Լևոն Արոնյան. «Հերթը մեր երկրի Ֆուտբոլիստներինն է»

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | March 10, 2011 17:33

Շուրջ մեկ ամիս Հայաստանում էր Լևոն Արոնյանը: Հանրածանոթ գրոսմայստերը Ծաղկաձորում նախապատրաստվում էր մայիսի 3-27-ին Կազանում կայանալիք շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարի քառորդ եզրափակչում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ մրցամարտին: Լևոնն ինքն է ընտրել այն շախմատիստներին, ովքեր պետք է օգնեն իրեն: Իսկ այդ պատիվը վստահվել է Սերգեյ Մովսիսյանին, Գաբրիել Սարգսյանին, Արման Փաշիկյանին, Հրանտ Մելքումյանին, Աշոտ Նադանյանին, ինչպես նաև չինացի գրոսմայստեր Վան Հաոյին։ Կազանում նրա կողքին կլինեն Սարգսյանը,  Մովսիսյանը, իսկ մյուսները կմնան իրենց երկրներում և կօգնեն ինտերնետային կապի միջոցով:

Փաստորեն, Արոնյանի հետ մեծ հույսեր են կապում և ակնկալում, որ նա կդառնա աշխարհի չեմպիոն: Իսկ դրա համար անհրաժեշտ  է հասնել մինչև եզրափակիչ և վճռական մրցամարտում հաղթել այդ տիտղոսի ներկայիս տիրակալ, Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդին: Հավակնորդների մրցաշարի հաղթողի հետ  Անանդը կմրցի Լոնդոնում, 2012 թ. սկզբին:

Արոնյանն «Անկախին» հայտնեց, որ Ծաղկաձորում ուսումնամարզական հավաքը շատ արդյունավետ է անցել, լավ է նախապատրաստվել: Սակայն կանխատեսումներ անել  չցանկացավ` նշելով միայն, որ հնարավոր է` աշխարհի չեմպիոնի կոչման համար  մրցամարտերին մյուս հավակնորդները նույնպես լավ նախապատրաստված լինեն: «Գրիշչուկի խաղաոճը ես հավանում եմ, կարծում եմ` շատ բարդ ու հետաքրքիր մրցամարտ կլինի: Կարևոր չէ, թե դրա հաղթողը հետո ում հետ կմրցի: Ես շախմատում և կյանքում չեմ սիրում ինչ-որ բան խնայել կամ թաքցնել: Միշտ փորձում եմ դրսևորել բոլոր հնարավորություններս: Ուստի ճիշտ կլինի ասել, որ իմ խաղում լուրջ փոփոխություններ չեն լինի: Ուրախ եմ միայն, որ իմ խաղը հիմա որակ է ձեռք բերել: Ի դեպ,  Վեյկ ան Զեեի միջազգային մրցաշարում Գրիշչուկը 11-րդն էր, բայց նա, վստահ եմ, չէր ուզում, որ այդպիսի ցածր արդյունք արձանագրվի: Պարզապես նրա խաղը չստացվեց: Չեմ կարծում, որ այս անգամ Գրիշչուկի խաղը նույնը կլինի:

Առջևում մարտի 11- 17-ը Մոնտե Կարլոյում կայանալիք  «Ամբեր» մրցաշարն է, որը, ճիշտ է, կարևոր է, բայց որոշիչ չէ: Շախմատիստները պարզապես կփորձեն հետաքրքիր խաղալ և պարզել, թե ով է ավելի հնարամիտ ու ճարպիկ»,- ասաց Արոնյանը:

Հիշեցնենք, որ այդ մրցաշարը յուրահատուկ է նրանով, որ մրցակիցներն ամեն տուրում միմյանց հետ անցկացնում են երկու պարտիա` արագ շախմատի և մրցում են կույր` առանց խաղատախտակին նայելու:

Արոնյանը ծնողների հետ բնակվում է Գերմանիայում, սակայն Հայաստանի հետ կապը սերտ է: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նրան մայրաքաղաքի կենտրոնում բնակարան է նվիրել, ինչից կարելի է ենթադրել, որ վերանորոգումից հետո շախմատիստն իր ժամանակի մեծ մասը Երևանում կանցկացնի:  Պատասխանելով այն հարցին, թե որտեղ է ավելի հետաքրքիր, Արոնյանն ասաց. «Սխալ կլինի ասել՝ Եվրոպայում կամ Հայաստանում։ Իմ կյանքը շախմատում է»: Պարզվում է, որ Լևոնը «չոր օրենքի» կողմնակից չէ և երբեմն ոգելից խմիչքներ է օգտագործում. «Նախընտրում եմ գինի: Սիրում եմ նաև պորտվեյն, թեքիլա և հոնի օղի»,- ասաց գրոսմայստերը: Նա հայտնեց, որ ազատ ժամանակը նվիրում է  ընթերցանությանը: Այժմ էլ տնտեսագիտական գրքեր է կարդում, որպեսզի պարզի, թե ինչու են աշխարհում տնտեսական խնդիրներ առաջանում: Եվ այդ հետաքրքրասիրությունը շախմատիստների էությունից է բխում, քանի  նրանք միշտ փորձում են վերլուծություններ կատարել, քայլերը հաշվել:

Արոնյանը, շախմատից բացի, ջազային երաժշտության մեծ սիրահար է, և դա կյանքում նրան օգնում է: Իսկ ֆուտբոլ Լևոնը ոչ միայն սիրում է, այլև  խաղում է: Նա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին հաղթանակ մաղթեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում մարտի 26-ին Երևանում կայանալիք խաղում: «Հայաստանի շախմատի հավաքականը քանիցս հաղթել է Ռուսաստանի ընտրանուն, այժմ հերթը մեր երկրի ֆուտբոլիստներինն է»,- ասաց Արոնյանը:

Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Արոնյանը շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովի օրինակով քաղաքանությամբ զբաղվի կամ որևէ պաշտոն զբաղեցնի, նա պատասխանեց, որ պարզպես չի սիրում ծրագրեր կազմել, նույնիսկ` հաջորդ օրվա համար:

Դիտվել է 1569 անգամ:
Print Friendly

Leave a Reply