2010թ. ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը Հայաստանում

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Իրավունք, Օրվա լուր | | March 10, 2011 13:39

Կանանց իրավունքների Կենտրոնը հրապարակել  է 2010թ. ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրական տվյալները` ելնելով ԿԻԿ Ազգային Թեժ Գծին եղած զանգերի և Ճգնաժամային Կենտրոն եղած այցելությունների թվից

Կանանց իրավունքների կենտրոնն ընտանեկան բռնության հիմնախնդրով զբաղվող կազմակերպություն է, որի նպատակն է կանխարգելել ընտանիքում  կանանց և նրանց երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունը, խախտել լռությունը կանանց նկատմամբ բռնության մասին և համախմբել հասարակության ուժերը ընտանեկան բռնության դեպքերը բացահայտելու, դրա դեմ ակտիվ պայքար ծավալելու, այն հանրային քննարկման առարկա դարձնելու համար:

Կանանց իրավունքների կենտրոնում (ԿԻԿ) ընտանեկան բռնության ենթարկված կանանց համար 24 ժամ գործում է Ազգային Թեժ Գիծ Հեռախոսային Ծառայություն հետևյալ հեռախոսահամարներով` 0 800 80 850 կամ 010 54 28 28:

Ազգային Թեժ Գիծ ծառայության նպատակն է բացահայտել ընտանեկան բռնության դեպքերը և տրամադրել անվճար հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն ընտանիքում որևէ տեսակի բռնության ենթարկված կանանց:  Այս ծառայությունը ընտանեկան բռնության դեմ պայքարելու համապատասխան մեխանիզմներից է և կարևոր գործիք է համարվում, որն օգնում է պարզել ընտանեկան բռնություն երևույթի պատճառներն ու առանձնահատկությունները, ինչպես նաև թույլ է տալիս համապատասխան աջակցություն ցուցաբերել կին-շահառուներին:

Այսպիսով, 2010թ. ԿԻԿ-ի Ազգային Թեժ Գծին եղել է 1777 զանգ, որից 701-ը (39,4%) ընտանեկան բռնության վերաբերյալ է եղել (384 առաջնային և 317 կրկնվող):

Հատկանշական է, որ 701 զանգից 424-ը (60%) հոգեբանական բռնության վերաբերյալ է եղել, 264-ը` (38%) ֆիզիկական և միայն 13-ը`(2%) սեռական:

2010թ.-ի ընթացքում ԿԻԿ դիմել են տարբեր ֆիզիկական վնասվածքներ և հոգեբանական խնդիրներ ունեցող կանայք, ովքեր շարունակական բնույթ կրող ֆիզիկական, հոգեբանական և սեռական բռնության ենթարկվելու հետևանքով առհասարակ շփոթված էին, դեպրեսված և գտնվում էին անհույս վիճակում (ոմանց մոտ նույնիսկ առաջացել են սուիցիդալ մտքեր):

Ի տարբերություն 2009թ.-ին ԿԻԿ-ի Ազգային Թեժ Գծին գրանցված 1010 զանգի, 2010թ.-ին այդ թիվը աճել է` հասնելով 1777-ի: Եթե 2009թ.-ին ընտանեկան բռնության վերաբերյալ եղել է 435 զանգ, ապա 2010թ.-ին` 701 (տես աղ. 3): (պատճառն ամենևին այն չէ, որ ավելացել են ընտանեկան բռնության դեպքերը, այլ այն է, որ բարձրացել է կանանց իրազեկվածության աստիճանը «ընտանեկան բռնություն» երևույթի վերաբերյալ, ինչպես նաև կենտրոնի գործունեության վերաբերյալ:) Նշենք նաև, որ այս տվյալների մեջ ներառված  չեն մարզերի Ճգնաժամային կենտրոններ եղած զանգերը:

2010թ. հունվարից-դեկտեմբեր ամիսներին Ազգային Թեժ Գծին գրանցվել է 200 զանգ մարզերից, որոնցից 111-ը ընտանեկան բռնության վերաբերյալ է եղել (65-ը` հոգեբանական, 43-ը` ֆիզիկական, 3-ը սեռական բռնության վերաբերյալ):

Մնացած 89 զանգերը այլ բնույթի տեղեկատվական զանգեր են  եղել: Արդյունավետ PR արշավի և Հայաստանի բոլոր մարզերում կոնֆերանսներ կազմակերպելու շնորհիվ բարձրացվել է մարզերում բնակվող կանանց իրազեկվածության մակարդակը ընտանեկան բռնություն երևույթի վերաբերյալ: Ողջ 2010թ. ընթացքում ՀՀ 10 մարզում այցելություններ են կատարվել 41 գյուղական  և 49 քաղաքական բնակավայրեր:

2010թ.-ին ԿԻԿ-ի Ճգնաժամային Կենտրոն գրանցվել է 743 այց, որոնցից 368-ը (183 առաջնային, 185 կրկնվող) ընտանեկան բռնության վերաբերյալ է եղել (253-ը` (68,8%) ֆիզիկական, 114-ը`(31%) հոգեբանական և միայն 1 (0,3%) այցելություն է եղել սեռական բռնության վերաբերյալ:

2010թ.-ին ԿԻԿ-ի Ճգնաժամային Կենտրոն գրանցվել է 71 այց մարզերից, որից 42-ը ընտանեկան բռնության վերաբերյալ է եղել (26 այց եղել է հոգեբանական բռնության վերաբերյալ, 13-ը` ֆիզիկական և միայն 3-ը սեռական բռնության վերաբերյալ է եղել):

2010թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին ԿԻԿ-ի մարզային 4 Ճգնաժամային  Կենտրոնները գրանցել են 1593 զանգ, որից 972-ը եղել են առաջնային, իսկ 621-ը` կրկնվող: 1593 զանգահարողներից 621-ին տրամադրվել է հոգեբանական խորհրդատվություն, 520-ին իրավաբանական, իսկ մնացած 346-ին` այլ հարցերով խորհրդատվություն:

972 զանգից 626-ը (64,4%) եղել են հոգեբանական բռնության վերաբերյալ, 332-ը` (34,2%) հոգեբանական և միայն 14-ը` (1.4%) սեռական բռնության վերաբերյալ (տես աղ. 6):

2010թ. ընթացքում ԿԻԿ-ի մարզային 4 Ճգնաժամային Կենտրոններում գրանցվել է 483 այց, որոնցից 240-ը եղել են առաջնային, իսկ 243-ը`կրկնվող: Ընդհանուր առմամբ 483 այցելություններից 430-ը եղել են ընտանեկան բռնության վերաբերյալ, որից

240-ը (60%) հոգեբանական բռնության վերաբերյալ է եղել, 180-ը` (38%) ֆիզիկական 10-ը` (2%) սեռական:

Դիտվել է 1954 անգամ:
Print Friendly

Leave a Reply