ՏԱՃԱՏ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | November 19, 2012 7:00

1980 թ., հուշարձանի բացմանը  ներկա էր արդեն զառամյալ հերոսը: Նրա փափագն էր, որ մահից հետո մարմինն ամփոփվի մայր հայրենիքում: Տաճատը մահացավ 1982 թ. ապրիլի 23-ին, Նյու Ջերսիում, 94 տարեկան հասակում: Նրա դստեր` Անահիտի ջանքերով Տաճատի աճյունասափորը 1997 թ. բերվեց հայրենիք և ամփոփվեց ՎանՎասպուրականի հուշարձանի պատի մեջ: Հուշարձան, որի կանգնեցման գործում մեծ էր նվիրյալի դերը:

Վան-Վասպուրականի հերոսամարտի ականավոր գործիչներից է ՀՅԴ անդամ, ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ Տաճատ Թերլեմեզյանը:

Ծնվել է 1888 թ. դեկտեմբերի 6-ին, Վանի Այգեստան թաղամասում, հարուստ վաճառականի ընտանիքում: Նա անվանի նկարիչ Փանոս Թերլեմեզյանի եղբայրն է: Տակավին պատանի` Տաճատը դաստիարակվում էր հայրենասիրական ոգով: Նրա հայրը 1896 թ. ինքնապաշտպանական կռիվների մասնակիցներից էր, և որդին երեխա հասակից դաստիարակվում էր նույն ոգով` անմնացորդ նվիրումով դեպի հայրենիքը:

Ցանկանալով իր կյանքը կապել հայ ազատագրական շարժմանը` 1904 թ., դեռ դպրոցական նստարանից Տաճատը դիմում գրեց և անդամագրվեց Հայ հեղափոխական դաշնակցությանը, որ այդ տարիներին իրավամբ ամենամեծ հեղինակությունն էր հայոց քաղաքական դաշտում և հայ ազատամարտի դրոշակակիրն էր:

Անդամագրվելով կուսակցությանը` Տաճատ Թերլեմեզյանը կատարում էր Լեռնապարի կոմիտեության հանձնարարություններն ու թռուցիկներ էր տարածում Վանում և Վասպուրականի գյուղերում: Տաճատի հայրը Վանի ամենահարուստ, բարեկեցիկ ապրող անձանցից էր, և հենց նրանց տան մի հատվածում էր հաստատվել Վանում Պարսկաստանի հյուպատոսը: Հետևաբար ՀՅԴ տեղի կառույցը հնարամիտ էր գտնվել և հենց Տաճատենց տանն էր տպագրում թռուցիկները` վստահ լինելով, որ որևէ մեկի մտքով չի անցնի այնտեղ խուզարկություն կազմակերպել:

Վանում ուժեղ էր նաև Ռամկավար ազատական կուսակցությունը` Արմենականները, որը հակադրության մեջ էր ՀՅԴ հետ: Այս հակադրությունն առկա էր կյանքի բոլոր ոլորտներում: Դպրոցում, որտեղ սովորում էր Տաճատը, բանը հասավ նրան, որ նա իր ընկերների հետ ծեծեց իր Արմենական ուսուցիչներից Գրիգոր Աճեմյանին (անվանի գրող Գուրգեն Մահարու հորը), որի համար արտաքսվեց դպրոցից:

Տաճատի գործունեության հիմնական ոլորտը զենք-զինամթերքի հայթայթումը, պահեստավորումն ու բնակչության զինումն է: Միաժամանակ նա կազմակերպում էր հայ բնակչության, հիմնականում` երիտասարդության զինավարժությունները, որ նախաձեռնել էր Բուլղարացի Գրիգորը:

Բայց Տաճատ Թերլեմեզյանին միանգամից անուն ու հռչակ բերեց իր դավաճան քեռու`  Դավոյի ահաբեկումը: Դավոն ՀՅԴ Վանի ԿԿ գործավարն էր: 1907 թ. աշնանը թուրքական իշխանությունները ձերբակալում են Դավոյի հորը` կասկածելով հեղափոխական գործունեության մեջ: Դավոն դիմում է Վանի դաշնակցականների ղեկավարներին` գումար խնդրելով հորը ազատելու համար:

Արամ Մանուկյանը հրաժարվում է Դավոյին գումար տալուց, բայց հավաստիացնում է, որ ամեն բան կձեռնարկի հորն ազատ արձակելու համար: Սակայն Դավոն, չբավարարվելով կուսակից ընկերների խոստումներով, հորն ազատելու համար թուրքական իշխանություններին է մատնում Վանում և շրջակայքում գտնվող զենք-զինամթերքների պահեստների տեղը: Որոշ ուսումնասիրողներ կարծում են, որ Դավոյի մատնության մեջ մեծ է եղել նաև հասարակ տղամարդկային խանդի դերը մի աղջկա հանդեպ…

Թուրքական իշխանությունները գործի են անցնում. բռնագրավվում է զինապահեստների զենք-զինամթերքը, քաղաքում ձերբակալություններ են կատարվում:

Արամ Մանուկյանի տանը հրավիրվում է ՀՅԴ Վանի ԿԿ արտակարգ նիստ, որոշվում է անհապաղ վերացնել Դավոյին, քանի դեռ նա չի հասցրել մատնել ամբողջ զինամթերքի տեղը: Գործողության իրականացման պատասխանատվությունը դրվում է Կոմսի վրա: Կոմսը կազմում է առանձին խմբեր, որոնք պիտի հետևեին դավաճան Դավոյին և պատեհ առիթ ներկայանալու դեպքում անմիջապես շանսատակ անեին: Դավոն ինքը, լինելով դաշնակցական, քաջ գիտեր իրեն սպառնացող վտանգը և տնից դուրս էր գալիս միայն թուրք ոստիկանների ուղեկցությամբ:

Դավոյին հետապնդողների թվում էր նաև Տաճատը: Ամբողջ մեկ ամիս նա հետապնդում է դավաճանին և մարտի 11-ին կարողանում է ի կատար ածել դատավճիռը: Այդ օրը Այգեստանում` թուրքական բաղնիքի մոտ, Տաճատը նկատում է Դավոյին: Ոչինչ չկասկածող Դավոն, որ թուրք ոստիկանի հետ էր, հեռվից իր մոտ է կանչում Տաճատին և սպառնում դաշնակցական գործիչներին: Նկատելով Տաճատի այլայլված դեմքը` մատնիչը հասկանում է նրա միտքն ու ձեռքը տանում դեպի ատրճանակը: Այդ պահին, բարեբախտաբար, կառք է անցնում մոտակայքով, և Դավոն, վախենալով հայտնվել կառքի անիվների տակ, հետ է նայում: Դա ճակատագրական վայրկյան էր մատնիչի համար: Տաճատը արագ հանում է գրպանում պատրաստ պահած բրաունինգ ատրճանակն ու պարպում Դավոյի վրա: Մատնիչն անմիջապես տապալվում է գետնին: Դավոյին հսկող թուրք ոստիկանները հարձակվում են Տաճատի վրա, բայց վերջինս չշփոթվելով գրպանից հանում է մյուս ատրճանակն ու կրակ բացելով ոստիկանների վրա` նահանջում` հընթացս հասցնելով մի քանի ստուգողական կրակոց արձակել ընկած Դավոյի վրա: Այսպես, կրակ բացելով թշնամու վրա, Տաճատը, կատարելով իր խնդիրը, մի քանի վայրկյանից փախչում է դեպի Այգեստանի այգիները:

Այնուամենայնիվ Տաճատը չի կարողանում խույս տալ ձերբակալությունից: Ի վերջո, թուրքական իշխանությունները կալանում են նրան և բանտ նետում:

Սակայն նրա բանտային տվայտանքները երկար չեն տևում: 1908 թ., երիտթուրքերի հեղափոխությունից և Սահմանադրությունից հետո, ի թիվս այլոց,  բանտից ազատվում է նաև Տաճատ Թերլեմեզյանը: Նա հեռանում է Վանից, նախ հաստատվում է Պոլսում, ապա տեղափոխվում Թիֆլիս` նպատակ ունենալով սովորել Ներսիսյան դպրոցում: Սակայն Կովկասում ՀՅԴ գործերն այնքան էլ հաջող չէին: Ցարական կառավարությունը, Երիտթուրքերի հեղափոխության ազդեցության տակ, երբ «Միություն և առաջադիմություն» երիտթուրքական կուսակցությանը հեղափոխության գործում աջակցեց նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը, վախենալով հեղափոխության տարածումից Կովկասում, Դաշնակցության դեմ ուժեղ հալածանքներ սկսեց: Այդ պատճառով Տաճատ Թերլեմեզյանը Կովկասից վերադարձավ Պոլիս, իսկ մեկ տարի անց մեկնեց ԱՄՆ և Վիսկոնսինի համալսարանում տնտեսագիտություն ուսանեց:

ԱՄՆ ապրած տարիներին Տաճատը շարունակում է կուսակցական գործունեությունը:

Առաջին համաշխարհային պատերազմը հայության համար ազատագրության նոր հույս արթնացրեց: ՀՅԴ ղեկավարությունը կոչ արեց աշխարհասփյուռ հայությանը համախմբվել հայկական կամավորական ջոկատների շուրջ և ոչինչ չխնայել Արևմտյան Հայաստանի ազատագրման համար: 1915 թ. ամռանը Տաճատ Թերլեմեզյանը ռուսական շոգենավով հարյուրավոր հայ կամավորների հետ ժամանեց Ռուսաստան` ճակատ մեկնելու նպատակով:

Ռուսաստանից հասնելով Թիֆլիս` Տաճատը միանում է Իշխանի` Հովսեփ Արղությանի (Տաշո) կամավորական 7-րդ խմբին, որի հավաքակայանը Երևանում էր: Նրա խմբով էլ մեկնում է Երկիր: Տաճատ Թերլեմեզյանն այն առաջին բախտավորներից էր, որ զենքով մտավ իր հայրենի Վանն ու օգնության հասավ Վանի հերոս պաշտպաններին, որոնք ապստամբել էին ու հաղթական դրոշ բարձրացրել թուրքական կառավարության դեմ:

Շուտով Տաճատը կրկին հայտնվում է Թիֆլիսում: Սալմաստում թուրքական զորքերի դեմ մղված արյունահեղ բախման ժամանակ զոհվում է Քեռին, և Հովսեփ Արղությանի կարգադրությամբ Քեռու մարմինը հենց Տաճատ Թերլեմեզյանն է Թիֆլիս հասցնում: Սակայն Թիֆլիսում երկար չի մնում և արագ վերադառնում է Վան:

Տաճատը ականատեսն ու մասնակիցը եղավ Վանի ողբերգական, անհասկանալի նահանջին: Վանի ազատագրումից հետո Արամ Մանուկյանն այնտեղ փաստորեն անկախ պետություն էր ստեղծել: Ձևավորվել էին իշխանական բոլոր մարմինները, որոնք Արևմտյան Հայաստանի անկախ հանրապետության հիմքն էին դառնալու: Դա չէր մտնում ռուսական կառավարության ծրագրերի մեջ, որին պետք էր Արևմտյան Հայաստանն առանց հայերի: Եվ ռուսական կառավարությունն իրականացրեց իր դիվային ծրագիրը. Վանի` ռազմավարական որևէ տեսանկյունից չարդարացվող նահանջը կազմակերպելով` հայաթափեց Վասպուրականը:

Հայաստանի Հանրապետության կազմավորման առաջին օրերից Տաճատ Թերլեմեզյանը իրադարձությունների կենտրոնում էր. նա Հայաստանի կառավարության հատուկ հանձնարարականներն էր կատարում: Մասնավորապես իր զինված ջոկատով շարունակ հսկում էր Ղարաքիլիսա-Ղազախ ուղղությամբ տեղակայված թուրք-թաթարական գյուղերի բնակչությանը, զսպում նրանց ընդդիմությունը: Նա մասնակցեց նաև Ղամարլուի շրջանի թուրքական գյուղերի ապստամբության ճնշմանը: Հենց Լոռիում էլ ծանոթանում է իր մեծ սիրո` Արփինեի հետ, որը աշխատում էր Ղարաքիլիսայում տեղակայված ամերիկյան որբանոցում: Տաճատն ու Արփինեն ամուսնացան, երկարատև համատեղ կյանքի ընթացքում հինգ զավակ ունեցան:

Հայաստանի Հանրապետության անկումից հետո Տաճատ Թերլեմեզյանը հաստատվեց ԱՄՆ-ում` Նյու Ջերսի քաղաքում: Այստեղ նա ակտիվ հասարակական կյանքով էր ապրում` մասնակցելով ՀՅԴ կառույցների և հայ համայնքի ձեռնարկումներին: 1967 թ. Տաճատ Թերլեմեզյանը ժամանեց հայրենիք: Իր խնայողություններով և վանեցիների հանգանակությամբ հավաքված գումարը հանձնեց ի նպաստ Արագածոտնի մարզում Վան-Վասպուրականի հերոսամարտին նվիրված հուշարձանի շինարարությանը: 1980 թ. հուշարձանի բացմանը, արդեն զառամյալ, դարձյալ ներկա էր հերոսը: Նրա փափագն էր, որ մահից հետո իր մարմինն ամփոփվի մայր հայրենիքում: Տաճատը մահացավ 1982 թ. ապրիլի 23-ին, Նյու Ջերսիում, 94 տարեկան հասակում: Նրա դստեր` Անահիտի ջանքերով Տաճատի աճյունասափորը 1997 թ. բերվեց հայրենիք և ամփոփվեց Վան-Վասպուրականի հուշարձանի պատի մեջ: Հուշարձան, որի կանգնեցման գործում մեծ էր նվիրյալի դերը:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Դիտվել է 3248 անգամ:
Print Friendly

Leave a Reply