«Ոչ թե պետք է ասել՝ արդեն տասնվեց տարի է անցել, այլ պետք է ասել՝ դեռ տասնվեց տարի է անցել». Ալ. Իսկանդարյան

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | March 9, 2011 13:30

Մարտի 5-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարությունը քաղաքագետ Ալեքսնադր Իսկանդարյանը չի գերագնահատում: Միաժամանակ նա կարծում է, որ սա ոչ մեծ քայլ է դեպի հակամարտության լուծում.

«Մայնդորֆյան հռչակագրից հետո սա առաջին փաստաթուղթն է, որտեղ կան հստակ պայմանավորվածություններ,-լրագրողների հետ հանդիպամն ժամանակ նշեց Իսկանդարյանը,-նախ Ալիևը հավաստիացնում է, որ ադրբեջանական կողմը Հայաստանին կհանձնի հայ ռազմագերիներին, ապա քննարկվում է շփման գծում տեղակայված դիպուկահարների լուծման հարցը»:

Միաժամանակ նա ընգծեց, որ այս փաստաթղթի գոյությունը նշանակում է, որ նախկին պայմանավորվածությունները չեն կատարվել:

Ինչ վերաբերում է սահմանագծից դիպուկահարների հեռացմանը, չնայած որ Ռուսաստանը ևս այդ հարցում շահագրգիռ է, Իսկանդարյանը դա «հիսուն-հիսուն» է համարում:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք իմաստ կա շարունակել այս հանդիպումները, եթե նախկին  8 հանդիպումները որևէ հստակ տեղաշարժ չեն կատարել, Իսկանդարյանը պատասխանեց.

«Պետք չէ սպասել, որ Մինսկի խումբը կկարգավորի ղարաբաղյան հակամարտությունը,-ասաց նա,-Մինսկի խումբն ունի երկու խնդիր՝ ապահովել հակամարտող կողմերի շփումն ու կոնֆլիկտը տեղափոխել միջազգային հարթակ, որն իմ կարծիքով լավ է կատարվում»:

Քաղաքագետը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը կախված է միմիայն Հայաստանից, Ադրբեջանից ու Լեռնային Ղարաբաղից, սակայն այսօրվա տրամաբանության սահմաններում այս հարցի կարգավորումը նա իրատեսական չի համարում.

«Ես դժվարությամբ եմ պատկերացնում, որ Ադրբեջանը վաղը վեր կկենա ու կասի, թե համաձայն է Ղարաբաղի անկախացմանը կամ էլ Հայաստանը կասի հակառակը»-ասաց Իսկանդարյանը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե բանակցային գործընթացը ձգձգվում է, քաղաքագետն ասաց.

«Ղարաբաղյան հակամարտությունը երիտասարդ հակամարտություն է, և ոչ թե պետք է ասել՝ արդեն տասնվեց տարի է անցել, այլ պետք է ասել՝ դեռ տասնվեց տարի է անցել»:

Քաղաքագետը, մատնանշելով Կիպրոսի ու Թայվանի օրինակները, կարծում է, որ այսպիսի հակամարտությունների լուծումը տասնամյակներ կարող է տևել:

Դիտվել է 1848 անգամ:
Print Friendly

Leave a Reply