոխարեն առաջադրի արտակարգ իրավիճակների ներկայիս նախարար Քեմալեդդին Գեյդարովին: Ի դեպ, որպես ապագա նախագահ` այս անունը շրջանառվում էր նաև Wikileaks կայքի հրապարակած ամերիկյան դիվանագիտական աղբյուներում: Տեղեկություն կա  նաև, որ արդեն մոտ ժամանակներս Ադրբեջանի նախագահը ժողովրդին հանգստացնելու համար պաշտոններից կհեռացնի վարչապետին ու բարձրաստիճան պաշտոնյաների: Սրանց թվում չի նշվում պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի անունը, չնայած ընդդիմադիրներն առաջնահերթ պահանջում են հենց նրա հրաժարականը` կապված ադրբեջանական բանակում տեղի ունեցած զանգվածային սպանությունների հետ:

Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է 1225 անգամ:
Print Friendly

Leave a Reply