Ինչո՞ւ են բացակայում աստղերը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | March 16, 2011 12:29

Վերջին տարիներին Հայաստանի ծանրորդները միջազգային ստուգատեսներում, այդ թվում` Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, օլիմպիական խաղերում շարունակ անակնկալներ են մատուցում: Հետաքրքիրն այն է, որ մեր երկրի օրերս կայացած առաջնությունում  նույնպես ուշագրավ բաներ կատարվեցին:

Ստուգատեսը կայացավ Երևանի  մարզական քոլեջի ծանրամարտի դահլիճում, որը հանդիսականներ հյուրընկալելու սուղ հնարավորություններ ունի: Իմիջիայլոց, այս պատկերը վերջին տարիներին սովորական է դարձել: Իսկ պատճառն այն է, որ շարժական մրցահարթակներ չկան, որոնք հնարավոր լիներ տեղադրել Հայաստանի մեկ այլ, ավելի տարողունակ մարազասրահում, և ծանրամարտի սիրահարներն էլ հնարավորություն ունենային տեսնելու, թե ինչպես են իրենց դրսևորում  այս մարզաձևի մեր աստղերը, ովքեր  մեծ հույսեր են ներշնչում, որ բարձունքներ կնվաճեն:

Ի դեպ, աստղերից մի քանիսը` Հռիփսիմե Խուրշուդյանը, Արա Խաչատրյանը, Ռուբեն Ալեքսանյանը, Առաքել Միրզոյանը, Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը, Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը, Գևորգ Դավթյանը բացակայում էին: Եթե առաջին հինգը ապաքինվում են վնասվածքներից, ապա վերջին երկու օլիմպիական խաղերի մրցանակակիրների մասին այդպես էլ ոչ ոք չկարողացավ տեղեկություն հայտնել:

Փաստն այն է, որ 2010-ին Թուրքիայում կայացած աշխարհի առաջնությունից հետո այդ մարզիկները Հայաստանի հավաքականի մարզիչների տեսադաշտից դուրս են: Դժվար է ասել, թե նրանք ինչով են զբաղված, սակայն Հայաստանի հավաքականում ընդգրկվելու համար այդ ծանրորդները մրցումներում իրենց կարողությունները դրսևորելու կարիք ունեն: Բանն այն է, որ տիտղոսները բավարար չեն հավաքականում տեղ ապահովելու համար: Իսկ Հայաստանի առաջնությունն առիթ էր, որ մարզիկները ցույց տային, թե ինչի են ընդունակ, սակայն նրանք դա չարեցին:

Ի դեպ, մինչև ստուգատեսի մեկնարկը լուրեր էին պտտվում, որ առաջնությունը կարող է բաց թողնել նաև աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը, սակայն վերջին պահին նա որոշեց մրցահարթակ դուրս գալ և մասնակցել 69 կգ քաշայինների պայքարին և  հաղթեց ցածր արդյունքով` 190 (85+105) կգ: Ինչքան էլ  մարզիկն ուժեղ լինի, եթե նա երկար ժամանակ պաշտոնական մրցումների չի մասնակցում, կորցնում է վստահությունը: Այնպես որ՝ Նազիկի  որոշումը ողջունելի էր:

Այս ստուգատեսին  25 ծանրորդուհի մասնակցեց: Ինչ խոսք, թիվը մեծ չէ, այդուհանդերձ առաջընթաց կա, նաև հույսեր կարող ենք փայփայել, որ առաջիկայում Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի ծանրորդուհիների առաջնություններին մեր երկիրը կներկայանա լիակազմ թիմերով: Մրցահարթակ էր դուրս եկել 65 ծանրորդ:

Ծանրամարտի Հայաստանի առաջնությունում  0-ներ ստացող մարզիկներ շատ չեղան, սակայն  պոկում վարժությունում անհաջողության մատնվելով` պայքարից դուրս մնացին  Աղասի Աղասյանը (85 կգ) և Վարդան Դավթյանը (95 կգ), ովքեր Հայաստանի հավաքականի թեկնածուներ են,  և նրանից սպասելիքները շատ են: Ընդ որում, կասկած չկա, որ երկուսն է  մեծ  կարողություններ ունեն: Դրա ապացույցն էր այն, ինչն արվեց այդ մարզիկների անհաջողության մատնվելուց հետո: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը թույլատրեց, որ  երեք անգամ ձախողված մարզիկները չորրորդ անգամ մոտենան ծանրաձողին, և Աղասյանը 150 կգ չբաձրացնելուց հետո չորրորդ մոտեցման ժամանակ կարողացավ գլխավերևում պահել 155 կգ-ոց ծանրաձողը: Բանն այն է, որ նա առանց քաշը պակասեցնելու էր մասնակցում,  նոր քաշային կարգում, նաև իր համար անսովոր կիլոգրամներ էր պատվիրել: Իսկ Դավթյանը ոչինչ չտվող մոտեցման ժամանակ նույնպես հաղթահարեց մեծ ծանրություն` 173 կգ: Սակայն ադպիսի  սիրալիրություն  միջազգային ստուգատեսներում  չի ցուցաբերվի,  ուստի այդ ամենը հաշվի առնելով` հայ ծանրորդները պետք է ձգտեն, որ առավել արդյունավետ օգտագործեն ծանրաձողը բարձրացնելու համար տրված հնարավորությունները:

«Մեր մարզիկներին անհրաժեշտ է, որ իրենց ուժերի նկատմամբ վստահություն ձեռք բերեն, պարզեն` անհաջողությունը պատակա՞ն էր, թե՞ իրենք են թույլ: Այդ է պատճառը, որ նրանց հնարավորություն տրվեց ևս մեկ անգամ ծանրաձողին մոտենալ: Ե՛վ նրանք, և՛ մենք համոզվեցինք, որ նախապատրաստական աշխատանքները ճիշտ են ընթանում: Իսկ ձախողումները նաև լարվածության հետևանք են, քանի որ բոլոր քաշային կարգերում  սուր մրցակցություն էր Հայաստանի հավաքականում տեղ զբաղեցնելու համար, իսկ այն արդյունքները, որոնք մարզիկները ցույց են տալիս, կարող են հաջողություն բերել միջազգային խոշորամասշտաբ ստուգատեսներում»,- ասաց ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահը:

Հայաստանի հավաքականի հիմնական հույսերից մեկը` 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը, մեկ քաշային կարգ բարձր` 62 կգ քաշայինների պայքարին մասնակցեց և հաղթեց 258 (113+146) կգ արդյունքով: Ընդհանրապես, մեր առաջատարների առջև խնդիր չէր դրվել  ձերբազատվել ավելորդ կիլոգրամներից, քանի որ ապրիլի 11-17-ը Կազանում կայանալու է Եվրոպայի առաջնությունը, և նրանց համար դժվար կլիներ կարճ ժամկետում երկու անգամ  քաշ գցելը: 105 կգ քաշայինների պայքարում ուժեղագույն ճանաչված Եվրոպայի չեմպիոն Գևորիկ Պողոսյանն էլ ժամանակավոր մեկ քաշային կարգ բարձր էր տեղափոխվել` 405 (180+215) կգ:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը  գոհ էր առաջնությունում մեր մարզիկների ցույց տված արդյունքներից: «Զգացվում է, որ տեղերում մարզիչները նպատակադիր աշխատանք են կատարում, և նրանց սաների ցույց տված ադյունքներն էլ այդ են վկայում: Փաստորեն, մեր մի խումբ առաջատարների բացակայության պայմաններում մի շարք մարզիկներ մեծ կամք դրսևորեցին, որպեսզի խաղարկված պարգևներից անմասն չմնան: Կարծում եմ` մեր ուժեղագույնները մինչև նոյեմբերի սկզբին  Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությունը լավ մարզավիճակում կլինեն: Պարզապես հարկադրված ենք այդ ստուգատեսում հնարավորն անել լավ հանդես գալու համար, քանի որ այն վարկանիշային է  և  վճռորոշ կարող է լինել, թե քանի մասնակից կարող ենք ունենալ 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում»,- ասաց Խաչատրյանը:

Նշենք նաև Հայաստանի չեմպիոն դարձած մյուս մարզիկների անունները. Մարգարիտա Ղազարյան (48 կգ), Իզաբելլա Յայլյան (53 կգ), Էլեն Գրիգորյան (53 կգ), Քրիստինե Պետրոսյան (63 կգ), Մելինե Դալուզյան (75 կգ), Նաիրա Հարությունյան (+75 կգ), Վանիկ Ավետիսյան (69 կգ), Նորայր Տոնոյան (77 կգ), Գոռ Հարությունյան (85 կգ), Էդգար Գևորգյան (94 կգ), Արթուր Բաբայան (105 կգ): Վերջինս էլ Հայաստանի առաջնությանը մասնակցում էր որպես գերծանրքաշային և հաղթեց` 405 կգ: Ի դեպ, խոսկացություններ կային, որ Հայաստանի առաջնությանը պետք է մասնակցի լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի որդին` 94 կգ քաշային Նորայրը, որ նախկինում հանդես է եկել ԱՄՆ-ի հավաքականի կազմում, սակայն նա այդպես էլ մրցահարթակ դուրս չեկավ:

Ինչ վերաբերում է վնասվածք ունեցողներին, ապա Խուրշուդյանը Ծաղկաձորում  անցկացրած ուսումնամարզական հավաքի ժամանակ ոտքն է ոլորել, այժմ այն գիպսի մեջ է: Սակայն մարզիչները հույս ունեն, որ մինչև եվրոպական ստուգատեսը Հռիփսիմեն կապաքինվի: Ռուբեն Ալեքսանյանը նոր է Մոսկվայում ավարտել բուժումները և  չի հասցնի նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Արա Խաչատրյանը և Տիգրան Մարտիրոսյանը շարունակում են բուժվել Ռուսաստանի մայրաքաղաքում: Առաքել Միրզոյանն էլ փորձում է Հայաստանում վերագտնել իր լավագույն մարզավիճակը:

Հայաստանի ծանրորդուհիների հավաքականը  Եվրոպայի առաջնության նախապատրաստական ուսումնամարզական վերջին հավաքը կացկացնի Կազանում: Իսկ ծանրորդների Հայաստանի ընտրանին  վերջին հավաքի կազմակերպման վայր է ընտրել  Պոդոլսկի հայտնի մարզահամալիրը: Նախատեսվում է, որ մեր երկրից Եվրոպայի առաջնությունում մրցահարթակ դուրս կգան  Էլեն Գրիգորյանը (53 կգ), Մելինե Դալուզյանը (69 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ): Հայաստանի ծանրամարտի հավաքականում  նախապատրաստվում են Սմբատ Մարգարյանը (56 կգ), Վանիկ Ավետիսյանը, Սամվել Գրիգորյանը ( երկուսն էլ` 69 կգ), Արայիկ Միրզոյանը, Աղասի Աղասյանը ( երկուսն էլ` 77 կգ), Էդգար Գևորգյանը (85 կգ), Գևորիկ Պողոսյանը (94 կգ),  Արթուր Բաբայանը (105 կգ): եվ թեև մեր մի  քանի ուժեղագույններ Եվրոպայի առաջնությանը չեն  մասնակցելու, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը վստահեցրեց, որ մերոնք հնարավորը կանեն, որպեսզի խաղարկված մեդալներից անմասն չմնան:

Դիտվել է 2263 անգամ:
Print Friendly

Leave a Reply