Գառլախ.հայկական բանակի անձեռնմխելիները

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | June 4, 2009 11:57

zinvor1-1Մի զինվոր մեկ ուրիշին 300 դոլլար կրված է լինում: Փողը պիտի տանի, էն էլ ընկնում է զուգարանը, իրեք հատ հարյուրանոց իրար վրա: Պարտատերն իմանում է, գնում ու վրայի 2 հատ հարյուրանոցը վերցնում է, իսկ տակինին, որ հատակին է քսված, ձեռք չի տալիս: Տակինը գառլախվել ա:
«Գառլախ» բառը թուրքերենից է եկել, նշանակում է` կեղտոտ, անարգված, փչացած: Հայկական բանակում գառլախը նույն անարգվածն է, և զորամասերն ունեն իրենց գառլախ տարածքները, որին դիպչողն ինքը գառլախվում է, դառնում անարգված:
Գառլախը բանակ է անցել բանտերում գործող հանցագործ աշխարհի օրենքներից:
Հայկական բանակում գորամասեր են եղել, ուր գառլախ տարածքները ժապավենով շրջափակում էին ու մի հատ էլ ցուցանակ դնում` վրան գրված` «անարգված է»:
Գառլախ տարածքն էն տեղն է, որ ինչ-որ ժամանակ օգտագործվել է որպես պետքերը հոգալու տեղ, որտեղ ծառի տակ միզել են կամ կղել: Գործող զուգարանն էլ է գառլախ տարածք: Գառլախում կարելի է քայլել, բայց ինչ-որ բան վերցնելը տաբու է: Գառլախը սեփական կամ ուրիշի կեղտին դիպչելն է կամ կեղտի հետ առնչություն ունեցող տարածքում որևէ առարկայի դիպչելը:
Եթե որևէ մեկը գառլախ տարածքում ընկած բան վերցնի, ինքն էլ է գառլախվում ու զորքն իրան ընդունում է որպես գառլախ: Ոչ ոք իրեն` գառլախին չի կպնում, ոչ ոք հետը հաց չի ուտում, կարծես թե գառլախվածն էլ է համարվում գառլախ տարածք ու վրան կպցրած է «անարգված է» ցուցանակը: Ու կար կատակ` ասում էին, որ եթե ընկնես զուգարան, չհելնես. գառլախվել ես:
Բայց եթե գառլախ տարածքում ընկնում է սրբության (մայր, հայր, քույր, եղբայր, սիրած աղջիկ, կին, երեխա) նկարը կամ նամակը, դրանց տերը պարտավոր է ընկած իրը վերցնել: Այս դեպքում սուրբ իրը վերցնողը գառլախ չի համարվում, հակառակը, եթե չվերցնի, ինքը սրբապիղծ կհամարվի, քանի որ իր սրբության նկարը թողել է գառլախ տարածքում:
Ժամանակին զուգարան մաքրելը զորքի վրա էր, ու զապադլո էր համարվում զուգարան մաքրելը: Զորքից, իհարկե, ոչ բոլորն էին զուգարան մաքրում, զուգարանը մաքրել էին տալիս գ-երին (պասիվ միասեռականներ, որոնք սեքսի ժամանակ կնոջ դեր են կարտարում, մինետ անողներին անվանում են «բերանից գառլախ») կամ զորքից գողության վրա բռնվողներին: Ով մաքրեր, համարվում էր գառլախված: Այս պրոբլեմը լուծելու համար Պաշտպանության նախարարությունը հրամանով կարգ մտցրեց, որ զուգարանները պետք է քաղաքացիականները մաքրեն:
Այսուհանդերձ, թեև զուգարանը քաղաքացիականների վրա է, բայց կան տարածքներ, որ գառլախ են (որտեղ պետքերն են հոգացել զինվորները), իսկ դրանք մաքրելը քաղաքացիականի պարտականության մեջ չի մտնում: Մեր զորամասում զինվորները զուգարան մաքրող քաղաքացիական Գավոյին օճառ, ատամի պաստա կամ փող էին տալիս, որ էդ տարածքները մաքրի: Գավոն կոլոտ` 1,5 մետր բոյով ծերուկ էր, ում զորքը որպես գառլախի չէր դիպչում, բայց հարգում ու սիրում էր, և զինվորները նրա շուրջը հաճախ հավաքվում ու լսում էին նրա պատմությունները:
Զորամասեր կան, ուր շատ խիստ է դրված գառլախի հարցը, մինչև անգամ ծորակին կպնելը համարվում է գառլախ:
Պարզված չէ` բաղնիքը գառլախ է, թե ոչ: Շատ զորամասերում, եթե բաղնիքում օճառն ընկնում է, գառլախ է, չի կարելի վերցնել: Գառլախի գաղափարը զարգացում է ապրել: Այլ զորամասերում, ինչպես մեզ մոտ էր, այդ պրոբլեմը վերացել է: Երբ մի ուրիշ չաստից զինվորներ էին գալիս մեր չաստ, ու լողանալիս նրանցից մեկի ձեռքից հանկարծ օճառն ընկնում էր, չէր իմանում` ինչ անի` վերցնի, թե չէ, այստեղ դա գառլա՞խ է, թե ոչ, ու չորս կողմն էր նայում: Այդ ժամանակ մեր զորամասի ծառայողներից մեկը կվերցներ օճառը, մի հատ էլ կքսեր վրան ու կտար տիրոջը: Էդ սիմվոլիկ կադրը նշանակում էր, որ մեզ մոտ էդ «թեմա» չի: Օճառը լողարանից վերցնելը մեզ մոտ համարվում էր նորմալ. բացատրությունն այն է, որ օճառն ինքն իրանով մաքրություն է, այսինքն, չի գառլախվում: Այ ըտենց, ամեն չաստ ունի իրա ցիվիլիզացիան: Եթե մեզ մոտ ֆուտբոլ խաղալուց գնդակն ընկնում էր գառլախ տարածք, առանց երկմտելու կարող էին վերցնել, իսկ մեկ ուրիշ չաստում մտքներով էլ չէր անցնի, որ կարելի է այդ գնդակին ձեռք տալ:
Այսուհանդերձ, զուգարանի դռներին կային կղկղանքի հետքեր, ու ոչ ոք չգիտեր, ովքեր են դրանք անողները: Միայն հասկանալի էր, որ ակամայից լիքը գառլախ մարդկանց հետ ես ապրում, ովքեր շատ հնարավոր է` «գառլախ, գառլախ» են խաղացնում, բայց հետույքը ձեռքերով են սրբում:
Գառլախը գործում է միայն չաստի տարածքում: Դրա ապացույցն այն է, որ հեղինակություն ունեցող շատ զինվորներ, որ վերջացնում էին ծառայությունը, Գավոյին ձեռքով հաջող էին անում, իսկ երբեմն էլ փաթաթվում ու պաչում էին:

Դիտվել է 9321 անգամ:
Print Friendly

Leave a Reply