«Նորմալը» հայերենում

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 29, 2010 10:01

Վերջերս Արցախում էի, որտեղ մի քանի առիթով «նորմալ» բառը հնչեց:

– Ուրիշ բան կուզե՞ք ուտել, պատվիրե՞մ:

– Չէ. նորմալ ա:

– Չենք ուշանում, չէ՞:

– Նորմալ ա, նորմալ:

Սկսեցի մտածել, թե ի՞նչ է այս «նորմալ»-ը:

Etymonline.com կայքը նշում է, որ «norma»-ն լատիներեն  նշանակում է հյուսնի գործիք` ուղղանկյուններ սարքելու համար. «նմուշ» կամ «կաղապար» է ստեղծում, որի իմաստն էլ կրում է այդ բառը: Այնպես որ «նորմալ»-ն այն է, ինչ համապատասխանում է տվյալ չափանիշին: Նույն գործիքով է բացատրվում մաթեմատիկական եզրույթը, թե ինչու ուղղանկյունով միացվող երկու գիծ միմյանց «նորմալ»-ներ են կոչվում:

Հայաստանում, սակայն,  ինչպես երևում է, այս բառն ունի մեկից ավելի իմաստ: Գոնե Արցախում, բայց նաև այլուր, վստահաբար, կարծես թե նշանակում է «լավ» կամ «խնդիր չկա»: Երևի ինչ-որ ռուսական ազդեցություն կա, որից այնքան էլ տեղյակ չեմ: Ինձ համար անսովոր է, որովհետև արդի անգլերենում, «normal» բառն օգտագործվում է պարզապես «սովորական»-ի իմաստով, և չի կիրառվում, ասենք, բնութագրելու համար մի ամբողջ երկիր:

Ընկերոջս հետ էի խոսում: Նա պատմում էր միջազգային ամառային դպրոցում իր փորձառության մասին, թե ինչպես շփում ունեցավ աշխարհի  տարբեր կողմերից եկած ուսանողների հետ: Բալկանյան երկրներում, ասում էր նա, յուրաքանչյուր ժողովուրդ հատուկ թշնամություն ունի տարածաշրջանի այլ ժողովրդի նկատմամբ: Բոսնիացիները և խորվաթները իրար հետ չունեն, բայց միասին ատում են սերբերին, սակայն Սերբական Հանրապետության սերբերն էլ, իրենց հերթին, տանել չեն կարող Սերբիայի սերբերին: Կոսովոյի ալբանացիներ և Ալբանիայի ալբանացիներ, մակեդոնացիներ և հույներ, և այսպես շարունակ… «Բայց բոլորը, նախկին Հարավսլավիայի բոլոր ժողովուրդները ատում են սլովեններին, որովհետև նրանք միակն են, որ նորմալ երկիր ունեն»,- ասաց նա:

Շատ ծիծաղեցինք դրա վրա: Բայց «նորմալ երկիր»-ը ո՞րն է: Սլովենիան իսկապես միակ նախկին հարավսլավական հանրապետությունն է, որ զինյալ հակամարտություն չի ունեցել: Կայուն է, համեմատաբար հարուստ և Եվրոպական Միության ու ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ: Տպավորությունն այն է, որ «նորմալ» պետությունը ենթադրում է օրենքի գերակայություն և մարդու իրավունքների պաշտպանություն: Եվ, իհարկե, պատշաճ ընտրություններ:

«Էս երկրում ե՞րբ ենք նորմալ ընտրություններ անցկացնելու»: Հայաստանում շատ է լսվում այս խոսքը: Դժվար չէ կռահել, որ «նորմալ ընտրություններ» նշանակում է մեկ անձ, մեկ քվե, ու այդ քվեն հաշվի է առնվում, և անցնում է նա, ով ստանում է ամենից շատ ձայներ: Ոչ մի կաշառք, ոչ մի տուփի լցոնում, ոչ մի արհեստական պատնեշ ընտրարշավների համար: Զգում եմ, որ հյուսնի գործիքով այսպիսի ուղղություն պետք է նշվի:

Բայց ավելին կա այս բառում: Հիշում եմ` մի քանի տարի առաջ Հայաստանից ու Ադրբեջանից մտավորականների և մշակութային գործիչների հատուկ պատվիրակություն կար, որ այցելեց Երևան, Արցախ և Բաքու: Աննշան դեպք չէր. կազմակերպված էր Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանությունների կողմից, անկասկած, ռուսական օժանդակությամբ: Միջոցառման մասնակիցներից մեկը հարցազրույցի ժամանակ ակնարկել էր, որ «նորմալ» ընթացավ ամեն ինչ: Իհարկե, չկային բացասական միջադեպեր, բայց սրա հետ կապված ի՞նչն էր «նորմալ»: Ես կասեի` բավական արտասովոր երևույթ էր: Դարձյալ թվում է, որ որոշ նրբություն կա այս բառի գործածման մեջ, որ բացակայում է անգլերենում:

Մեկ ուրիշ անգամ, հիշում եմ, Ամերիկայում ապրած ծանոթներիցս մեկը հարցրեց, թե Երևանում որտե՞ղ կարելի է հագուստ գտնել «նորմալ» գնով: Ճիշտ է, որ արևմտյանին սովոր մարդկանց համար Հայաստանում հարմար հագուստ գտնելը դժվար է, և եթե նույնիսկ գտնվի, գները կարող են իսկապես չափազանց բարձր լինել: Նա փնտրում էր նաև հարսանիքին հագնելու համար հագուստ, ուրեմն երևի ըստ այլ «norma»-ի նույնպես պետք է շարժվեր: Բայց գնի «նորմալ» լինելն ինչի՞ց է կախված:

Այս երկու օրինակներից կարելի է ենթադրել, որ «նորմալ»-ը ոչ միայն պետք է համապատասխանի որոշ չափանիշի, այլև պետք է արտացոլի որոշ ակնկալիք: Հայ-ադրբեջանական միջոցառման մասնակիցը չէր ակնկալում, որ ինչ-որ բան ստացվի դրանից, երևի (և, իսկապես, առանձնահատուկ բան չեղավ), և ծանոթս, որ հրավիրված էր հարսանիքի, ուզում էր մատչելի հագուստ մատչելի գնով, բայց այն նույն մատչելիությամբ, ինչպես Ամերիկայում է:

Իմ իսկ բառերը վերանայելով` տեսնում եմ, որ ինքս համաձայն եմ, որ «նորմալ» գներ հազվագյուտ են Երևանում «նորմալ» հագուստների համար, և ինքս եմ ակնկալում, որ «նորմալ ընտրությունները»  բովանդակում են ազատությունն ու արդարությունը: Ես էլ եմ սովորել նույն բաներին, նույն ձևով: Ինչքանով որ մի չափանիշ հաստատվում է, այնքանով էլ մարդ ակնկալում է, որ այդ չափանիշը պահպանվի, և այդպիսով էլ այդ չափանիշը արտացոլվում է մարդկանց ցանկություններում:

Բայց դեռևս տարբերություն կա «նորմալ ընտրություններ» ցանկանալու (որովհետև այն ինքնին լավ կլիներ) և հագուստ ցանկանալու միջև, որովհետև դրա ձևն ու գինն այն է, ինչին սովոր ենք: Հայերս, օրինակ, բոլորովին էլ սովոր չենք ազատ ու արդար ընտրությունների:

Ուրեմն, կա «նորմալ», որ հանգեցնում է տվյալ չափանիշին համապատասխան ակնկալիքին, ասենք` գաղափարախոսական, հյուսնի իդեալ գործիքը, և կա «նորմալ», որ սովորույթի հարց է:

Սակայն կա ևս մի տեսակ «նորմալ», որ, խոստովանենք, այնքան էլ հեռու չէ սովորույթի խնդրից: Մեր իրավիճակից ելնելով` կա՞ ավելի հարմար օրինակ, քան սուրճը: Հայաստանում սուրճը լինում է դառը կամ քաղցր, բայց նաև կարող է լինել «նորմալ», ինչը միջինն է: Արդյոք սա ենթադրո՞ւմ է, որ շաքարի միջին չափն է իդեալը, և ամենքս պետք է ձգտենք սուրճի քաղցրության չափավորության` որպես ինքնին լավ բանի, թե՞ հասարակությունը որոշել է, որ մի քիչ, բայց ոչ շատ շաքարը սուրճում նշանակում է «նորմալ»` ըստ սովորույթի:

Եթե տարբեր «norma»-ներ պաշտպանվում են տարբեր մարդկանց կողմից, նրանք չեն համաձայնվի, որ մի որոշակի երևույթ «նորմալ» է: Կամ էլ գուցե կարող են համաձայնվել, որ «նորմալ» է, բայց ոչ միշտ ցանկալի կամ ակնկալված: Բայց եթե տարբեր ժողովուրդներ նույն բառը` նույն լատիներեն արմատով, օգտագործում են տարբեր ձևերով, ուրեմն բառացիորեն անգլերեն թարգմանելը կարող է և ոչ միշտ ճիշտ լինել: Հենց այդ չափանիշի վրա էլ ես կուզեի ուղիղ գիծ քաշել:

Նարեկ ՍԵՖԵՐՅԱՆ

Դիտվել է 2004 անգամ:
Print Friendly

Leave a Reply