Արցախի միացումը Ռուսաստանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | ankakh | March 10, 2011 15:28
1988 թ. փետրվարին սկսվեց Արցախյան ազատամարտը: Արցախը, որ միշտ իրավամբ հայ ժողովրդի բազուկն է համարվել, այս անգամ էլ ընդվզվեց պատմական անարդարության դեմ ու ազատության դրոշ բարձրացրեց: Սա Խորհրդային Միության ողջ գոյության ընթացքում առաջին բացահայտ ընդվզումն էր խորհրդային ամբողջատիրական վարչակարգի դեմ:
Արցախ անունն առաջացել է Հայկ նահապետի Արա որդու անունից: Այն ըստ Աշխարհացույցի` հայոց 11-րդ նահանգն էր և միշտ եղել է հայոց միջնաշխարհում:
Դեռ հնուց հայոց բանակի կորիզն է կազմել արցախյան այրուձին: Արարատյան, Երվանդունի, Արտաշեսյան, Արշակունի և Բագրատունի արքայատոհմերի կառավարման ժամանակ Արցախը մեր հայրենիքի անբաժան մասն է կազմել, իսկ օտար տիրապետության ժամանակահատվածում միշտ առաջիններից է սուր ճոճել թշնամու դեմ` հանուն ազատության: XIII- XIX դարերում, երբ թշնամու լծից տառապող հուսահատ հայությունն իր հայացքն ուղղեց դեպի հյուսիս` Ռուսաստան, Արցախը, փաստորեն, դարձյալ առաջինն էր, որ պայքարի սուր բարձրացրեց և Ռուսական կայսրությանը հրավիրեց Անդրկովկաս` հույս ունենալով քրիստոնյա Ռուսաստանի միջոցով գտնել փափագած ազատությունը…
XIX դարի սկզբին Ռուսական կայսրությունն իր իշխանությունը հաստատեց նախ ներկայիս Վրաստանի, ապա Ադրբեջանի տարածքներում: Հերթը հայկական տարածքներինն էր: Այդ առումով առաջինը, բնականաբար, պիտի լիներ Արցախը: Խամսայի մելիքությունները, որ, ըստ էության, կիսաանկախ իշխանություններ էին, երկարատև անհավասար պայքար էին մղում թուրք ու պարսիկ նվաճողների դեմ և անզոր` ինքնուրույն ազատագրվելու օտար տիրապետությունից ու միամտաբար կարծելով, թե կարող են հյուսիսի օգնությամբ անկախ հայկական պետություն ստեղծել, հայացքը հառել էին դեպի հյուսիս և ակնկալում էին Ռուսական կայսրության հովանավորությունը: Ուստի 1804 թ. սկսված ռուս-պարսկական պատերազմի ժամանակ արցախցիները լծվեցին ռուսական ռազմական սայլին: Շուշիի Իբրահիմ խանն էլ իր հերթին զգալով, որ Ռուսաստանին դիմակայելն անօգուտ է, առանց կռվի ճանաչեց ռուսական գերիշխանությունը:
Փաստորեն ստացվեց այնպես, որ Արցախի մելիքները, պայքարելով նաև Իբրահիմ խանի դեմ, ցանկանալով նրան վտարել Արցախի տարածքներից, դաշնակցեցին ռուսների հետ, սակայն վերջիններիս միացավ նաև հայության ոխերիմ թշնամի Իբրահիմ խանը: 1805 թ. մայիսի 14-ին Գանձակի մերձակայքում` Քյուրակչայ գետի ափին, Իբրահիմ խանն ու ռուսական բանակի հրամանատար կոմս Ցիցիանովը ստորագրեցին համաձայնագիր, որով Իբրահիմ խանը ճանաչում էր Ռուսաստանի գերիշխանությունը: Համաձայնագրի ստորագրմանը ներկա էին նաև Գանձակի և Թիֆլիսի հայոց հոգևոր առաջնորդ Հովհաննես արքեպիսկոպոսը և Վարանդայի մելիք Ջումշուդ Մելիք-Շահնազարյանը:
Այդ պայմանագրով Արցախում տարածվում էր ռուսական գերիշխանությունը, Շուշիում հաստատվում էր ռուսական կայազոր: Եվ ռուսները հուսախաբ արեցին արցախահայությանը` Արցախի կառավարումը թողնելով Իբրահիմ խանի ձեռքին, որին, սակայն, պիտի հսկեին ռուսական պաշտոնյաները: Այսուհանդերձ, այդ համաձայնագիրը Արցախը լքած և Լոռիում հաստատված հայ ազգաբնակչությանը և մելիքներին հնարավորություն ընձեռեց վերադառնալու հայրենի օջախ:
Ռուսական հրամանատարության այս երկդիմի խաղը պայմանավորված էր նրանով, որ նրանք այսուհետ Իբրահիմ խանին պիտի օգտագործեին որպես հայկական շարժումները կառավարող գործիք: Թողնելով պաշտոնում հայերի ոխերիմ թշնամուն` Ռուսաստանը ցանկանում էր Արցախում միշտ լարված պահել հայ- թուրքական հարաբերությունները և այդպիսով հայերին միշտ օգտագործել իրենց ռազմական գործողություններում:
Ինքը` Իբրահիմ խանը, որի ռուսական «կողմնորոշումը» պայմանավորված էր սոսկ ռուսական զենքի հաջողություններով, կրկին պարսիկներին միանալու առիթ էր որոնում և անգամ գաղտնի բանակցում էր պարսկական թագաժառանգ Աբբաս Միրզայի հետ:
Շուտով Աբբաս Միրզան մեծաքանակ զորաբանակով հարձակվեց Արցախի վրա: Հայերը Վարանդայի մելիք Ջումշուդ Շահնազարյանի գլխավորությամբ համառ դիմադրություն ցույց տվեցին: Պարսիկները պաշարեցին Շուշիի բերդը, բայց գրավել չէին կարողանում: Իբրահիմ խանն ընտանիքով (24 հոգի) գիշերը դուրս է գալիս բերդից` ցանկանալով միանալ պարսիկներին: Ռուսական բանակի հրամանատար Լիսևիչը, այդ մասին տեղեկանալով մելիք Ջումշուդից, կալանավորում է խանին և սպանել տալիս նրան ու ընտանիքի բոլոր տղամարդկանց:
Շուշիի պաշտպաններին օգնելու համար Գանձակից 600 հոգիանոց ջոկատ է շարժվում` Կարյագինի գլխավորությամբ: Պարսիկները, իմանալով այդ մասին, ծուղակ են պատրաստում և Ասկերանի մոտ` Կառկառ գետի ձախ ափին, շրջապատում ռուսական ջոկատը 10000-անոց զորաբանակով: Անհավասար մարտում ռուսական ջոկատն իսպառ ջախջախվում է: Վիրավոր Կարյագինը մի քանի զինվորներով խույս է տալիս Շահբուլաղ բերդ: Աբաս Միրզան գրավում է Շահբուլաղը, բայց Կարյագինին ձեռք գցել չի հաջողվում: Մինչ պարսիկների ներխուժումը Վանի յուզբաշին բերդի պաշտպաններին գաղտնուղով դուրս է հանում:
Շուտով հաջողության նժարը թեքվում է ռուսների կողմը: Արցախ են մտնում ռուսական նոր զորամիավորումներ, որոնք Աբաս Միրզային քշում են Արաքսի աջ ափը:
1812 թ., օգտվելով ռուս-ֆրանսիական պատերազմի առիթից, Աբաս Միրզան կրկին պատերազմ է հայտարարում Ռուսաստանին ու հարձակվում է Արցախի վրա: Սակայն ռուսական բանակը ոչ միայն հաջողությամբ դիմագրավում է պարսկական հարձակմանը, այլև ջախջախելով Աբաս Միրզային` լուրջ սպառնալիք ստեղծում Պարսկաստանի անվտանգությանը: Պարսիկներն ստիպված հաշտություն են խնդրում:
1813 թ. հոկտեմբերի 12-ին Գյուլիստան գյուղում կնքվում է հաշտության պայմանագիրը, որով Ռուսաստանին են անցնում Դերբենդի, Ղուբայի, Բաքվի, Թալիշի, Շիրվանի, Շաքիի, Գանձակի, Ղարաբաղի խանությունները, Վրաստանը, Դաղստանը, Շորագյալը… Պարսկաստանը զրկվում է Կասպյան նավատորմից, Մեղրին ռուսները զիջում են պարսիկներին: Ռուսական կողմից պայմանագիրը ստորագրում է Ռտիշևը, պարսկական կողմից` Աբդուլ Իսան խանը:
1816 թ. գեներալ Վալերյան Մադաթովը նշանակվեց Անդրկովկասի ռուսական բանակի հրամանատար, իսկ 1817 թ.` Ղարաբաղում, Շաքիում և Շիրվանում նահանգային ռազմական հրամանատար:
Շուտով Ղարաբաղի Մեհտի-Ղուլի խանը, Շաքիի և Շիրվանի խաները, հրահանգ ստանալով Աբաս Միրզայից` սկսեցին նոր պատերազմի նախապատրաստվել: 1822 թ. Մադաթովը վերջնականապես վերացրեց այս խանությունները: Պարսկաստանը դիմեց ռուսական իշխանություններին` այս տարածքների մի մասը վերադարձնելու պահանջով և մերժում ստանալով` նոր պատերազմ սկսեց Ռուսաստանի դեմ:
Աբաս Միրզան, անակնկալի բերելով ռուսական հրամանատարությանը, գրավեց Զանգեզուրն ու Արցախը` բացի Շուշիից: Շուշիի կայազորը հայերի օգնությամբ պաշտպանության դիմեց: Պարսիկները 80000 բանակով շուրջ 48 օր պաշարեցին քաղաքը: Շուտով գրավեցին նաև Գանձակը: Բայց 1826 թ. ամռանը Մադաթովը հետ վերցրեց Գանձակը, ապա Մադաթովը շարժվեց դեպի Արցախ ու ստիպեց պարսիկներին խուճապահար փախչել: Պարսկական բանակը մեծ կորուստներով լքեց Արցախի սահմանները: Մադաթովը սկսեց իր պարսկական արշավանքը:
Նա արագ հարվածներով մի քանի ճակատամարտերում ջարդեց պարսկական զորքերը, գրավեց Թավրիզը` ուղղակի սպառնալիք ստեղծելով մայրաքաղաքի համար: Ֆաթալի շահը ստիպված էր հաշտություն խնդրել: 1828 թ. փետրվարի 10-ին Թավրիզի մոտ` Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր, որով էլ վերջ տրվեց պատերազմին: Պարսկաստանը ընդմիշտ կորցրեց Արցախն ու Արևելյան Հայաստանը:
Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
