Քաղաքագետ. ԵԱՀԿ-ն ԼՂՀ-ում պետք է մշտական ներկայացուցչություն ունենա

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 10, 2011 16:55

Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ստորագրված փաստաթուղթը եւս մեկ անգամ ապացուցեց, որ վաղուց ժամանակն է` Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) Լեռնային Ղարաբաղում ունենա մշտական ներկայացուցչություն:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Կարեն Բեքարյանը` համոզմունք հայտնելով, որ չի կարող ԵԱՀԿ-ն լինել ԼՂ հակամարտության կարգավորման պատասխանատու կառույց` հակամարտության գոտում չունենալով սեփական գրասենյակը: Քաղաքագետի դիտարկմամբ` Սոչիում ընդունված համատեղ հայտարարության երկրորդ կետով ամրագրված` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ հնարավոր միջադեպերի հետաքննություն անցկացնելու համար հետաքննող մարմնի մեխանիզմը չկա:

Սակայն, ինչպես նկատեց Կ. Բեքարյանը, «շատ հազվադեպ է առանց ջանքերի երկքնից մանանա թափվում». ԼՂ-ում ԵԱՀԿ գրասենյակ ունենալում համար պետք է տարվի հետեւողական աշխատանք, եւ հարցը, ի վերջո, դրվի «միջազգային հանրության սեղանին»: Անդրադառնալով հայտարարությանը` նա նկատեց, որ ցանկացած փաստաթուղթ, որի տակ չկա ԼՂ-ի ստորագրությունը, կյանքի կոչելը բավականին բարդ է: « Լեռնային Ղարաբաղի նախագահի ստորագրության բացակայությունը բացասական գնահատելով` ես նկատի չունեմ միայն հայկական կողմի շահերը: Սա հավասարապես բացասական է նաեւ Ադրբեջանի համար:

ԼՂ-ն իրապես կոնֆլիկտի կողմ է, բայց, փաստորեն, չի ստանձնում որեւէ պարտականություն որեւէ առումով»,- նշեց Կ. Բեքարյանը: Նրա դիտարկմամբ` վստահության խնդիրն այսօր առաջնային է տարածաշրջանում ընդհանրապես, ԼՂ-ի դեպքում` մասնավորապես: Իսկ Ադրբեջանի իշխանության հանդեպ վստահության պաշարը, ինչպես նշեց քաղաքագետը, վաղուց սպառված է: «Վստահելը այն պարագայում, երբ նախագահների հանդիպումից առաջ զոհ ենք ունենում, ոչ թե բարդ է, այլ գրեթե անհնար:

Միջազգային հարաբերություններում ամենակարեւորը դառնում է այն, որ հանրություններն իրարից վախի, անակնկալի խնդիր չունենան: Ես կուզեի, որ հաջորդ համատեղ հայտարարությունը կամ փաստաթուղթը վերաբերեր հռետորիկայի փոփոխությանը եւ այդ փոփոխության վերաբերյալ մոնիտորինգին»,- ասաց Կ. Բեքարյանը:

Դիտվել է 957 անգամ:
Print Friendly

Leave a Reply