Առաջին կիսամյակի արդյունքներով` ՀՆԱ-ի ցուցանիշը շարունակվում է նվազել
ՏՆՏԵՍԱԿԱՆ | Աննա Մուրադյան | August 4, 2009 14:34
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության առաջին կիսամյակի տվյալների համաձայն՝ տնտեսական ճգնաժամի ազդեցության արդյունքում շինարարության մասնաբաժինը ՀՆԱ-ի կառուցվածքում 22.9 տոկոսից իջել է 14.3 տոկոս:
2009թ. հունվար–հունիսին ՀՆԱ-ն կազմել է 1մլրդ. 120մլն. դրամ. արձանագրվել է 16.7տոկոս անկում. մեկ շնչի հաշվով ՀՆԱ–ն կազմել է 345.600 դրամ կամ 993 ԱՄՆ դոլար:
ՀՆԱ կառուցվածքում աճել է ծառայությունների (առևտուր, տրանսպորտ, կապ, հյուրանոցային բիզնես և այլն) ոլորտի մասնաբաժինը՝ 39.6 տոկոսից դառնալով 50.6 տոկոս: 0.6 տոկոսով աճել է նաև գյուղատնտեսության ազդեցության չափը՝ հասնելով 10 տոկոսի:
Արտահանումը նվազել է 19.7 տոկոսով, իսկ 12.9 տոկոսով աճել է ներմուծումը:
Առևտրի շրջանառությունը կազմել է մոտ 625մլն. դրամ, ընդ որում ՝ մանրածախ առևտրի մասնաբաժինն ավելացել է 4.7 տոկոսով` կազմելով մոտ 414 մլն. դրամ, իսկ ավտոմեքենաների առևտուրը նվազել է 3.4 տոկոսով` կազմելով շուրջ 23 մլն. դրամ:
Հեռահաղորդակցության ոլորտում դիտվել է 5.7 տոկոս աճ` մոտ 62 մլն. դրամ ծավալով:
ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսագիտության պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ մեր խնդիրների, այդ թվում` տնտեսական երկնիշ անկման պատճառը համաշխարհային ճգնաժամը չէ: «Մեր տնտեսությունը զարգանում է որոշակի պարադոքներով,- ասում է նա,- ես խորապես համոզված եմ, որ երբ համաշխարհային ճգնաժամը հաղթահարվի, մենք, միևնույն է, ետ կմնանք, եթե չհաղթահարենք մեր ներքին դժվարությունները»:
Մանասերյանի կանխատեսմամբ` տնտեսական անկումը տարեվերջին երկնիշ թիվ կկազմի: ԿԲ երրորդ եռամսյակային դրամավարկային քաղաքականության ծրագրի համաձայն՝ 2009թ. համար կանխատեսվում է 12 -15 տոկոս միջին անկում:
ԿԲ կանխատեսման համաձայն՝ առաջիկայում գնանկումային ճնշումները կմեղմվեն, ու գնաճը կպահպանվի 4 տոկոսի (պլյուս- մինուս 1.5 տոկոս) միջակայքում: Իսկ տնտեսական աճի կանխատեսման հավանականությունների համաձայն՝ 0.01 տոկոս աճ է սպասվում միայն 2010թ. երկրորդ եռամսյակում:






Facebook
Tweet This
Email This Post
