Գոհար Քյալյանին չի հետաքրքրում իր վարքի մասին այլոց մեկնաբանությունը

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Հետաքրքիր կանայք, Շաբաթվա լուր | | March 9, 2011 18:12

Մարտի 4-ին Բժշկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դերենիկ Դումանյանը: Ապրիլին կհայտարարվի մրցույթ:

Դրանից մեկ օր առաջ  նախկին ռեկտոր Գոհար Քյալյանը զեկույցով հանդես է եկել իր կոլեկտիվի առջև և ներկայացրել  5 տարվա ընթացքում արած իր գործերը: Կոլեկտիվը նրան առաջարկել է դնել իր թեկնածությունը և հայտնել սատար կանգնելու իր մտադրությունը:

Կառաջադրի՞ արդյոք Քյալյանն իր թեկնածությունը, դեռ հայտնի չէ:

Այս իրադարձություններին նախորդել էր մամուլում հայտնված մի հրապարակում, որում մանրամասն նկարագրված էին արդեն նախկին ռեկտորի լեզվական «հարուստ շերտերն» ու բառամթերքի ոչ գրական երանգները:

Գոհար Քյալյանը  չի ցանկանում որևէ լրատվամիջոցի հետ առնչվել և առավել ևս՝ մեկնաբանել իր խոսքերը: Ռեկտորի պաշտոնում աշխատելու վերջին օրը Քյալյանի հետ խոսեց «Անկախի» լրագրողը: Ձայնագրությունը կարելի է լսել այստեղ:

«Որոշ թերթեր ու հեռուստաալիքներ կան, որոնք չեմ նայում և չեմ ընթերցում,- ասում է Քյալյանը,- քանի որ ես գիտեմ իմ պահվածքը, գիտեմ` որտեղ ինչ եմ ասել: Իմ խոսքերը մեկնաբանող անձը չափահաս է և  իրավունք ունի մեկնաբանելու ինձ այնպես, ինչպես ինքն է ճիշտ գտնում: Դրան անդրադառնալը ժամանակի կորուստ է, իսկ իմ ժամանակը ես թանկ եմ գնահատում և չեմ վատնում անիմաստ բաների վրա»:

Քյալյանն ասում է, որ յուրաքանչյուր մարդ ունի իր դիրքորոշումը և ինքնահաստատման իր կերպը. «Ես չեմ ուզում ինձ վերագրել  մարդկանց քննադատելու գործն ու դերը, շատ սխալ է, երբ մարդը պնդում է իր իրավացիությունը:  Ամեն մարդ իր դիրքից ճիշտ է և լրիվ իրավունք  ունի գրելու այն, ինչ գրում է»:

Բժշկականի նախկին ռեկտորը պաշտոնավարման առաջին տարիներին  լրատվամիջոցների հետ շփվել է, սակայն ասում է, որ իր խոսքերը շուռ են տրվել  ըստ  տվյալ լրատվամիջոցի ռազմավարության:

Այնուամենայնիվ, ի՞նչ է ասել Քյալյանը մագիստրատուրայի ուսանողների հետ հանդիպման ժամանակ և ասե՞լ է արդյոք, թե «մայրենին համբալի լեզու է» արտահայտությունը: Նա ասաց, որ նման բան չի ասել:

«Խոսքն այն մասին էր, որ բացի մայրենիից, որն, անշուշտ, պետք է  իմանալ և լավ իմանալ,  անհրաժեշտ է նաև օտար լեզուներ իմանալ, և ոչ միայն քանի լեզու գիտես, այնքան մարդ ես նկատառումով,- ասում է Քյալյանը,- Գիտությունն ամեն օր փոխվում է, իսկ այդ փոփոխություններին կարող ենք տեղյակ լինել միայն անգլերենով, ռուսերենով կամ ֆրանսերենով: Երբ  նրանք ասացին, որ  չգիտեն ռուսերեն կամ  անգլերեն, ինչպե՞ս կարդան, ես ասացի, որ եթե դուք այդ լեզուները չգիտեք, ինչպե՞ս կարող եք լավ բժիշկ դառնալ, ինչպե՞ս կարող եք միայն մայրենիի իմացությամբ առաջ գնալ»:

Քյալյանն ասում է , որ միշտ էլ դեմ է եղել, որ  թեկնածուական թեզերը գրվեն միայն մայրենիով:  «Դրա հիմնական մասը գոնե պիտի գրվի անգլերենով, որպեսզի  արտասահմանում  մեզ կարողանան հղում անել,- մեկնաբանում է նա,- իսկ արտասահմանցին բոլորովին էլ պարտավոր չէ քո լեզուն իմանալ»:

Բժշկականի նախկին ռեկտորը համոզված է, որ թիրախային խմբի հետ պետք է խոսել իրենց լեզվով, որպեսզի նրանք ընկալեն. «Եթե նրանց հետ խոսում ես վերամբարձ և անհասկանալի լեզվով, նրանք չեն հասկանում, ուստի պետք է խոսել այնպես, որ նրանք հասկանան»:

Այս դրվագները բուռն քննարկման առարկա են դարձել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, որում նախկին ռեկտորի վարքը քննարկող անձինք, իրենց համարելով քաղաքացիական հասարակության կառուցման ջատագովներ, ուրախություն էին արտահայտում, որ Քյալյանին «հանում են». այդ մասին  «հավաստի տեղեկություններ կան նախագահականից»:

Լեզվի մաքրության հարցը և ազատ խոսքը քաղաքացիական հասարակության անկապտելի արժեքներ համարող այդ անձանցից որևէ մեկը, սակայն, չմտահոգվեց և առաջ չքաշեց այն հարցադրումը, թե ինչո՞ւ պիտի  համալսարանի ռեկտորի հարցը նախագահականում քննարկվի: Դրա համար կա 32 հոգուց բաղկացած խորհուրդ, որի քվեարկությամբ էլ ընտրվում է ռեկտորը: Մարդը, որի գիտակցության մեջ ամրապնդված է բոլոր հարցերը նախագահականում որոշվելու տեսակետը,  որի դեպքում, փաստորեն, խորհրդի դերը համարվում է ձևական,  ինչպե՞ս կարող է դատողություններ անել այլ անձի պահվածքի կամ խոսելաոճի մասին:

Մինչդեռ Քյալյանի օրոք բուհում գլոբալ փոփոխություններ են կատարվել, և էապես փոխվել է ուսուցման որակը: Այդ մասին խոսում են հենց ուսանողները, որոնք պատրաստվում են նախկին ռեկտորին իրենց աջակցությունը հայտնելու համար ցույցեր անել:

Բուժական ֆակուլտետի ուսանող Վահե Քրմոյանն «Անկախին» ասաց, որ Քյալյանի խստությունը ուսանողության շրջանում ողջունում են, քանի որ  դա բազմաթիվ դրական արդյունքներ է տալիս: «Իսկ խստություն պահելը մեծ զանգվածի համար շատ կարևոր է,- ասում է նա,- ու ամեն ինչ շատ հստակ է. կաշառակերության փաստ ունե՞ս, կարող ես ներկայացնել, ու դասախոսին կազատեն, բացականեր ունե՞ս, ուրեմն դուրս կմնաս»:

Վահեն ասաց, որ Քյալյանից առաջ ուսանողների վարքը շատ կամայական է եղել, անգամ դասախոս են ծեծել: «Հիմա  էդպիսի դեպք չկա կամ եթե կա էլ, այնքան ծածուկ է, որ  որևէ խոսակցություն չի եղել»:

Քյալյանի  պաշտոնավարման առաջին երկու տարում աշխատանքից ազատվել է մոտ 600 դասախոս, և բազմաթիվ փոփոխություններ են կատարվել  բուհի տարբեր ենթաշերտերում:  «Բուհի առաքելությունը բժիշկ  պատրաստելն է, ոչ թե որոշակի քանակի գիտելիք տալը,- «Անկախին» ասում է Գոհար Քյալյանը,-  ուսանողից բժիշկ պետք է կոփել,  դրա համար պետք են  իրենց պատկերացումներով և պոտենցիալով համապատասխան հնարավորություններ ունեցող դասախոսներ»:

Քյալյանի օրոք ներմուծվել է քննությունների հանձնման գրավոր թեստային համակարգ: Ուսանողներն ամեն կիսամյակի վերջում 4-5 գրավոր քննություն են հանձնում, բացի դրանից, նրանք  միջանկյալ ևս երկու քննություն են հանձնում,  այդ երկու գնահատականները գումարվում են նրա կիսամյակի վերջում  ստացած վերջնական գնահատականին, և ստացվում է միջինը:

«Դրա արդյունքում  տարեվերջում ոչ ոք չի կարող չսովորող ուսանողների համար բարեխոսել,- մեկնաբանում է Քյալյանը,- եթե նա ընթացքում «1»-եր  է ստացել, կիսամյակում բարձր գնահատական չի կարող ստանալ: Միգուցե մի քննություն ինչ-որ ձևով հնարավոր լիներ գլուխ բերել, բայց ամեն կիսամյակ՝ հինգ քննություն նման ձևով անցկացնել անհնար է: Պիտի՛ սովորի»:

Խստորեն կիրառվել է լիկվիդների օրենքը. եթե ուսանողը երեք և ավելի լիկվիդ է ունեցել, ավտոմատ դուրս է մնացել: Դրա հետևանքով բազմաթիվ ուսանողներ լքել են համալսարանը: Սա, անշուշտ, մեծ դժգոհությունների առիթ է տվել, սակայն Քյալյանի բնորոշմամբ՝ Հայաստանը հետխորհրդային այն երկրներից է, որտեղ ծնողը պատրաստ է վճարել երեխայի չսովորելու համար:

Համալսարանի  4000 ուսանողներից 1500-ը արտասահմանցի են, և նրանք սովորում են ռուսերեն կամ անգլերեն: Բուհի մոտ 700 դասախոսներից 365-ն ազատ տիրապետում են անգլերենին և հանձնել են Toefl քննություն:

Բժշկականի նախկին ռեկտորն ամենայն խստությամբ կիրառել է «ՀՀ բարձրագույն կրթության մասին» օրենքը, համաձայն որի` կրթությունը երկաստիճան է: Նախկինում բոլոր շրջանավարտներին տրվող դիպլոմները իրավական հավասար ուժ ունեին՝ անկախ բժշկի մասնագիտական որակից ու գիտելիքներից: Այժմ տարբերակում է մտցված դիպլոմների մեջ, որպեսզի շրջանավարտը ստանա իր գիտելիքին համապատասխան դիպլոմ և կատարի դրան հարիր աշխատանք:

«Բոլորը ձգտում էին բարձր աշխատանքի, սակայն բժշկության ոլորտի բոլոր հատվածներն էլ շատ կարևոր են և կարիք ունեն որակյալ մասնագետի,- ասում է Քյալյանը,- վիրահատող բժիշկն առաջին ջութակն է, որի հետևում նվագախումբ կա:  Վիրահատությունից հետո ամեն օր հիվանդին հետևող բժիշկը նույնքան կարևոր է, որքան վիրահատողը. փայլուն վիրահատությանը հետևել է պետք»:

Թե ինչպիսի որոշում կկայացնի Քյալյանը, դեռ անհայտ է: Սակայն նա համալսարանում ամբիոնի վարիչ է և իր խոսքով՝ երկրորդ հերթափոխով աշխատում է ընտանեկան բիզնեսում:

Դիտվել է 4591 անգամ:
Print Friendly

Leave a Reply