Տնտեսականը հաղթահարվում է, իսկ բարոյակա՞նը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | March 13, 2011 9:01

Հիմա շատ արդիական է խոսել տնտեսական ճգնաժամի մասին` անկախ մեր հասկացողության աստիճանից:  Ինչ էլ հասկանանք կամ չհասկանանք, բոլորիս համար անվիճելի է, որ հիմա տնտեսական ճգնաժամ է, և ամեն ինչ պետք է անել այն հաղթահարելու համար:

Իսկ բարոյակա՞ն ճգնաժամը: Հիշենք, օրինակ, թե մեր հեռուստատեսության անթիվ ու երկարուձիգ սերիալների, երաժշտական հաղորդումների, հիթ շքերթների կողքին քանի դաստիարակչական, բարոյախրատական, գիտական հաղորդումներ կան. շատ քիչ:

Օրվա ընթացքում նույն երգչին կամ երգչուհուն կարող ենք միաժամանակ տեսնել մի քանի ալիքներում, ընդ որում` ոչ միայն երգչի, այլև դերասանի դերում: Դերասանությունը մարդկանց մի ստվար բանակի համար հիմա ոչ թե արվեստ է, այլ բիզնես կամ զբաղվածություն: Խոսքս մեր հանրապետությունում աներևակայելի արագությամբ բազմացող աստղերի մասին է:   Ափսոս որ մոռացվել է հայտնի ասացվածքը` «Ամեն ինչի համը աղն է, իսկ աղի համը` չափը»:

Այսօր գրագետ և ուսուցանող հաղորդաշարերի քաղց կա, որը բավարարելն այնքան էլ դժվար չէ: Մեր հեռուստաեթերից մատուցվող թվացյալ բազմազանության մեջ ահավոր միօրինակություն կա, որի անորակությունը երբեմն քեզ` որպես հայ հեռուստադիտողի, վիրավորում է: Ովքե՞ր են եթերում, ովքե՞ր են ճաշակ թելադրում, ո՞ւմ օրինակին պիտի հետևի եկող սերունդը: Ոչ վաղ անցյալի հայկական ֆիլմերից խոսակցական լեզվում հանգրվանած ու համարյա թևավոր խոսքեր դարձած «Մուրադը կատաղեց», «Արտակից խառը նամակ ա եկել», «Կարող ա պատահի մեզ հետևում են» արտահայտություններն այսօր ինչո՞վ են փոխարինվել.  «Ուռու գլուխ», «Հարսիկ-Վարսիկ», «Զիլ ա», «Կայֆ ա», «Ստրախ ա գանյատ անում» և նմանօրինակ «գոհարներով»…

Բան չունեմ ասելու, երբեմն այս պարզունակությունն էլ գուցե պետք է, համեմատության համար, բայց այդ դերասաններին կուռք դարձնել ու այդ բառերը ամեն քայլափոխի օգտագործել…

Տնտեսական ճգնաժամը վաղ թե ուշ կհաղթահարվի, մնացած հարցերը վատ թե լավ իրենց լուծումները կստանան. դրա համար ժամանակ է պետք: Բայց վախենամ, որ այդ նույն ժամանակը խաթարի բարոյական արժեքները… Նման ճգնաժամի հետևանքները վերացնել շատ ավելի դժվար կլինի, եթե ոչ` անհնար…

Հասկանալի է, որ առաջարկը պահանջարկ է ծնել, բայց հո մենք կարող ենք մեր պահանջարկի հերն ինքներս չանիծել:

Շուշան ՕՀԱՆՅԱՆ

Դիտվել է 1366 անգամ:
Print Friendly

Leave a Reply