Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Լատվիայի Նախագահ Վալդիս Զատլերսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

Պաշտոնական, Օրվա լուր | | March 9, 2011 19:50

Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Լատվիայի Հանրապետություն:
Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Վալդիս Զատլերսի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վալդիս Զատլերսը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին տարիներին փոխայցելությունների և բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում ակտիվացել է Հայաստանի և Լատվիայի միջև քաղաքական երկխոսությունը, զարգացել են կապերը մշակութային, կրթական և մի շարք այլ ոլորտներում:
Անդրադառնալով 2009թ. Լատվիայի նախագահի Հայաստան կատարած պետական այցին` կողմերը նշել են, որ Նախագահ Զատլերսի այցի ընթացքում ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ արդեն կյանքի են կոչվել: Իսկ Հայաստանի նախագահի այցի նպատակն է շարունակել 2009թ. դեկտեմբերին կայացած արդյունավետ երկխոսությունը` ի նպաստ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և խորացման:
Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նաև Երևանում և Ռիգայում դեսպանատների հիմնումը:
Հանդիպումից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, ստորագրվել են Հայաստանի և Լատվիայի միջև 2011-2013թթ. մշակութային համագործակցության ծրագիր, ինչպես նաև երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև եվրամերձեցման ոլորտում համագործակցության մասին արձանագրություն, որին հաջորդել է Հայաստանի և Լատվիայի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Լատվիայի Նախագահ Վալդիս Զատլերսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Շնորհակալ եմ ջերմ բարեկամական ընդունելության համար: Նախագահի կարգավիճակով սա իմ առաջին այցն է Լատվիա, թեև նախկինում բազմաթիվ առիթներ եմ ունեցել լինելու ձեր հյուրընկալ երկրում թե ի պաշտոնե, և թե որպես զբոսաշրջիկ: Կարծում եմ մենք մշտապես փոխայցելությունների և փոխճանաչողության լավագույն ավանդույթներ ենք ունեցել, որոնք այսօր վերածվել են ջերմ ու բարեկամական միջպետական հարաբերությունների։
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Քիչ առաջ ավարտվեց Նախագահ Զատլերսի հետ մեր հանդիպումը: Բովանդակալից ու արդյունավետ զրույց ունեցանք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, քննարկեցինք հայ-լատվիական հարաբերությունների ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև կարծիքներ փոխանակեցինք միջազգային ու տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:
Ուրախությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին բարձրաստիճան երկկողմ փոխայցելությունների և բազմակողմ ձևաչափերում տարբեր միջոցառումների ընթացքում կայացած հանդիպումների արդյունքում ակտիվացել է Հայաստանի և Լատվիայի միջև քաղաքական երկխոսությունը:
Կարևորեցինք բարձր մակարդակի մեր երկկողմ շփումները` մասնավորապես, անդրադարձ կատարելով պարոն Նախագահի` 2009թ. դեկտեմբերին Հայաստան կատարած այցին։ Պայմանավորվեցինք ապահովել մեր երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը` նպատակ ունենալով խթանել հայ-լատվիական բարեկամական հարաբերություններն ամենատարբեր ոլորտներում:
Մենք համակարծիք ենք, որ Հայաստանի և Լատվիայի միջև համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի և երկուստեք հայտարարեցինք մեր նպատակադրվածությունը լիարժեքորեն օգտագործելու առկա բարենպաստ նախադրյալները, այդ թվում` երկկողմ իրավապայմանագրային լայն դաշտի առկայությունն ու Երևան-Ռիգա կանոնավոր չվերթի առկայությունը:
Այս համատեքստում առանձնացվեցին մի շարք ուղղություններ` առևտրատնտեսական կապերը, զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, մշակույթը, միջխորհրդարանական կապերը, ինչպես նաև վարչատարածքային միավորների միջև համագործակցությունը: Կարևորվեց փոխգործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը բազմակողմ ձևաչափերում` միջազգային կազմակերպություններում և հատկապես` եվրամերձեցման բնագավառում:
Նշեմ, որ հայ-լատվիական համագործակցությունը մենք դիտում ենք նաև Հայաստանի եվրամերձեցման քաղաքականության համատեքստում: Գործընկերոջս հետ համակարծիք էինք, որ Արևելյան գործընկերությունը նոր հեռանկարներ է ստեղծում և որակական այլ հարթություն է տեղափոխում Եվրամիության և անդամ երկրների հետ մեր համագործակցությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լատվիան Արևելյան գործընկերության ջատագովներից է և հարուստ փորձ ունի եվրաինտեգրման բնագավառում՝ պայմանավորվեցինք այս ուղղությամբ ևս ակտիվացնել մեր գործակցությունը:
Այսօր մենք հերթական քայլն արեցինք այդ ուղղությամբ` ստորագրելով փաստաթուղթ երկու արտգործնախարարությունների միջև եվրաինտեգրման բնագավառում համագործակցության վերաբերյալ:
Արձանագրեցինք նաև, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը անհետևանք չանցավ նաև հայ-լատվիական տնտեսական համագործակցության համար. 2009թ. կտրուկ նվազել էին առևտրաշրջանառության ցուցանիշները: Այդուամենայնիվ, 2010թ. գրանցվեց որոշակի աճ, ինչը սակայն, կարծում եմ, դեռ չի արտացոլում իրական ներուժի պատկերը։ Չեմ կասկածում, որ մենք ունակ ենք համատեղ ջանքերով հաղթահարել բոլոր դժվարությունները և ավելի բարձր ցուցանիշներ արձանագրել, քան մինչև ճգնաժամը:
Այս համատեքստում ես և Նախագահ Զատլերսը կարևորեցինք այցի շրջանակներում հայ-լատվիական հերթական գործարար համաժողովի անցկացումը: Մենք նաև պատրաստակամություն հայտնեցինք հետագայում ևս խրախուսել գործարարների միջև պարբերական շփումները` երկկողմ առևտրատնտեսական կապերն ընդլայնելու և առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու նպատակով:
Կարևորեցինք նաև հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի ձևավորումը, ինչի համար լավագույն իրավական հիմք է ծառայում 2009թ. գործընկերոջս` Հայաստան կատարած այցի ժամանակ ստորագրված տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը:
Ընդգծեցինք նաև միջխորհրդարանական կապերի զարգացման դերն ու նշանակությունը մեր հարաբերությունների օրակարգում: Գովելի է, որ արդեն իսկ մեր խորհրդարաններում գոյություն ունեն բարեկամության խմբեր. մեզ անհրաժեշտ է նրանց ակտիվ և հետևողական աշխատանքը, մասնավորապես միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում:
Նշեցինք մշակութային կապերի և մարդկային շփումների ընդլայնման և այս ոլորտում մեր լավագույն ավանդույթների պահպանման կարևորությունը։
Այցի շրջանակներում ստորագրվեց Հայաստանի և Լատվիայի մշակույթի նախարարությունների միջև համագործակցության ծրագիր առաջիկա երեք տարիների համար:

Դիտվել է 2053 անգամ:
Print Friendly

Leave a Reply