Հնդկաստանի հայկական գաղթօջախում լուրջ հուշարձաններ չեն հայտնաբերվել
ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | Անի Գասպարյան | March 9, 2011 16:42
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի գլխավորած 6 հոգանոց արշավախումբը նոր է վերադարձել Հնդկաստան կատարած մեկամսյան շրջագայությունից՝ մոտ 4000 հուշարձան ներկայացնող 5200 լուսանկարով և չափագրումներով: Մինչ այս նման լուրջ ուսումնասիրություն այդ գաղթօջախում չէր կատարվել:
Կարապետյանի խոսքով, իրենց հաջողվել է ուսումնասիրել Հնդկաստանի հայկական գաղթօջախի մոտ իննսուն տոկոսը:
Ըստ Կարապետյանի, խմբին պատահած հուշարձանները շատ աղքատիկ են եղել նախ տեսականու առումով. դրանք եղել են գերեզմանոցներ՝ տապանաքարերով, հազվագյուտ՝ նաև խաչքարերով և եկեղեցիներ: Ինչ վերաբերում է հայկական բնակելի շենքերին, տներին և այլ կառույցներին, դրանց վերաբերյալ որևէ ստույգ տեղեկություններ չեն հավաքել.
«Հեշտ չի գտնել հայկական հուշարձաններ մի վայրում, որտեղ արդեն երկու դար է՝ հայություն չկա,-ասաց Կարապետյանը,-այն բոլոր քաղաքներում ու գյուղերում, որ մենք եղել ենք, շուրջ 200 հայի ենք հանդիպել, որոնցից ընդամենը մեկն էր հայերեն խոսում»:
Ուսումնասիրություններ կատարելու գործում, սակայն, արշավախմբին օգնել է Կալկաթայի հայկական թեքումով անգլիական պետական դպրոցի տնօրեն, հնդկահայերի հովիվ Հայր Խորենը:
Ուսումնասիրությունների ընթացքում արշավախումբը զարմանքով է նկատել, որ հայկական ու գերմանական գերեզմանոցներից բաղկացած Սուրաթի գերեզմանատան գերմանական հատվածում որևէ տապանագիր արձանագրություն գոյություն չի ունեցել, մինչդեռ հայկական գերեզմանաքարերը ողողված են եղել արձանագրություններով:
«Սակայն հնդկահայերի միայն առաջին սերունդն էր հիմնականում հայերեն արձանագրություններ թողել. ավելի ուշ եղած արձանագրություններում գնալով պակասում էր հայերեն գիրը՝ փոխարինվելով անգլերենով, պարսկերենով,-ասաց նա,-անգամ կային հայերեն ու վրացերեն համադրությամբ արձանագրություններ»:
Ի դեպ, հուշարձանագետն այնքան էլ խանդավառված չէ այս այցով, քանի որ իր կարծիքով, հազարավոր շիրմաքարերի տակ թաղված մարդկանց համար հայրենիքը ոչինչ չի նշանակել.
«Ասում են՝ շատ հարուստ համայնք է եղել, սակայն ինձ հետաքրքրում է, թե ի՞նչ են արել նրանք հայրենիքի համար,-ասում է նա,-և այսօր մենք պատմության համար հավաքել ենք հազարավոր մարդկանց հիշատակներ, որոնք, իմ կարծիքով, չեն վաստակել անմահանալու այդ պատիվը: Մենք, փաստորեն, անարժեք հայերի հետքերով էինք գնացել»:
Հուշարձանագետը համարձակորեն հայտարարում է, որ գաղթավայրերում հայերը չեն ստեղծել այնպիսի արժեքներ, որ բնօրրանում ստեղծված նույնիսկ միջին կարգի հուշարձանի հետ համեմատվի.
«Գաղթավայրերը ազգային մշակույթի իմաստով ընկած են, և այնտեղ գտնվող հուշարձանները կրում են տվյալ երկրի մշակույթների ազդեցությունը»,-ասաց նա,-շատ հուշարձաններ առաջին հայացքից, անգամ, չեն հուշում, որ հայկական են: Դրանք ավելի բրիտանական, պորտուգալական, կաթոլիկ կամ տեղային ազդեցություններ են կրում»:
Այնուամենայնիվ, Կարապետյանի համոզմամբ, Հնդկաստանում հայկական հուշարձաններին որևէ վտանգ չի սպառնում: Դրանք ընդհանուր առմամբ լավ վիճակում են:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը արտերկրի հայկական հուշարձաններն ուսումնասիրելու, հաշվառելու և վկայագրելու համար ֆինմանսավորվում է Մշակույթի նախարարության կողմից: Արդեն երկրորդ տարին է՝ այդ նպատակով հիմնադրամին է փոխանցվում 60 մլն. դրամ:
Ըստ Կարապետյանի, Հնդկաստան կատարած մեկամսյա այցն արժեցել է 7000 եվրո:
Նմանատիպ մեկ այլ արշավ Կարապետյանը ցանկանում է կատարել Հաբեշստանում՝ Նեղոսի գետաբերանից մինչ վտակի ակունքն ընկած հատվածում, որն այժմ Եթովպիան է: Այստեղ Կարապետյանն ավելի խանդավառությամբ կգնա հենց միայն այն պատճառով, որ այստեղ են ապրել ու գործել բազմաթիվ նվիրյալ հայեր, ինչպիսին, օրինակ, Երամյան վարժարանը հիմնած Համբարձում Երամյանն է:






Facebook
Tweet This
Email This Post
