Արամայիս Երզնկյան

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | December 19, 2012 7:00

«Խորհրդային Միությունում ուղևորության ժամանակ ինձ վրա բացառիկ տպավորություն թողեց ժողովրդական կոմիսար Արամայիս Երզնկյանը, որը շատ նման է Նաբուգոդոնոսոր արքային: Ես նրան շատ հավանեցի, վերակառուցվող Հայաստանին այդպիսի պետական ղեկավարներ են պետք»

Հանրի Բարբյուս

 Հայ քաղաքական մտքի երևելիներից մեկը` Արամայիս Երզնկյանը, ծնվել է 1879 թ. մայիսի 10-ին Լոռվա հրաշագեղ բնության գրկում` Հաղպատում, Հաղբատավանքի վանահայր տեր Հարություն քահանայի ընտանիքում: Երզնկյանների ազնվական տոհմը Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքից է, Լոռու Հաղպատ գյուղում հաստատվել է դեռևս XVIII դարի կեսերին և բազում մշակութային, գիտական, քաղաքական գործիչներ է տվել հայությանը:

Տեր Հարություն քահանան Հաղպատի մեծահարուստ կալվածատերն էր, և դա հնարավորություն տվեց որդուն փայլուն կրթության տալ: Առհասարակ Արամայիս Երզնկյանի ուսումնառության մեջ մեծ էր մոր` Կատերինայի դերը: Լինելով ժամանակի ուսյալ անձանցից մեկը` նա կարևորում էր զավակների ուսումնառությունն ու ամեն ինչ արեց, որ որդին կանոնավոր կրթություն ստանա: Արամայիս Երզնկյանը Հաղպատի ծխական դպրոցից հետո նախ սովորում է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ապա ուսումը շարունակում Ժնևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Այստեղ նա ծանոթացավ իր մեծ սիրուն` Աննային, որը Ժնևի կոնսերվատորիայում էր ուսանում: Արամայիսն ու Աննան իրենց համատեղ կյանքի ընթացքում  ունեցան չորս զավակ: Նրանց զավակներն էին անվանի կինոռեժիսոր Յուրի Երզնկյանը և անվանի պետական գործիչ Լևոն Երզնկյանը:

Դեռ ուսանողական տարիներից ծանոթանալով Պլեխանովի հետ, հարելով մարքսիզմին` Արամայիս Երզնկյանը Ժնևում հիմնեց «Կովկաս» մարքսիստական խմբակը, որում համախմբված էին Եվրոպայում ուսանող կովկասահայերը: Խմբակի աշխատանքներին ներգրավված էին նաև Ստեփան Շահումյանը, Բոգդան Կնունյանցը, Մելիք Մելիքյանը (Դեդուշկա):

1898 թ. Արամայիս Երզնկյանը մտավ ՌՍԴ/բ/Կ շարքերը: 1902 թ. հիմնադրում է «Հայ սոցիալ-դեմոկրատների միությունը»: Նա հրաշալի հռետոր էր ու հրապարակախոս և պարբերաբար հանդես էր գալիս մամուլում: 1906 թ. Երզնկյանը խմբագրում է «Պրոլետարիատ», «Կայծ», 1915-ից` մենշևիկյան «Պայքար» թերթը:

1907 թ.` ՌՍԴ/բ/Կ երկրորդ համագումարից հետո, Արամայիս Երզնկյանը հարեց մենշևիկյան կուսակցությանը:

1916 թ. Արամայիս Երզնկյանն ընտրվում է Թիֆլիսի քաղաքային դումայի, հեղափոխությունից հետո` բանվորական խորհրդի անդամ: Նա 1917 թ. ընտրվեց նաև Հայոց ազգային խորհրդի անդամ: Այդ խորհուրդը կազմված էր 15 անդամներից, որոնցից վեցը ՀՅԴ անդամներ էին (Ավետիս Ահարոնյան, Աբրահամ Գյուլխանդանյան, Ռուբեն Տեր-Մինասյան, Խաչատուր Կարճիկյան, Նիկոլ Աղբալյան, Կորյուն Ղազազյան), երկուսը` սոցիալիստ-հեղափոխական` էսէռ (Հովհաննես Տեր-Օհանյան, Լևոն Աթաբեկյան), մեկը` հնչակյան (Ղազար Տեր-Ղազարյան), մեկը` մենշևիկ (Արամայիս Երզնկյան): Հայ ժողովրդական կուսակցությունն ուներ երկու ներկայացուցիչ (Սամսոն Հարությունյան, Հարություն Այվազյան) և երեք անկուսակցական (Տիգրան Բեկզադյան, Ստեփան Մամիկոնյան, Պետրոս Զաքարյան): Բոլշևիկյան կուսակցությունը հրաժարվեց Հայոց ազգային խորհրդի աշխատանքներին մասնակցելուց և ամենուր բոյկոտում էր դրա միջոցառումները: Ինքը` Երզնկյանը, ընտրվեց Հայոց ազգային խորհրդի գործկոմի նախագահ: Նրա ուսերին ծանր պարտականություն էր դրված: Մասնավորապես, Երզնկյանի գործառույթների մեջ էին մտնում փախստականների տեղավորումը, սննդի և դեղամիջոցների ապահովումը, հայ կամավորական ջոկատների կազմավորումը, նրանց համար պարեն ու հագուստը ապահովելը:

1917 թ. Երզնկյանը դարձավ անդրկովկասյան Սեյմի կառավարության անդամ: 1918 թ. նա, փորձելով հարթել առկա հայ-վրացական և հայ-ադրբեջանական հակասությունները, հիմնեց Ինտերնացիոնալիստների միությունը: Սակայն այս այն այդպես էլ մնաց թղթի վրա և որևէ էական դերակատարություն չունեցավ: Երզնկյանը մեծ աշխատանք տարավ Ռուսաստանից Սեյմի անջատվելը կանխելու համար: Ժամանակի մարտահրավերների ու թուրքական սպառնալիքի պարագայում դա թերևս միակ ճիշտ ճանապարհն էր:

1918 թ. մայիսյան ծանր օրերին Երզնկյանը երբեք չկորցրեց իր տոկունությունն ու կամքը: Նա Հայոց ազգային խորհրդի նիստերի ժամանակ առաջիններից էր, որ առաջարկեց և պնդեց Հայաստանի անկախության հռչակման օգտին: Այն դեպքում, երբ անկախության գաղափարին դեմ էին արտահայտվում ՀՅԴ և ազգային այնպիսի անվանի գործիչներ, ինչպիսին էր Ավետիս Ահարոնյանը: Նույն տարին նա դարձավ Վրաստանի խորհրդարանի անդամ: 1918 թ. դեկտեմբերին` հայ-վրացական պատերազմի ժամանակ, Վրաստանի իշխանությունները բանտարկեցին Արամայիս Երզնկյանին:

1920 թ. նա դիմեց ՌՍԴ/բ/Կ Կովկասյան բյուրոյին և անցավ բոլշևիկյան կուսակցության շարքերը: Դրանից հետո` 1921 թ բոլշևիկյան գործունեության մեղադրանքով, նա դարձյալ բանտարկվեց Թիֆլիսում:

Ողջունելով Խորհրդային իշխանության մուտքը` Արամայիս Երզնկյանը 1921 թ. վերադարձավ հայրենիք և նշանակվեց Խորհրդային Հայաստանի հողագործության ժողովրդական կոմիսար: Նա հետևողականորեն պաշտպանում էր Լեռնային Ղարաբաղը հայրենիքին միացնելու գաղափարը, բայց, ավաղ, նրա ջանքերն ապարդյուն էին:

Արամայիս Երզնկյանն առաջին հայ քաղաքական գործիչն էր, որ ի պաշտոնե դուրս եկավ համազգային քաղաքական շրջանակներից: 1922 թ. նա ստանձնեց Անդրֆեդերացիայի հողագործության ժողովրդական կոմիսարի պաշտոնը,

Թիֆլիսում աշխատեց ամբողջ 9 տարի: 1931 թ. վերադարձավ Երևան և աշխատանքի անցավ Հայաստանի կառավարությունում` որպես ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահի տեղակալ: Երզնկյանը միաժամանակ 1931-1933 թթ. Երևանի քաղաքապետն էր:

Այս պաշտոնում էլ Արամայիս Երզնկյանը աչքի ընկավ տաղանդով, աշխատասիրությամբ, կամքով ու կազմակերպչական մեծ ունակություններով: Նրա ոլորտները տարբեր էին. կրթական գործ, շինարարություն, գյուղատնտեսություն, երկրի ինդուստրացում…

Երզնկյանը հատկապես կրթական գործի  նվիրյալ էր, նրա անմիջական ջանքերով ու մասնակցությամբ Երևանում բացվեց Գյուղատնտեսական ինստիտուտը: Արամայիս Երզնկյանի ջանքերով Երևանում ձևավորվեց Ազգային գրադարանը:

Առհասարակ Երզնկյանը մշակույթի մարդ էր. նա մոտ հարաբերություններ ուներ հայ ազգային մշակութային գործիչների` Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի, Ալեքսանդր Թամանյանի, Ալեքսանդր Շիրվանզադեի, Լեոյի հետ:

Երզնկյանի ամենամեծ ներդրումը, շատ ուսումնասիրողների կարծիքով, ներգաղթի կազմակերպումն էր: Ինքն անձամբ ղեկավարում էր Սփյուռքահայության հետ կապերի և ներգաղթի կազմակերպման կառավարական հանձնաժողովը: Նա միաժամանակ ՀՕԿ կենտրոնական վարչության նախագահն էր: Իր գործելաոճով Արամայիս Երզնկյանը մեծապես նպաստեց հայության երկու հատվածների միավորմանը:

Սփյուռքահայության ներգաղթի կազմակերպման տարիներին սկիզբ առավ Արամայիս Երզնկյանի և Ֆրիտյոֆ Նանսենի բարեկամությունը: Հայտնի բևեռախույզն ու հայ ժողովրդի հավատարիմ բարեկամը հետագայում Երզնկյանին նկարագրել է որպես «հայ ժողովրդի ամենանշանավոր զավակներից մեկը և անկասկած նրանցից ամենապայծառը»։

Երզնկյանը նաև հայերենի պաշտպան էր ու իր ժողովրդի մշակութային արժեքների տարածող: Դեռևս 1922 թ. սփյուռքում տպագրվող հայկական պարբերականում նա գրում է. «Ոչ պետական լեզվով, ոչ հայերենով գրված փաստաթղթերն իմ կողմից կմնան առանց հետևանքի և առանց պատասխանի, որքան էլ որ նրանք կրեն շտապողական ու կարևոր բնույթ»: Նա հովանավորն էր հայ գրողների և մտավորականների` Չարենցի, Ալազանի, Իսահակյանի, Սպենդիարյանի, Սարյանի և այլոց, որոնց հետ ջերմ, ընկերական հարաբերություններ էր պահպանում: Հետագայում նրանք վերադարձրին իրենց խղճի պարտքը` աջակցելով ու հովանավորելով բռնադատված Արամայիս Երզնկյանի ընտանիքին:

Արամայիս Երզնկյանը մեծ ներդրում ունի նաև Երևանի կառուցապատման, շինարարության հարցում: Հայ ղեկավարներից նա թերևս միակն էր, որ անվերապահորեն հավատաց ու վստահեց Ալեքսանդր Թամանյանին: Առհասարակ նրանք մտերիմ ընկերներ էին, նրանց միավորում էր սերն ու նվիրվածությունը հայրենիքին: Արամայիս Երզնկյանին ենք պարտական նաև Երևանում օպերայի և բալետի պետական թատրոնի գեղեցիկ շենքի գոյության համար: Երբ 1927 թ. Երևանում «Ժողտուն» կառուցելու կառավարական որոշում եղավ, Թամանյանը գործի անցավ: Սակայն նրան շատ էին խանգարում, ընդդիմախոսներն ամենուր բողոքում էին թամանյանական ոճի` հայկականության դեմ` դրա մեջ նացիոնալիզմ որոնելով: 1932 թ. Երզնկյանի վճռական միջամտությունից հետո միայն հաստատվեց Թամանյանի նախագիծը, ինչի համար հետագայում Երզնկյանը կյանքով հատուցեց: Նա մի հոդված գրեց և հրապարակեց հանրապետական մամուլում` ի պաշտպանություն Ալեքսանդր Թամանյանի: Նա կողմնակից էր նորաոճ, շքեղ շինությունների, որոնք սակայն, պետք է պահպանեին հայկական ճարտարապետական բազմադարյա ավանդույթները: Հոդվածից երևում է, թե որքան գիտակ էր Արամայիս Երզնկյանը հայկական ճարտարապետության մեջ: Նա անձամբ ղեկավարեց «Ժողտան» շինարարությունը և ժողովրդի հիշողության մեջ  անմահացավ «Արամայիս շինարար» անվամբ:

«Ժողտան» շինարարությունը եղավ այն թիրախը, որով ստալինյան բռնապետական ռեժիմը կործանեց Արամայիս Երզնկյանին: 1936 թ. նրան մեղադրանք առաջադրվեց` իբր հայ ազգայնամոլների հետ միասին ճնշում է գործադրել տեխնիկական հանձնաժողովի անդամների վրա, որպեսզի վերջինները հաստատեն մեծածավալ ու մեծածախս շինարարության նախագիծը Երևանում: Երզնկյանին մեղադրանք առաջադրվեց նաև որպես ժողովրդի թշնամու և «աջ տրոցկիստական» գաղափարախոսության կրողի: Այդ մեղադրանքով ձերբակալվեց ու ենթարկվեց կտտանքների ենթարկեցին, որպեսզի ցուցմունքներ կորզեն Ալեքսանդր Թամանյանի մասին: Երզնկյանը, իհարկե, իր բարձունքում մնաց: Բայց դա էլ չէր կարող փրկել Ալեքսանդր Թամանյանին, եթե նա չվախճանվեր 1936 թ.:

Մեծ հայորդին զոհվեց 1937 թ.: Զոհվեց հերոսաբար, տղամարդուն ու հային վայել` չընդունելով իրեն առաջադրված կեղծ մեղադրանքները: Անգամ համարձակություն ունեցավ դատապարտելու ռեժիմը. «Հայաստանն այսօր շղթայված, քայքայված երկիր է, որտեղ կուսակցությունը նենգափոխվել է չեկիստների իշխանությամբ»:

Ստալինյան ռեժիմը չէր կարող հանդուրժել Հայաստանում ազգային գործչի առկայությունը: Նրա մահը ողբաց ողջ հայությունը Հայաստանում և սփյուռքում:

Իսկ Երզնկյանի հեղինակությունն ու համաժողովրդական մեծ սերն արտահայտվեցին հայ և օտարազգի գործիչների թողած նոթերում. «Ե՛վ ճարտարապետ Թամանյանի, և՛ ամբողջությամբ Հայաստանի բախտն է պարզապես բերել, որ նրանք ունեն Արամայիս Երզնկյանի նման նշանավոր ղեկավար, նշանավոր` բոլոր պարագաներում» (Եվգ. Լանսերե):

«Լենինականում մեզ սրտառուչ դիմավորեց և ողջունեց ժողովրդական կոմիսար Արամայիս Երզնկյանը: Նա անմիջականորեն գլխավորում էր Հայաստանի կառավարական պատվիրակությունը, որը բանակցություններ էր վարելու Ազգերի լիգայի հանձնաժողովի հետ: Արամայիս Երզնկյանը հենց սկզբից դուր եկավ բոլորիս: Նա բարձրահասակ, նիհարավուն, վեհաշուք մարդ էր, հայի տիպար` բնորոշ ու խելացի դեմքով, և անմիջապես թողեց բարեկիրթ մարդու տպավորություն: Ժողովրդական կոմիսարը պետք է ուղեկցեր մեզ Երևան: Դրանից հետո մենք պետք է դեռ երկար աշխատեինք… Ազգերի լիգայի մեր հանձնաժողովի գործունեության մեջ անչափ մեծ էր հայ ժողովրդի ամենանշանավոր  ղեկավարներից մեկի և, անկասկած, նրանցից ամենափայլունի` Արամայիս Երզնկյանի դերը: Մենք միչև օրս գտնվում ենք այդ լայնախոհ մտածողության, հազվագյուտ աշխատունակության, բացառիկ սիրալիրության տեր, վեհաշուք դեմքի հմայքի տակ…» (Ֆրիտյոֆ Նանսեն):

 

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Դիտվել է 1660 անգամ:
Print Friendly

Leave a Reply