Լեղաքարային հիվանդություն

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 12, 2011 15:00

Սա տարածված  հիվանդություն է, որի նախանշաններից է սնունդ ընդունելուց հետո բերանում դառը համի զգացողությունը, հաճախ էլ` ծանրության զգացումը աջ  կողատակին : Մարդկանց մեծամասնությունը հիվանդության  նախնական փուլում ի հայտ եկած նախանշաններին ուշադրություն չի դարձնում, ինչը հղի է լուրջ հետևանքներով:

Բժիշկների խոսքով` լեղաքարային հիվանդությանը բնորոշ է լեղապարկում քարերի առաջացումը: Դրանք վատ հետևանք են թողնում լեղապարկի վրա:

Հիվանդության առաջացման պատճառները

–       Ուսումնասիրություններով պարզվել է, որ հիվանդությունը հաճախ է հանդիպում հղի կանանց մոտ: Բանն այն է, որ ապագա մայրիկի էսթրիոլը(կանացի հորմոն) կարող է քարառաջացման առիթ դառնալ:

–       Օրալ հակաբեղմնավորիչները նույնպես կարող են հանգեցնել լեղաքարային հիվանդության:  Ուստի դեղահաբերն օգտագործելուց առաջ պետք է բժշկի հետ խորհրդակցել:

–       Ավելորդ քաշով մարդիկ նույնպես   ռիսկային խմբում են, չէ՞ որ  արյան մեջ խոլեստերինի ավելցուկը նպաստում է լեղապարկում քարերի առաջացմանը: Սակայն անկանոն սնունդը, ինչպես նաև թերսնումը նույնպես  կարող են հիվանդության պատճառ դառնալ: Սա հատկապես վերաբերում է նրանց, ովքեր անընդհատ սննդակարգերի են հետևում:

–       Նստակյաց կյանքը  նույնպես լուրջ  պատճառ է:

Լեղապարկում քարերի առաջացումն անմիջապես չեք զգա: Սակայն եթե փոքր-ինչ կասկած ունեք, դիմեք բժշկի, քանի որ այն զարգանում է աստիճանաբար, քայլ առ քայլ: Բժիշկն ուլտրաձայնային հետազոտությամբ (անցավ է) կպարզի քարերի առկայությունը: Կանխարգելման նպատակով ավելորդ չէ, ասենք, սննդակարգից հեռացնել յուղոտ, խոլեստերինով հարուստ մթերքները, դրանցից են  կաթնամթերքը, յուղոտ ու տապակած ուտելիքները, օսլան ու ձուն:

Նոպայի ժամանակ ցավերը մեղմելու համար կարելի է  տաքացնող  թրջոց դնել: Դրա համար հարկավոր է մի ճաշի գդալ քաֆուրը (կամֆորա) տաքացնել, դրա մեջ մի ոչ մեծ լաթ թաթախել ու դնել լեղապարկի ուղղությամբ: Ցավը մի քանի րոպեից կթուլանա: Սակայն  այս դեպքում ևս հարկավոր է դիմել բժշկի ու հետևել նրա բոլոր ցուցումներին: Թանկարժեք դեղորայքը  միշտ չէ, որ արդյունավետ է: Երբեմն առաջարկվում է վիրաբուժական միջամտություն: Լեղապարկը հեռացնելուց հետո մարդը շատ շուտ է վերականգնվում:

Իսկ լավագույն միջոցը, ինչպես և շատ ու շատ հիվանդությունների դեպքում, առողջ սնունդն ու կենսակերպն է:

Դիտվել է 6904 անգամ:
Print Friendly

Leave a Reply