Երկու նորամուտ դպրոցական համաշխարհային սպորտում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | March 24, 2013 7:04

Հայաստանի ներկայացուցիչներն այս տարի առաջին անգամ կմասնակցեն խոշորամասշտաբ միջազգային մեկնարկների` դպրոցականների աթլետիկայի աշխարհի առաջնությանը և Գիմնազիադային: Նախկինում պարբերաբար  կազմակերպվել են դպրոցականների միջազգային ստուգատեսներ, սակայն մեր երկրում սովորող պատանիներին և աղջիկներին հնարավորություն չի տրվել, որ փորձեն իրենց կարողությունները:

Եվ ահա Չեխիայի առողջարանային Կարլովի Վարի բնակավայրում հունիսի 22-27-ը կանցկացվի աթլետիկայի աշխարհի առաջնությունը, որում Հայաստանը կներկայացնի 6 մարզիկ-մարզուհու: Այդ իրավունքը տրվել է նրանց, ովքեր հաղթող են դարձել  Հայաստանի հանրակրթական դպրոցների  մարզական խաղերում: Մեր երկրի ներկայացուցիչները հանդես կգան 100մ, 200մ, 400մ վազքերում, հեռացատկում:

Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիայի նախագահ, «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության նախագահ Արա Մեհրաբյանին հարցրինք, թե ինչ փորձություն է սպասում, մեր մարզիկներից կարելի՞ է ակնկալիքներ ունենալ:

Նա հայտնեց, որ համացանցի օգնությամբ ուսումնասիրել են, թե այլ երկրների մարզիկներն այդ մրցումներում նախկինում ինչ արդյունքներ են ցույց տվել: «Բավարար հիմքեր կան, որ մեր երկրի ներկայացուցիչները կարող են արժանիորեն մրցակցել: Ինքնին հասկանալի է, որ պատանեկան մեկնարկներում համաշխարհային փառք ունեցող աստղեր չկան: Պրոֆեսիոնալների պայքար չի լինելու: Այնպես որ, կանխատեսումներ անել հնարավոր չէ: Նախնական տվյալներով` մասնակցելու են 120 երկրների հավաքականներ: Փաստորեն,  դպրոցականների միջազգային ֆեդերացիային անդամակցող բոլոր երկրներն էլ  պատրաստվում են պատվիրակներ գործուղել»,- ասաց Մեհրաբյանը:

Ուշագրավ է, որ  մեր տարածաշրջանում Հայաստանն առաջինն է նորամուտ նշելու այս մեկնարկներում: Մասնավորապես, բացակայելու են Վրաստանի և Ադրբեջանի դպրոցականները: Այդ երկրները դեռևս չեն անդամագրվել Դպրոցականների միջազգային ֆեդերացիային: Իսկ Հայաստանն այդ կազմակերպության անդամ է 2011-ից: Ի դեպ,  միայն դպրոցականների աթլետիկայի աշխարհի առաջնություն չէ, որ անցկացվելու է: Կազմակերպվելու են շատ մարզաձևերի դպրոցականների աշխարհի առաջնություններ: Սակայն դրանց մասնակցելու հայտերն ընդունվում են նախապես, և մեծ մասի մեկնարկներին մասնակցելու ցուցակները փակվել են: Դժվար է հատկապես խաղային մարզաձևերի մրցումներում թիմ ունենալը, ցանկացողները շատ են:

Ի դեպ, ամեն մրցման մասնակցելու համար նախապես պետք է  մուտքավճար կատարել: «Հայաստանի դպրոցականների մարզական  ֆեդերացիան, սուղ միջոցներ ունենալով, նախապես ի վիճակի չէր ֆինանսական վճարների հարցը կարգավորել: Այդ է պատճառը, որ այս տարի բաց ենք թողնելու բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի, թենիսի և այլ մարզաձևերի առաջնությունները: Հայաստանում տարածված են, մասսայականություն են վայելում հատկապես մենապայքարային  մարզաձևերը, մասնավորապես` ըմբշամարտը, ծանրամարտը, բռնցքամարտը, սակայն դրանց աշխարհի դպրոցականների առաջնություններ չեն կազմակերպվում: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մրցումներին կարող են մասնակցել դպրոցներում սովորող մինչև 18 տարեկան մարզիկները, ապա պարզ կդառնա, որ եթե մեր երկրի վերջին մարզաձևերի ներկայացուցիչները հանդես գային մրցումներում, ապա սպասելիքները մեծ կլինեին: Իսկ բացակայող որոշ մենապայքարային մարզաձևեր ընդգրկված են դարձյալ դպրոցականների միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող  Գիմնազիադայի ծրագրում»,- պարզաբանեց Մեհրաբյանը:

Ընդ որում, թեև դպրոցականների միջազգային ֆեդերացիան մի շարք մարզաձևերի աշխարհի առաջնություններ է անցկացնում, առաջին հերթին փորձում է նախապատվությունը տալ և մրցումների ծրագրում ընդգրկել այն մարզաձևերը, որոնք նոր են հավակնում օլիմպիական գրանցման: Փաստորեն, դրանք այդ ճանապարհով մասսայականացվում են: Ի դեպ, այդ մարզաձևերի մի մասին Հայաստանում նոր են բարեկամանում կամ էլ անտեղյակ են: Մասնավորապես, խոսքը լողափնյա վոլեյբոլի, գոլֆի, կեգլիի, ֆլորբոլի մասին է: Օրինակ` վերջինս անցկացվում է մարզասրահում` մականախաղի տարատեսակ է և հավակնում է օլիմպիական մարզաձև դառնալ:

 Ինչ վերաբերում է Գիմնազիադային, ապա ծրագում հիմնականում դպրոցներում ուսուցանվող մարզաձևեր են: Հատկապես կարևորվում են  աթլետիկան, լողը և մարմնամարզությունը: «Խնդիր է դրվում, որ ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը բարելավող, մարմնակրթությանը նպաստող այս մարզաձևերը դպրոցներում ավելի խորացված ուսուցանվեն: Արտասահմանյան երկրներում բոլոր դպրոցները, որպես կանոն, ունեն ժամանակակից մարզագործիքներով կահավորված մարզասրահներ, լողավազաններ: Հանրակրթական դպրոցներում լողի ուսուցմանը  բաժին է հատկացված: Գիմազիադան անցկացվելու է Բրազիլիայի մայրաքաղաքում, նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 4-ը: Հայաստանի պատվիրակության կազմում կլինի երեք տասնյակ մարդ: Մյուս երկրների համեմատությամբ` Հայաստանի հավաքականը կունենա փոքրաթիվ կազմ: Բանն այն է, որ Բրազիլիան հեռու է, և մրցավայր հասնելու համար մեծ ծախսեր են պահանջվում: Ուշագրավ է, որ Գիմնազիադայի ծրագրում առաջին անգամ ընդգրկվել է շախմատը: Դա մեզ համար շահեկան է, քանի որ Հայաստանի դպրոցներում շախմատը դասավանդվում է որպես պարտադիր  առարկա, և փորձառու խաղացողներ ունենք, թիմում բարձրակարգ մարզիկների ընդգրկելու որևէ խնդիր չկա: Հավաքականում կլինեն 4 շախմատիստ, 6 աթլետ, 6 մարմնամարզիկ, 4 լողորդ: Ըստ մրցումների կանոնակարգի` ամեն մարզաձևի պատվիրակության կազմում պետք է լինի միջազգային կարգի մեկ մրցավար»,- ասաց Մեհրաբյանը:

Ինչ վերաբերում է շքերթային կոստյումներին, մարզական հանդերձանքին, ապա խոստացել են, որ կաջակցեն: Ֆինանսական միջոցները տրամադրելու է Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը: Դպրոցականների աշխարհի առաջնությանը և Գիմնազիադային մասնակցելու համար  գերատեսչությունը հատկացնելու է 30 մլն դրամ: Հայաստանի դպրոցականների ֆեդերացիան պայմանագիր է կնքել Հայաստանի ԿԳ նախարարության հետ, որպեսզի վերջինս ֆինանսավորի, և մեր երկրի դպրոցականները մասնակցեն այդ ստուգատեսներին:

Ինքնին հետաքրքրում է, թե Հայաստանի սպորտի և երիտասարդական հարցերի նախարարությունը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որևէ ներդրում չե՞ն ունենալու, չե՞ն աջակցելու: «2011-ին, երբ անդամակցեցինք Դպրոցականների միջազգային ֆեդերացիային, այդ մասին տեղեկացրինք  Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, ՀԱՕԿ-ի ղեկավարությանը: Համագործակցություն կա: Բայց քանի որ դպրոցականների, ինչպես նաև ուսանողների մարզական հարցերով զբաղվում է և միջազգային ստուգատեսների է գործուղում, ծախսերը հոգում է Հայաստանի ԿԳ նախարարությունը, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ՀԱՕԿ-ը ներդրումներ չեն կատարում»,- հայտնեց Մեհրաբյանը:

Ինչ վերաբերում է սպասելիքներին, ապա նշվեց, որ թեև ցանկալի է, որ մերոնք մեդալներ նվաճեն, սակայն կարևորը մասնակցությունն է: Բանն այն է, որ  նախկինում դպրոցական մարզիկների համար ամեն ինչ սահմանափակվել է Հայաստանի մարզական խաղերով: Իսկ այժմ  դրանցում աչքի ընկնողները կարող են իրենց կարողությունները փորձել նաև սովորողների միջազգային մեկնարկներում:

Գիմնազիադային մասնակցող երկրների թիվը պարզ կդառնա ապրիլի 15-ին, երբ կսպառվի ստուգատեսին մասնակցելու հայտերի ընդունման ժամկետը: Իսկ հետագայում ծրագրվում է մասնակցել նաև դպրոցականների խաղային մարզաձևերի աշխարհի առաջնություններին: Մասնավորապես, 2014-ին հայտեր են ներկայացվելու, որպեսզի մերոնք ուժերը չափեն թենիսի, սեղանի թենիսի, ֆուտզալի, վոլեյբոլի և հանդբոլի աշխարհի առաջնություններում:

Մեհրաբյանը հայտնեց, որ  դպրոցական սպորտի զարգացմանը խանգարող հիմնախնդիրները շատ են: Հատկապես ժամանակակից պահանջներին հանապատասխանող մարզաբազաների պակաս է զգացվում: Ներկայումս անընդունելի է համարվում, որ դպրոցների սաները պարապեն 9×18 մ չափի դահլիճներում: Մինչդեռ կրթօջախներ կան, որոնք զուրկ են անգամ այդպիսի մարզասրահից: Իսկ այդ չափերի, անգամ ավելի փոքր դահլիճներ ունի Հայաստանի դպրոցների 30-40 տոկոսը: Միշտ էլ մարզագույքի խնդիր կա: Վերջին անգամ դպրոցների մի մասը պետությունից մարզագույք է ստացել մոտ մեկ տասնամյակ առաջ: Եթե գնդակների հարցն ինչ-որ ձևով լուծվում է, ապա կոշտ մարզագույքը` մարզագործիքներ, շվեդական պատեր և այլն, այդպես էլ կրթօջախների մարզասրահներում չեն հայտնվում: Իսկ դա խանգարում է ոչ միայն դպրոցական սպորտի զարգացմանը, այլև ուսումնական ծրագրերի իրականացմանը:

 

 

 

Դիտվել է 1093 անգամ:
Print Friendly

Leave a Reply