Կարևոր չէ, թե ինչ հոգեվիճակում է բռնության ենթարկված անձը, կարևորը, որ մարդիկ չիմանան այդ մասին

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Իրավունք, Շաբաթվա լուր | | March 10, 2011 14:34

«Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության  Ազգային Թեժ Գծին եղել է 1777 զանգ, որից 701-ը (39,4%)՝ ընտանեկան բռնության վերաբերյալ: 701 զանգից 424-ը (60%) եղել է հոգեբանական, 264-ը (38%)՝ ֆիզիկական և 13-ը(2%)՝ սեռական բռնության վերաբերյալ: Կենտրոն դիմել են տարբեր ֆիզիկական վնասվածքներ և հոգեբանական խնդիրներ ունեցող կանայք:

2010թ. ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրական տվյալները` ելնելով Թեժ Գծին եղած զանգերի և Ճգնաժամային Կենտրոն եղած այցելությունների թվից, այսօր լրագրողներին ներկայացրեցին կազմակերպության հոգեբան Աննա Հակոբյանը, իրավաբան Ասյա Մկրտչյանն ու հասարակայնության հետ կապերի պատասխանատու Դիանա Սարգսյանը:

Վերջինս տեղեկացրեց, որի ի տարբերություն 2009թ.-ին Թեժ Գծին գրանցված 1010 զանգի, 2010թ.-ին այդ թիվը աճել է` հասնելով 1777-ի.

«Եթե 2009թ.-ին ընտանեկան բռնության վերաբերյալ եղել է 435 զանգ, ապա 2010թ.-ին` 701,-ասաց նա-բայց պատճառն ամենևին այն չէ, որ ավելացել են ընտանեկան բռնության դեպքերը, այլ այն, որ բարձրացել է կանանց իրազեկվածության աստիճանը «ընտանեկան բռնություն» երևույթի, ինչպես նաև կենտրոնի գործունեության վերաբերյալ»:

Հոգեբանի խոսքով, ահազանգերը հիմնականում լինում են հոգեբանական բնույթի: Պատճառն այն է, որ հոգեբանական բռնությունն ամենատարածվածն է. բռնության ցանկացած տեսակի մեջ կա նաև հոգեբանական բռնություն:

Բացի այդ, ըստ մասնագետի, կանայք ավելի հեշտ են խոսում հոգեբանական բռնության մասին, քան ֆիզիկական կամ սեռական:

«Օրինակ, մի ծեր կին էր մեզ զանգահարել և ասում էր, որ բռնության է ենթարկվում իր երեք զավակների կողմից,-պատմում է հոգեբանը,-պատճառն այն էր, որ ծեր կինը իր թոշակը չէր տալիս տղաներին ու հարսներին: Վերջիններս էլ կնոջ մահճակալը հանել էին սենյակից, հարսը ծխախոտով վառել էր սկեսրոջ ձեռքերը, կոտրել ատամները»:

Կանանց իրավունքների կենտրոնը օգնել է կնոջը, որպեսզի նա դիմի դատարան և առանձնացնի տան իր բաժինը: Սակայն կինը գործընթացի կեսից միտքը փոխել էր՝ մտածելով, որ ամոթ է: Այդ ամենից հետո տղաների խիղճը կամ ամոթն էլ էր շարժվել, և նրանք փոխել էին մոր հանդեպ ունեցած վերաբերմունքը:

Մեկ այլ պատմության մեջ էլ մայրը, տեսնելով, թե ինչպես է իր ամուսինը սեռական բռնության ենթարկում սեփական դստերը, լռել է՝ կրկին ամոթի պատճառով:

Մեկ ուրշ պատմության մեջ սկեսրայրն է պարբերապար սեռական բռնության ենթարկել հարսին, իսկ տղան ոչինչ չի ձեռնարկել՝ ասելով. «իմ հայրն է, և ես ոչինչ նրա դեմ անել չեմ կարող»:

«Ոչինչ, կարևոր չէ, թե ինչ հոգեվիճակում է բռնության ենթարկված անձը, կարևորը, որ մարդիկ չիմանան այդ մասին». ըստ հոգեբանի,  հենց այս մտածելակերպն է դառնում պատճառ, որ բռնությունները ոչ թե կանխվեն, այլ ավելանան՝ իրենց վատ հետևանքներով:

Դիանա Սարգսյանը հիշեցնում է ոչ վաղ անցյալում ամուսնու և սկեսրոջ կողմից բռնության ենթարկված ու սպանված քսանամյա Զարուհի Պետրոսյանի դեպքը.

«Նույն հարևանները, նրա կողքին գտնվողները միշտ տեսել են, թե ինչպես են սկեսուրն ու ամուսինը, նրա մազերը բռնած, աստիճաններից իջեցնում, ծեծում, բայց լռել են: Իսկ եթե չլռեին և ինքն էլ չլռեր, գուցե այդ դեպքը չլիներ»,-ասում է նա:

«Կանանց իրավունքների կենտրոն» ընտանեկան բռնության հիմնախնդրով զբաղվող կազմակերպության նպատակն է կանխարգելել ընտանիքում  կանանց և նրանց երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունը, խախտել լռությունը կանանց նկատմամբ բռնության մասին և համախմբել հասարակության ուժերը ընտանեկան բռնության դեպքերը բացահայտելու, դրա դեմ ակտիվ պայքար ծավալելու, այն հանրային քննարկման առարկա դարձնելու համար:

Սակայն Կենտրոնի մասնագետները վստահեցնում են, որ իրենց նպատակը ամուսիններին ամուսնալուծության դրդելը կամ նրանց ընտանիքները կազմալուծելը չէ.

«Մենք աշխատում ենք, որ կինը գիտակցի իր իրավունքները, կարողանա պաշտպանել իրեն, սակայն մենք նրանց փոխարեն դատարան չենք դիմում, ինքն է որոշում՝ անի՞ դա, թե ոչ»,-ասում է իրավաբանը:

Կանանց իրավունքների կենտրոնում ընտանեկան բռնության ենթարկված կանանց համար 24 ժամ գործում է Ազգային Թեժ Գիծ Հեռախոսային Ծառայություն հետևյալ հեռախոսահամարներով` 0 800 80 850 կամ 010 54 28 28:

Դիտվել է 3259 անգամ:
Print Friendly

Leave a Reply