Մարադոնան ուկրաիներեն է սովորում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | March 10, 2011 12:57
Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան պատրաստ է գլխավորել ֆուտբոլի Ուկրաինայի հավաքականը: Հիշեցնենք, որ 2012-ին Ուկրաինան, Լեհաստանի հետ միասին, հյուրընկալելու է Եվրոպայի առաջնության եզրափակչի մասնակիցներին: «Globo» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Մարադոնան սկսել է ուկրաիներեն սովորել և ակտիվ բանակցություններ է վարում այդ երկրի ներկայացուցիչների հետ: Սակայն Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան այդ մասին պաշտոնական որևէ հայտարարություն չի կատարել:Ֆուտբոլի Ուկրաինայի հավաքականի ղեկը ստանձնել է Յուրի Կալիտվինցևը, ով ունի սոսկ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակ: Նա փոխարինում է այդ պաշտոնն ազատած Միրոն Մարկևիչին: Նախատեսվում էր, որ այս տարվա սկզբին Կալիտվինցևին կփոխարինի Մարչելո Լիպին, սակայն իտալացի մասնագետն ընդհանուր հայտարարի չի եկել Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ: Տարաձայնությունները սոսկ ֆինանսական բնույթ են կրում: Ի դեպ, խոսակցություններ կան, որ Ուկրաինայի հավաքականը կարող են գլխավորել Սվեն Յորան Էրիկսոնը և Օլեգ Բլոխինը: Ի դեպ, Մարկևիչն աշխատանքի էր անցել անցյալ տարվա ապրիլին, և նրա ղեկավարությամբ հավաքականը ոչ մի պարտություն չէր կրել: Առաջիկա հանդիպումը ֆուտբոլի Ուկրաինայի հավաքականը կանցկացնի մարտի 29-ին: Այդ օրը ուկրաինացիները Կիևում ուժերը կչափեն Իտալիայի ընտրանու հետ:






Facebook
Tweet This
Email This Post
