Արցախյան հաղթանակը չարժևորեցինք, ընձեռված բացառիկ շանսը չօգտագործեցինք

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 10, 2011 16:39

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին Փարիզում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ մի փոքր ուշացած, բայց շատ կարևոր մի դիտարկում արեց.«Երբ խոսում ենք ցեղասպանության մասին, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ցեղասպանության առաջին պատասխանը մենք տվել ենք Արցախում»: Սակայն Բակո Սահակյանի կարծիքով` Արցախի ազատագրումը համարժեք գնահատական չստացավ հայ ժողովրդի ու հայկական տարբեր կազմակերպությունների կողմից:

Իրոք, ոչ մի հետխորհրդային պետության նման պատմական շանս չտրվեց պսակելու անկախությունը նման ազգային հաղթանակով, այն էլ երկարատև, անընդհատ  տարածքային կորուստներ արձանագրելուց ու ցեղասպանություն վերապրելուց հետո: Մեզանում շատ է խոսվում այն մասին, որ մեր ինքնությունը վերաիմաստավորման կարիք ունի, որ չի կարելի ապրել անցյալով, որ պետք է ազատվել զոհի բարդույթից: Մեզ տրված էր այդ բացառիկ հնարավորությունը, որից մենք չուզեցինք կամ միգուցե չկարողացանք պատշաճ օգտվել: Պատերազմի ավարտից հետո հանրությանը հրամցվեց այն տեսակետը, թե ԼՂԻՄ-ին հարակից 7 ազատագրված պատմական հայկական շրջանները «գրավել ենք» զուտ պաշտպանական նպատակներով ու վերադարձնելուն դեմ չենք: Այսինքն` արյան գնով ազատագրված հողերի գինն ու նշանակությունը միանգամից նվազեցվեց: Սկսեցինք արդարանալ միջազգային հանրության առջև` կարծես ամաչելով մեր հաղթանակից, վախենալով «ագրեսոր» պիտակից:

Պատերազմից արդեն 17 տարի է անցել, սակայն ազատագրված տարածքները նվազագույն չափով են բնակեցված: Նույն հանդիպման ժամանակ Բակո Սահակյանը խոսեց այն մասին, որ Արցախում այդ տարածքները բնակեցնելու համար ֆինանսական միջոցներ չկան, և կոչ արեց Սփյուռքին այս հարցում ավելի ակտիվ լինել: Սակայն ինչպե՞ս կարելի է լուրջ ներդրումներ պատկերացնել, երբ մեր իշխանությունները մինչև այսօր չեն հրաժարվել տարածքները հանձնելու մտքից` այս հարցում սկզբունքային առումով շարունակելով առաջին նախագահի քաղաքական գիծը: Ընդամենը մի քանի ամիս առաջ Սերժ Սարգսյանը բառացի ասաց, որ «մենք այդ տարածքները չենք բնակեցնում…»:

Իհարկե, կարող է արդարացում լինել, որ Ադրբեջանը երբեք Արցախի անկախությանն ուղղակի համաձայնություն չի տա, հետևաբար ոչ ոք հող տալ չի պատրաստվում, որ սա զուտ դիվանագիտական խաղ է, սակայն այս ամենի մեջ խորանալն ամենևին մեր հոդվածի նպատակը չէ, մենք խոսում ենք տրամադրությունների և բուն հայության ներքին կազմակերպման ու զարգացման խնդիրների մասին: Եվ եթե փորձենք հենց այս համատեքստում դիտարկել Արցախյան հաղթանակն ու տարածքների բնակեցման խնդիրը, ապա ակնհայտ է, որ Արցախի զարգացմանն ու ամրապնդմանը լուրջ նայելու դեպքում  գոնե ներքին լսարանի ու առհասարակ հայության հետ աշխատանքը լիովին այլ բնույթ պիտի կրեր:

Չնայած վերջին շրջանի ակտիվությանը` հնարավոր չէ չնկատել, որ առհասարակ Սփյուռքում Հայոց ցեղասպանության և Արցախյան հիմնահարցի լոբբինգի անհրաժեշտությունը նույն կերպ չի ընկալվում հայկական կազմակերպությունների կողմից: Սփյուռքում,  որպես ցեղասպանության  հետևանքով աշխարհով մեկ սփռված հայության ժառանգներ, ավելի մտահոգված են տարբեր երկրներում Ցեղասպանության ճանաչման գործընթացն ապահովելով: Ավելին` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ժամանակ այստեղից կարծիքներ էին հնչում, թե Սփյուռքն իրավունք չունի խանգարելու հայ-թուրքական «հաշտեցման» գործընթացին, քանի որ Հայաստանում մենք ենք ապրում ու զգում մեր մաշկի վրա փակ սահմանի բացասական հետևանքները: Այնինչ, Արցախյան հաղթանակը, մեր պատմական հողերի ազատագրումն ու վերաբնակեցումը, նաև Սփյուռքի մարդկային և ֆինանսական ռեսուրսների հաշվին, կարող էին դառնալ հայության միասնական ձեռքբերման, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրացման գրավական: Բնականաբար, մեր հարևանը հիսթերիայի ալիք կբարձրացներ, միջազգային հանրությունը մեզ կքննադատեր, բայց մեկ է, «real politik»-ի շրջանակներում ակնհայտ է, որ տարածքին տեր կարող ես դառնալ առաջին հերթին բնակչության առկայությամբ: Սփյուռքի հետ պատշաճ աշխատանքի ու գաղափարախոսական ճիշտ դիրքորոշման դեպքում հնարավոր կլիներ աշխատել հենց Արցախը հզորացնելու համար:

Իհարկե, սա ամենևին չի նշանակում մոռանալ Արևմտյան Հայաստանի մասին, սակայն անհրաժեշտ է հաղթահարել հայության հայրենիքի ընկալման տարանջատվածությունը` կախված  այն հանգամանքից` անձը արմատներով Արևելյա՞ն, թե՞ Արևմտյան Հայաստանից է: Ներկայիս Հայաստանը (ներառյալ Արցախը) բոլորիս հայրենիքն է, արևելյան հատվածի ամրապնդումն ու հզորացումն է ուժեղ Հայաստանի և հետևաբար սփյուռքահայերի հայկական ինքնության պահպանման գրավականը, քանի որ ամենամեծ վտանգը այս պահին գալիս է մեր արևելքում գտնվող հարևանից: Եվ զոհի կերպարից  ձերբազատվել նշանակում է ոչ թե Ցեղասպանության ճանաչման հարցը առաջնային չդիտարկել, այլ ուղղակի մեր մեջ հաղթանակողի ինքնություն ձևավորել: Արցախյան հաղթանակով մենք ապացուցեցինք, որ շարունակելու ենք ապրել ու զարգանալ ի հեճուկս մեր երկու հարևանների` մեզ ճնշելու և տնտեսական շրջափակումներով ծնկի բերելու փորձերին, և հենց այս առումով հնարավոր չէ Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական գործընկերության մեր դեմ ուղղված քաղաքականությունը դիտարկել առանձին-առանձին, հետևաբար մեր բոլոր խնդիրները վերաբերում են ամբողջ հայությանը: Եվ կան հարցեր, որոնց առնչությամբ դիրքորոշումը պետք է միասնական լինի, գործակցությունն էլ պիտի միասնական լինի: Եվ մեր հետագա ձեռքբերումներն էլ կախված են նրանից, թե մենք ինչքանով կգիտակցենք միասնական գործելու և խնդիրների ընկալումներն ըստ առաջնահերթության ճիշտ հավասարակշռելու քաղաքականությունից:

Իսկ մեզ մոտ տեղի ունեցավ այս ամենի ճիշտ հակառակը: Արցախյան հիմնահարցը վերածվեց ներքաղաքական ինտրիգների, իրար վարկաբեկելու, «Ղարաբաղը ծախելու» ու «ազգին դավաճանելու» մեղադրանքների անվերջանալի մի շղթայի: Այսօր էլ մեր ընդդիմությունն ու իշխանությունը կարծես անուղղակի մրցակցության մեջ   են, թե ով ավելի զիջողական կլինի Արցախի հարցում:  Բայց վստահաբար կարելի է ասել, որ Արցախի հիմնահարցն  առաջիկա նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ընթացքում էլ, զուտ որպես լրացուցիչ ընտրազանգված գրավելու խաղաթուղթ, շարունակելու է շահարկվել բոլոր ուժերի կողմից:

Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է 1948 անգամ:
Print Friendly

Leave a Reply