Նա էլ բոլորի նման երկու ականջ ու երկու աչք ունի

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | January 29, 2012 14:18

Գրող, բլոգեր Դօրիանն այլևս բացահայտ է

Դօրիանին ներկայացնելու առանձնակի հարկ չկա: Նրա ստեղծագործությունները վերջին երկու տարվա ընթացքում ամենաընթերցվածներն ու քննարկվածներն են:

Երիտասարդ հայ գրողն ու բլոգերը այսուհետ բացահայտ է: Առաջին հարցազրույցը նա վերջերս տվեց մեր տեղական հեռուստաընկերություններից մեկին:

Ավելին` ի լուր բոլորի բացահայտեց նաև իրական անունը և բնակավայրը` Գրիգոր Մուրադյան, Երևան:

Ներկայացնում ենք «Անկախին» տված բացառիկ հարցազրույցը:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործության ազդեցության տա՞կ է ընտրվել Դօրիան գրական կեղծանունդ:

-Ես կասեի՝ անուղղակի ազդեցության: Ուայլդի հերոսի անվամբ ինձ ծանոթներիցս մեկն էր դիմում, որը   իրեն իմ դիմանկարն էր համարում: Նա անվերջ գանգատվում էր, թե ծերանում է իմ փոխարեն: Գրական կեղծանունս ընտրելիս երկար չմտածեցի, վերցրեցի հենց դա… Իմ և Ուայլդի Դորիանի միջև միայն մեկ նմանություն եմ տեսնում` եսակենտրոն լինելը:

– 2009-ից ասես հաղթած թագավորի պես մուտք գործեցիր գրական աշխարհ: Մուտքդ սովորական չէրԿարծեմ ամեն ինչ սկսվեց «Հոգու մերկապար» կայքից, չէ՞

– Մուտքս, իհարկե, աչք ծակող էր, բայց համաձայն չեմ, թե հաղթած եմ մուտք գործել: Այո, ամեն ինչ սկսվեց «Հոգու մերկապարից», որտեղ օրագիր էի վարում ու նաև հրապարակում գրական ստեղծագործություններս: Այն ժամանակ գրական ռեսուրսները դեռ հատուկենտ էին ու հիմնականում ստատիկ: Ես առաջինն էի, ով պահեց առցանց տարածքի դինամիկան, ցույց տվեց ապրող հեղինակի: Դօրիանն ամենուրեք էր, նրան կարելի էր «շոշափել»: Նա նման չէր այն գրողներին, որոնք գրում են գիրքը, հրատարակում, շպրտում գրախանութի դարակներին ու պահանջում, որ այն սպառվի: Կարծում եմ՝ հենց այդ իրական լինելն էր, որ արագ ուշադրություն գրավեց: Հետո էլ մարդկանց հետաքրքրեց այն, որ անդեմ հեղինակ եմ: Նրանք գուշակում էին, տարբերակներ քննարկում: Բավականին երկար ժամանակ իմ անդեմ լինելն ակտուալ էր մնում:

Դօրիան, անկեղծ ասած, քո գրածներից բոլորը չէ, որ կարդացել եմ, բայց կառանձնացնեմ «Սատանան մայրամուտին» վիպակը: Այն մի տղայի մասին է, որ արվամոլ է դառնում կարծես փող չունենալու պատճառով: Ի՞նչ ես կարծում, նման ստեղծագործությունները, որոնք «բաց» թեմաների շուրջ են, հասարակության լայն զանգվածների շրջանին հետաքրքրո՞ւմ են:

– Միասեռական չեն դառնում, սեռական կողմնորոշման փոփոխություն չի լինում: Դավիթը գումարի դիմաց սեռական կապի մեջ մտավ տղամարդու հետ, ինչը դեռ չէր խոսում  նրա միասեռական լինելու մասին: Այդ դեպքերից հետո տարիներ են անցել, սակայն ես ինքս դեռ չեմ հասկացել` ո՞վ էր այդ տղան իրականում ու ի՞նչ էր ուզում:

Ինչ վերաբերում է «բաց» թեմաներին, ապա չեմ կարծում, թե կա հասարակության մի որոշակի շերտ, որը իրեն նվիրել է դրան (գուցե մեկ-երկու մոլագար): Նման թեմաները բոլորիս էլ այս կամ այն չափով հետաքրքրում են: Առհասարակ, մեզ ձգում է այն, ինչից առավել հեռու ենք, ու այն, ինչի մեջ ապրում ենք ինքներս:

Գրելիս որևէ մեկից օրինակ վերցնո՞ւմ ես:

– Երբ հավանում եմ որևէ գիրք, վերլուծում եմ այն, գտնում եմ հեղինակի օգտագործած հնարքները, նրա ոճի առավելությունները և փորձում եմ այդ ամենը սինթեզել արդեն իսկ ունեցածս գիտելիքի հետ: Օրինակ եմ վերցնում յուրաքանչյուրից, որը ինձ օրինակելի է թվում: Ու ոչ միայն գրելիս, կյանքում էլ փորձում եմ «խլել» որքան հնարավոր է շատ «կենսական ռեսուրս» այլ մարդկանցից: Այլ կերպ չեմ պատկերացնում հասունացումս ո՛չ որպես մարդ, ո՛չ որպես հեղինակ:

Երբ քո գրածները հայտնվում էին բլոգերում ու սոցցանցերում, հասարակության լայն զանգվածների շրջանում կրկին հարց էր առաջանում, թե ով է այս առեղծվածային Դօրիանը: Իրական Դօրիանի հայտնվելը պատճառաբանվա՞ծ է:

– Անդեմ Դօրիանը ստեղծվել էր հետաքրքրություն առաջացնելու համար: Անիմաստ էր մնալ անդեմ այն ժամանակ, երբ այդ հետաքրքրությունն արդեն մերթընդմերթ մարում էր: Այս դեպքում արդեն ծնունդ առավ բացահայտվելուս գաղափարը:

– 2010-ին մամուլը աղաղակում էր, որ քեզ ծեծի են ենթարկել` չբացելով` ով, երբ, ինչու, իսկ նույն թվականի նոյեմբերի 24-ին Դրամատիկական թատրոնում տեղի է ունենում քո «Արհեստական արբանյակը» պիեսի բեմադրությունը, և մամուլն այն դրական լույսի ներքո է ներկայացնում: Ըստ քեզ` այսքան էական փոփոխությունները ինչո՞վ են պայմանավորված:

– Մամուլը չէր ասում, թե ինձ ծեծել են վատը լինելու պատճառով: Ով-ով, բայց մամուլն իմ հանդեպ միշտ դրական է տրամադրված եղել: Բացառությամբ չոբանների պաշտոնաթերթ «Իրավունքի»: Երեք տարվա ընթացքում իմ մասին բացասական կարծիք որևէ ԶԼՄ-ում չեմ կարդացել:

Լսել եմ, որ Դօրիան գրական կեղծանունով շատերն էին բլոգներ բացում: Ինչպե՞ս պարզվեց, թե ով է իրականը, չէ՞ որ դու այդ ժամանակ բացահայտ չէիր:

– Իրականին գտնելու խնդիր չկար, քանի որ բոլոր բլոգերը բացվում էին միևնույն մարդկանց կողմից և ունեին միևնույն բովանդակությունը: Դա արվում էր գովազդելու համար այն ստեղծագործությունները, որոնց հեղինակը ես եմ:

Քո ստեղծած գրականությունը տարբերվում է: Հայաստանում կարծես առաջինը եղար, որ գրեցիր միասեռականների կյանքի մասին: Պատահե՞լ են դեպքեր, երբ ավելի տարիքով գրողները, քննադատները «քարկոծել» են քեզ` ասելով, օրինակ, գրականությունը քո տեղը չէ, և այլն

– Հուսամ` իմ գրականությունը միայն դրանով չի տարբերվում: Ինչ վերաբերում է ավագ սերնդին, ապա մինչ այժմ որևէ կարծիք չեմ լսել: Բացառությամբ այն դեպքի, երբ ավագ սերնդի ներկայացուցիչներից բաղկացած ժյուրին ինձ մրցանակ շնորհեց: Սակայն դա այն ժամանակ էր, երբ Դօրիանին դեռ քչերն էին ճանաչում: Գիտեմ, որ ինձ նվիրված հեռուստահաղորդումներին մասնակցելուց հրաժարվել են ավագ սերնդի բոլոր ներկայացուցիչները, ում դիմել է հեռուստաընկերությունը:

Հետաքրքիր է իմանալ` որտե՞ղ տպագրվեցին քո երախայրիքները: Կարծեմ` նույնիսկ անմիջապես մրցանակներ ստացար

– Առաջին ստեղծագործություններս տպագրվեցին «YES» երիտասարդական ամսագրում: Իսկ դրանից ամիսներ անց, այո, ստացա «Ինքնագիր» գրական մրցանակը:

Եղե՞լ է պահ կամ դեպք, որ ստիպի քեզ այլևս չգրել, թողնել գրականությունը

– Ես դեպրեսիվ անձնավորություն եմ, հուսահատության նոպաներն ինձ հատուկ են, այդ պահերին սկսում եմ վերհիշել իմ հասցեին հնչած կարծիքներն ու անգամ բացասական մեկնաբանությունները facebook-ում, խտացնում եմ գույներն ու գալիս այն եզրահանգման, որ իզուր եմ գրում: Բայց նաև հասկանում եմ, որ չգրելն անհնար է: Գրում եմ 12-13 տարեկանից, երբ դեռ ամաչում էի գրածիցս: Գրում էի, բայց թաքցնում: Որևէ մեկի դրական կարծիքի համար չէի անում դա ու չեմ անում նաև այսօր: Այնպես որ չգրելու մասին չեմ մտածել երբեք, մտածել եմ չհրապարակելու մասին, ինչն այժմ նույնպես անհնար է դարձել… Պարտավոր եմ հրապարակել, անկախ ցանկացած դեպրեսիայի հետևանքից, գրածներս թաքցնելու իրավունք չունեմ…

Պատմությունը վկայում է, որ գրողները, առավել ևս` երիտասարդները գրելիս սիրում են ոգելից օգտագործել, դո՞ւ էլ...

– Երբ քիչ խնդիրներ ունես, կենտրոնանալն ավելի հեշտ է: Սակայն, երբ այդ թվացյալ խնդիրները շատ են ու շեղում են քեզ, այո, ալկոհոլն օգնում է անջատել ուղեղը, չտանել միտքը բացասական հունով, չշեղել ստեղծագործելու գործընթացից: Նախ՝ դրա փոքր քանակությունն օգնում է հասնելու ցանկալի ինքնամոռացության, հետո այդ քանակությունն էլ չի ազդում… Նախորդ տարեսկզբին ալկոհոլի չարաշահման պատճառով խնդիրներ ունեցա: Այժմ աշխատում եմ զերծ մնալ դրանից, հասկացա, որ հակում ունեմ ու արդեն իսկ նշածս դեպրեսիվության պատճառով այդ հակումներն արտահայտվելու հարթակ են ստանում, անկառավարելի դառնում: Ի վերջո, դա բռնություն է ստեղծագործական պրոցեսի վրա: Եթե չի ստացվում, պիտի չգրել ու սպասել ճիշտ պահին:

Ի՞նչ կարծիքներ ես լսել այս ընթացքում, որ տպավորիչ են եղել քեզ համար:

– Եթե կարծիքները մի քանի տասնյակ լինեին, գուցե առանձնացնեի որևէ մեկը: Չեմ կարող նման բան անել: Ցանկացած կարծիք էլ կարևոր է ինձ համար, հաճույքով եմ կարդում ընթերցողների մեկնաբանությունները, պատասխանում, հարկ եղած դեպքում հաշվի նստում արտահայտվողի հետ:

– «Ազատություն» ռադիոկայանը հաղորդում էր պատրաստել, որին մասնակցում էիր նաև դու: Ասացիր` վախենում ես փողոցով քայլել, մարդաշատ վայրերում հայտնվել, ինչո՞ւ:

– Մանուկ հասակում ընտանեկան բռնությունների ականատես եմ եղել: Դպրոցական տարիներին պայուսակը գրկած տուն վազող երեխաներից էի, որը տղաների ծիծաղի առարկան էր: Ամբողջ կյանքս ապրել եմ այն համոզմունքով, որ օտար մարդկանցից զգուշանալ է պետք, հատկապես երբ «ոտնձգություն» ես կատարում նրանց առօրեականության և անգիտության նկատմամբ: Այսօր էլ, կարդալով անձիս մասին առցանց մեկնաբանությունները, հասկանում եմ, որ մեր երկրում կա մարդկանց մի հսկայական խումբ, որից խելացի մարդը պետք է զգուշանա…

Ընտանիքիդ անդամներն ինչպե՞ս վերաբերվեցին, երբ տեսան` ինչ ես գրում կամ ինչի մասին:

– Չեմ հասկանում «ինչ ես գրում»-ի իմաստը: Իսկ ի՞նչ եմ գրում: Ընտանիքիս անդամներից միայն քույրս է կարդում աշխատանքներս, քանի որ միայն նա է, որ համակարգչից է օգտվում և հետաքրքրվում՝ ինչ եմ գրում: Մյուսները միայն հրատարակված առաջին գիրքս են կարդացել: Չեմ հասկանում` ինչպե՞ս պիտի վերաբերվեին: Գրականությանն ինչպե՞ս են վերաբերվում, այդպես էլ վերաբերվեցին:

Դօրիան, մի փոքր էլ կխնդրեմ պատմես նոր լույս տեսած գրքիդ և անելիքներիդ մասին:

– «Իսկ գիշերվանից հետո` շուշաններն» առաջին վեպս է: Գրել եմ ծառայության ընթացքում, ինչպես և իմ երկրորդ վեպը` «Աձխյատմանը»: Մինչ այդ ծավալուն աշխատանքներ չէի գրել: Սա երևի իմ այն եզակի աշխատանքներից է, որը թե՛ առցանց բազմաթիվ ընթերցումներ գրանցեց, թե՛ չարժանացավ քննադատության:

Քանի որ ինքս գիրք տպագրելու մեջ իմաստ չէի տեսնում ու տպագրել եմ միայն ընթերցողի կամքով, վերցրեցի հենց այդ աշխատանքը: Միայն առաջին ամսում տպաքանակի 30 տոկոս սպառում գրանցվեց: Առաջիկա պլաններումս մնացած 70 տոկոսը սպառելն է: 2012-ին, կարծում եմ, որևէ աշխատանք չեմ տպագրի: Առաջին ամիսների  ծրագիրը վերաբերում է Dorian.am կայքին: Արդեն այս ամիս կգործարկվի իմ ընթերցողների համար նախատեսված սոցիալական մինի ցանց: Ընթացքի մեջ է նաև կայքի ռուսերեն թարգմանությունը: Տարվա առաջին կեսին ծրագրվում է կայքում տեղադրել առայժմ չհրապարակված մի չորս աշխատանք, այդ թվում՝ «Աձխյատման» վեպը: Մի խոսքով, մոտ ապագայում միայն աշխատանք ընթերցողիս հետ ու նրա համար, էլ ի՞նչ պիտի լիներ…

 

Զրուցեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

 

 

Դիտվել է 2295 անգամ:
Print Friendly

Leave a Reply