«Արտավազդ» մրցանակաբաշխությունը կանցկացվի Թատրոնի միջազգային օրը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 10, 2011 16:51

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվելու է թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ին, Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Մրցանակաբաշխությունը կազմակերպել է Հայաստանի թատերական գործիչների միությունը, եւ այն այս տարի նվիրված կլինի Խորեն Աբրահամյանի 80-ամյա հոբելյանին:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանը, այս տարի մրցանակներ են հանձնվելու 13 անվանակարգերում: Մինչեւ մարտի 1-ը Հայաստանում գործող թատրոնները Թատերական գործիչների միություն ներկայացրել են հայտեր, որոնցում նշված է եղել, թե տվյալ թատրոնը ինչ անվանակարգում է ցանկանում ներկայացվել: Ս. Մելոյանի խոսքով` այս տարի Խորեն Աբրահամյանի անվան մրցանակ կտրվի մեկ տղամարդ դերասանի:

Ամեն անվանակարգում ժյուրիի անդամներից յուրաքնաչյուրը կարող է քվեարկել մինչեւ երկու մասնակցի կամ աշխատանքի օգտին, որն էլ հաղթող կճանաչվի 5 կամ ավելի ձայներ հավաքելու դեպքում: Մրցանակակիրները, «Արտավազդ» մրցանակաբաշխությունը խորհրդանշող դիմակներով զարդարված թագից բացի, կստանան նաեւ դրամական պարգեւներ: Տեղեկացնենք, որ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թ-ին:

Սկզբում ունենալով միայն մեկ անվանակարգ` «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար», արդեն 1999 թ-ից տարեցտարի ավելացրել է անվանակարգերի թիվը: Մրցանակաբաշխությունը սկզբում անցկացվել է թատերական գործիչների նեղ շրջանակում եւ միայն 2008 թ-ից է սկսել նշվել մեծ շուքով:

Դիտվել է 1232 անգամ:
Print Friendly

Leave a Reply