Բակո Սահակյան. ԼՂՀ-ն վաստակել է միջազգային հանրության լիիրավ անդամ լինելու իրավունքը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 10, 2011 13:59

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ելույթ է ունեցել Միջազգային հարաբերությունների և ռազմավարական ծրագրերի ինստիտուտում տեղի ունեցած «1994 թ. զինադադարից 17 տարի անց. ո՞ւր է հասել Լեռնային Ղարաբաղն այսօր» համաժողովի ժամանակ:

ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն, Բակո Սահակյանը անդրադարձել է արցախյան հիմնախնդրի նախապատմությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախում պետականաշինության գործընթացին, ինչպես նաև ԼՂՀ միջազգային ճանաչման և նրա արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին:

Խոսելով հիմնախնդրի նախապատմության մասին` Բակո Սահակյանը նշել է, որ Արցախը պատմական Հայաստանի նահանգներից մեկն էր և միշտ կարևոր դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ. երկար ժամանակ հանդիսացել է հայոց անկախ պետականության վերջին բեկորը և ազգային-ազատագրական պայքարի էպիկենտրոնը:

Նախագահը ղարաբաղյան հիմնախնդրի ծագման սկիզբը համարել է 1918 թվականը, երբ Օսմանյան Թուրքիայի անմիջական միջամտությամբ Անդրկովկասում ստեղծվել է «Ադրբեջան» անունով պետություն, որն իր կազմավորման առաջին իսկ օրվանից սկսել է տարածքային պահանջներ ներկայացնել բոլոր հարևան երկրներին Օսմանյան կայսրության հետ ցամաքային սահման ունենալու և պանթուրքական տիրություն ստեղծելու նպատակով: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ բոլշևիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի կողմից Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելու քայլն ուղղված է եղել Արևելքում բոլշևիզմի տարածմանը:

Անդրադառնալով հակամարտության կարգավորմանը` երկրի ղեկավարն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է Ադրբեջանի հետ բոլոր հարցերը բացառապես խաղաղ ճանապարհով և անմիջական երկխոսության միջոցով լուծմանը` նշելով, որ դա ամենևին էլ չի նշանակում, թե Արցախը պատրաստ չէ հարկ եղած դեպքում պաշտպանել իր անկախությունն ու անվտանգությունը: Միևնույն ժամանակ, Նախագահը շեշտել է, որ խոսք անգամ լինել չի կարող Արցախի անկախության և նրա անվտանգության չնչին իսկ թուլացման մասին, որոնք մեր ժողովրդի համար բացառիկ արժեքներ են: Բանակցային գործընթացի ամենամեծ խոչընդոտը Նախագահը համարել է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը և նրա կողմից տարվող ծայրահեղ հակահայկական քաղաքականությունը` ընդգծելով, որ բանակցություններին անհրաժեշտ է մոտենալ` գիտակցելով անցյալին վերադառնալու անհնարինությունը և նախապայմանների վրա հիմնված մոտեցումների անհեռանկարայնությունը:

Նախագահը նշել է, որ Արցախի անկախ պետության ձևավորումը, որի հիմքում ընկած են անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության սկզբունքները, լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին:

«Արցախի ժողովրդի կամքը, նրա մտավոր ներուժը, լավատեսությունն ու աշխատասիրությունը, երկրի անվտանգության հիմնական երաշխավորը հանդիսացող հզոր ու մարտունակ բանակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի մշտական աջակցությունը հանդիսանում են ԼՂՀ բոլոր ձեռքբերումների հիմքը»,- ասել է Բակո Սահակյանը:

Խոսելով ԼՂՀ միջազգային ճանաչման մասին` երկրի ղեկավարը նշել է. «Կարելի է մտածել, որ մեր հանրապետությունը կհասնի իր միջազգային ճանաչմանը հակամարտության կարգավորումից հետո: Բայց նույն հաջողությամբ կարելի է ասել, որ հակամարտությունը կկարգավորվի Արցախի միջազգային ճանաչումից հետո»: Նրա կարծիքով վերջին 2-3 տարիների փորձը ցույց է տալիս, որ համանման հակամարտությունների կարգավորումն ընթանում է հենց այս սցենարով, ինչի վառ օրինակն են Կոսովոն, Աբխազիան, Հարավային Օսիան և Հարավային Սուդանը:

Նախագահն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վաստակել է միջազգային հանրության լիիրավ անդամ լինելու իրավունքը և՛ քաղաքական, և՛ իրավական, և՛ բարոյական տեսանկյուններից:

«Արցախի Հանրապետության գոյության երկու տասնամյակի ընթացքում մեզ հաջողվել է կառուցել ժողովրդավարական, կայուն զարգացող և ոչ մեկին վտանգ չներկայացնող երկիր: Իսկ նման երկիրը չի կարող չճանաչվել», – եզրափակել է Սահակյանը:

Դիտվել է 1775 անգամ:
Print Friendly

Leave a Reply