Կրթությունը ՀՀ-ում. սթրեսածին դպրոց և դիցաբանական մտածողությամբ դասագրքեր

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 14, 2011 1:01

Գոռը, որ նոր է դարձել 7 տարեկան, սովորում է 2-րդ դասարանում: Մայրը պատմում է, որ երեխան դպրոցում փայլուն չի սովորում, ինքն էլ չի ստիպում. խաղի համար էլ ժամանակ պետք է մնա: Մայրը նշում է, որ ամեն օր դասերը միասին են պատրաստում. այդպես է և երկու ավագ երեխաների դեպքում: Ճիշտ է, որոշ թեմաներ երեխան ինքնուրույն կարող է սովորել, սակայն երբեմն էլ դասերն ու առաջադրանքներն այնքան բարդ են, որ ինքը  հազիվ է գլուխ հանում:

Իզաբելլան ասում է, որ երեխան այդպես էլ չի կարողանում հասկանալ նախադասության գլխավոր և երկրորդական անդամները, դրանց անհրաժեշտությունը, չնայած վարժությունները ճիշտ գրում է. «Օդի մեջ անգիր է ասում»:  Ասում է, որ պակաս բարդ չեն մաթեմատիկայի վարժությունները. «Օրինակ` երկուսի աղյուսակն անցան, դեռ միանիշ թվերի բազմապատկումը չյուրացրած` պահանջվում է մեծ թվերով բազմապատկում կատարել. եթե երեխան դեռ 2×5-ը չի յուրացրել, ինչպե՞ս կարող է միանգամից 2×50 կամ 2×15 բազմապատկել»: Նրա կարծիքով`  այժմ ուսումն ավելի բարդ է, երեխաները չեն կարողանում մատուցված նյութերը յուրացնել, այդ պատճառով էլ չեն սիրում սովորել, կարդալ. «Նախադասություններ կամ վարժություններ կան, որ ես կարդում ու չեմ հասկանում: Նման պահերին մտածում եմ` գուցե ե՞ս եմ թերի»:

Տարրական դասարաններում կիրառվում են մայրենիի և մաթեմատիկայի երկու տարբեր հեղինակների  այլընտրանքային դասագրքեր` Վ. Սարգսյանի հեղինակած մաթեմատիկան և մայրենին, ինչպես նաև Դ. Գյուրջինյանի հեղինակած մայրենին ու Ս. Մկրտչյանի մաթեմատիկան: Տարրական դասարանների դասագրքերը քննարկելիս մանկավարժները հիմնականում դրանց դրական և բացասական կողմերը գնահատում են մինչ այդ կիրառված դասագրքի հետ համեմատելով: Ահա Վաչագան Սարգսյանի մայրենիի դասագիրքը դրական են գնահատում. նախկին դասագիրքն, ըստ ուսուցիչների, բարդ  և ձանձրալի էր, երեխաներին ստիպելով են սովորեցրել, մինչդեռ  հիմա  դասագրքերը ուրախ նկարազարդումներով են, տեքստերն էլ հեշտ են:

Մանկավարժները նշում են, որ երեխան, անշուշտ, նոր դասագրքերով դասը պատրաստում է ծնողի օգնությամբ, սակայն ոչ պարտադրանքով: «Երեխաները չեն ձանձրանում, հիմնականում ինքնուրույն էլ կարողանում են հաղթահարել առաջադրանքները,- ասում է  Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի դասվար Սուսաննա Մուշեղյանը:- Բոլոր գրքերն էլ ինչ-որ թերություններ ունեն:  Անթերի գիրք չկա»:

Սարգսյանի հեղինակած մաթեմատիկայի մասին, սակայն, անգամ համեմատության կարգով, մանկավարժները դրական ոչ մի խոսք չեն ասում: Նշում են, որ ոչ միայն թեմաները պարզից դեպի բարդ չեն գնում, այլև ամեն թեմայից հետո բավականաչափ վարժություններ չկան, որպեսզի երեխան հասցնի յուրացնել դասը: Մաթեմատիկայի միջին կարողությունների տեր երեխան անտեսված  է. պարզ վարժություններից կտրուկ անցում է կատարվում շատ բարդ խնդիրների: «Բազմանիշ թվերի հետ գործողություններին միանգամից է անցում կատարվում: Միանգամից եռանիշ թվերով գումարում ու բազմապատկում է առաջարկում: Երեխաների մեջ խառնաշփոթ է սկսվում»,- ասում է դասվար  Աննա Սաֆարյանը:

Մարինա Գյոլչանյանն էլ նշում է, որ «Բարդ, տիպային խնդրից ողջ գրքում մեկ-երկու օրինակ կարող է լինել, մինչդեռ մեկ այլ նման կամ ավելի հեշտ թեմային մի քանի ժամ է տրամադրվում: Փաստորեն, երեխան չի հասցնում յուրացնել թեման: Նույն տիպի խնդրից երեխան գոնե 10-15 հատ պետք է լուծի, որ տպավորվի, հասկանա, ինչը չի ապահովում ներկա դասագիրքը»:

Տարիքային հոգեբան Նաիրա Հարությունյանը, անդրադառնալով ներկայիս դասագրքերի հոգեբանական կողմին, նշում է, որ դրանք չեն համապատասխանում երեխայի տարիքային զարգացմանը. խաղից ուսուցում անցումը շատ կտրուկ է: Տեքստերն ու վարժություններն այնքան բարդ են, որ հաճախ երեխան  պահանջը չի հասկանում, ուստի առանց ծնողի սովորել չի կարող, հետևաբար երեխաների մեջ ինքնուրույնություն չի զարգանում. «Երեխան կրտսեր դպրոցից վարժվում է այն մտքին, որ դաս պատրաստելիս ծնողը պետք է իր կողքին լինի և օգնի: Դա հանգեցնում է նրան, որ արդեն մեծ տարիքում էլ երեխայի մեջ ինքնուրույնություն չի ձևավորվում ուսման գործընթացում»: Բացի այդ, բարդ դասերը պատճառ են դառնում, որ աստիճանաբար երեխայի մեջ բացասական վերաբերմունք  ձևավորվի տվյալ առարկայի և ուսուցչի նկատմամբ, ինչը հետագայում վերաճում է դպրոցի և ուսման  նկատմամբ հակակրանքի:

Փորձեք լուծել 7-ամյա աշակերտի համար նախատեսված առաջադրանքներն առանց երկար-բարակ մտածելու

Հոգեբան Ռուբեն Պողոսյանն ասում է, որ դասագիրք գրելը շատ դժվար գործ է, ուստի դասագրքերի հեղինակային կազմը մեծ պետք է լինի, ընդգրկվեն ոչ միայն գիտնականներ, այլև մանկավարժներ, ծնողներ, հոգեբաններ, մանկագիրներ, որպեսզի դասագրքերը հնարավորինս արդյունավետ լինեն: Նրա կարծիքով` դասագրքերը համաժողովրդական քննարկման առարկա պետք է դարձնել, քանի  որ դրանցով սերունդներ են դաստիարակվում: Հատկապես կրտսեր դպրոցում առանձնահատուկ մոտեցում է պետք. «Երեխան, իր խաղային գործունեությունից կտրվելով, մուտք է գործում գիտելիքի աշխարհ և  պետք է կարողանա ըմբռնել, թե ինչ է ուսուցումը, ինչ է անելու ինքը դպրոցում: Իսկ այսօր ուսումը երեխայի համար չի իմաստավորվում: Այդ պատճառով էլ մեկ-երկու կիսամյակ սովորելուց հետո շատ երեխաներ հրաժարվում են դպրոց գնալուց»:

Հոգեբանն ասում է, որ ուսուցումը ինքնանպատակ չպետք է լինի, պետք է սովորեցնի անհրաժեշտ գիտելիքներ, կարևոր հմտությունների ձևավորման փուլ պետք է լինի: Կրտսեր դպրոցը նաև դառնում է միջոց երեխայի հոգևորի զարգացման համար: Ըստ նրա` երեխաները շատ հզոր մտավոր ներուժ ունեն, և ուսուցուման միջոցով պետք է այն վեր հանել: Այլ հարց է, թե որքանով է  դա հաջողվում: Ինչ վերաբերում է դասագրքերին, ապա դրանք  որոշ թերություններ ունեն: «Զուգորդությունը զգայական ճանաչողության հիմքն է: Երեխայի մեջ զուգորդությունը պետք է կտրել զգայական ճանաչողությունից:  Երեխայինպետք է դնենք մտավոր-իմացականի մեջ: Երեխան պետք է հասկանա, որ իր փորձով իմացածից բացի այլ իրողություններ էլ կան: Իսկ ներկա դասագիրքը երեխային տանում է իր զգայական ճանաչողության ուղիով»,- ասում է Պողոսյանը 2-րդ դասարանի մայրենիի մասին:

Անդրադառնալով զուգորդություններ պարունակող վարժություններին` Պողոսյանը նշում է, որ  պատկերված են միմյանց հետ որևէ կապ չունեցող առարկաներ, իսկ երեխային դեռևս հասկանալի չէ պահանջը. «Երեխան անալիտիկ կարողություններ պետք է ունենա, որ այս ամենը կարողանա միացնել և պահանջը կատարել»: Օրինակ` «Ս+եղան= սեղան» արտահայտությունը երեխայի մեջ միտք կառաջացնի, թե ինչ կապ ունեն սեղանն ու եղանը, ի վերջո որտեղ է սեղանի մեջ եղանը: «Այսպես երեխայի մեջ դիցաբանություն կարող է առաջանալ, որ բառերն առաջանում են իրերից:  Սա դից է, դիցաբանություն և ոչ մի կապ չունի գիտական գիտակցության հետ: Իսկ մենք երեխային պետք է դնենք գիտական հիմքերի վրա»,- ասում է Պողոսյանը` հավելելով, որ  երեխան ի սկզբանե դիցաբանական պատկերացումներ ունի, իսկ դասագիրքը նպաստում է դիցաբանական գիտակցության զարգացմանը:

Հոգեբանը նկատում է, որ ուսուցումը դժվար է նաև նրանով, որ ի տարբերություն խաղի, «փաթաթվում»  է երեխայի վզին: Երեխան հաճույք պետք է ստանա դասից, խնդիրներ լուծելուց: Իսկ դասագիրքը երեխայի համար ուղեկից և ուղեցույց պետք է լինի դպրոցից դուրս: Սակայն, մեր օրերում դասագրքերը  գլուխկոտրուկների են վերածվել. նախ` ծնողներն են, միմյանց հետ խորհրդակցելով, խնդիրները լուծում, հետո երեխաներին
բացատրում:   «Դասագրքերը պետք է վերանայվեն: Երեխան շնիկ չէ, որ վարժեցնենք,- ասում է Պողոսյանը:- Ստեղծված պայմաններում երեխաները  դպրոցում որոշ սթրես են տանում»:

Երեխաների մեջ մշտական լարվածությունը նկատել է նաև Նաիրա Հարությունյանը, որ աշխատում է դպրոցում: Նա նշում է, որ դասերով ծանրաբեռնված երեխաները կտրվում են նաև խաղերից, ինչը միջանձնային հարաբերությունների ձևավորման  առումով շատ կարևոր է:

Դիտվել է 3571 անգամ:
Print Friendly

Leave a Reply