Երկուսով դեպի աշխարհի առաջնություն. գեղալողուհիներին լողազգեստը չէ, որ պիտի զարդարի

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | July 18, 2009 11:32

ԳեղալօղԳեղալողի Հայաստանի չեմպիոններ ճարտարագիտական համալսարանի ուսանողուհի 19-ամյա Լիլիթ Դավիդյանը, Երևանի պետհամալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողուհի 21-ամյա Մարգարիտա Ղազարյանն իրենց կենսագրության մեջ առաջին անգամ կմասնակցեն աշխարհի առաջնությանը: Վերջին հինգ տարիներին նրանք Հայաստանի չեմպիոններն են, սակայն մինչև հիմա չի հաջողվել մասնակցել միջազգային որևէ մրցաշարի:

Որպես կանոն` աշխարհի առաջնությունից առաջ մասնակիցները պետք է առնվազն միջազգային 3 մրցաշարերի մասնակցած լինեն: Սակայն, ֆինանսների բացակայության պատճառով, հայ մարզուհիները դրա հնարավորությունը չեն ունեցել:

Միայն աշխարհի առաջնությանը մասնակցելու համար պետությունը գեղալողի Հայաստանի ֆեդերացիային հատկացրել է 2 մլն 3 հարյուր հազար դրամ:

Հուլիսի 18-26-ի` Իտալիայում կայանալիք ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությանը մասնակցելուց առաջ Հայաստանի մարզուհիները հնարավորություն չեն ունեցել իրենց կարողությունները փորձել թեկուզ մեկ միջազգային մրցաշարում:

Այն լողավազաններում, որոնցում պարապում են մարզուհիները, սիրահոժար նրանց մեկ լողուղյակ են տրամադրել: Սակայն ծրագրերի պատրաստման համար ավելի մեծ ջրային տարածք է անհրաժեշտ, մի ամբողջ լողավազան, որի հնարավորությունը չկա: Ծրագրերը պատրաստվում են հիմնականում առանց երաժշտության, որը հավասարազոր է առանց երաժշտության պար սովորելուն: «Մարզումների ընթացքում երաժշտություն օգտագործելու հնարավորությունը շատ սահմանափակ է, իսկ առանց դրա արդյունքի հասնել, պարզապես անկարելի է», –ասում է գեղալողի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Աննա Թավրիզյանը:

Առանց համապատասխան վարկանիշ ունենալու մեր մարզուհիներն աշխարհի առաջնությանը հանդես գալու իրավունք ստացել են մրցումների կազմակերպիչներից: «Մեր մարզուհիների առջև խնդիր է դրված պատրաստ լինել պարտադիր ծրագրի տարրերն ու կապակցությունները կատարելու, -ասում է մարզիչը, – իսկ դա շատ դժվար է: Պարզապես, փորձված լինելու շնորհիվ մերոնք ի վիճակի են դրան: Նրանք չունեն փոխարինողներ: Եթե այս աղջիկներն առաջիկայում, ասենք, ամուսնանան, թողնեն սպորտը, ապա նրանց փոխարինողներ առնվազն 3 տարի չեն լինի: Պետք է սպասենք, որ նոր աղջիկներ աճեն»:

Ղազարյանը հանդես է գալու մենալողում, ապա զուգամրցումներում ընկերակցելու է Դավիդյանին:

Սկզբում նախատեսված է եղել, որ միայնակ մրցողների պայքարին աշխարհի առաջնությանը պետք է մասնակցի Լիլիթի քույրը` Երևանի բժշկական համալսարանի ուսանողուհի Կարինա Դավիդյանը, սակայն վերջերս նա վիրահատության է ենթարկվել, ու ծրագրերը փոխվել են: Այսուհանդերձ Հայաստանի ներկայացուցիչների համար դրական կհամարվի, եթե նրանք զուգամրցումներում տեղ զբաղեցնեն առաջին 25-ի մեջ, իսկ մենալողում առաջին 15-ի մեջ:

Գեղալողի մրցումներում կարևոր է ընդհանուր տպավորությունը, նաև այն, թե ինչպիսի լողազգեստ են կրում մարզուհիները: Իսկ, այն հարցին, թե մերոնք համապատասխան լողազգեստներ ունե՞ն աշխարհի առաջնությանը հավուր պատշաճի ներկայանալու համար, Թավրիզյանը պատասխանեց, որ այդ հարցը կարգավորվել է, և լողազգեստներն արդեն պատվիրված են: Գեղալողի աշխարհի չեմպիոնուհիները կրում են լողազգեստներ, որոնց արժեքը շուրջ 1500 եվրո է, մինչդեռ Հայաստանի ներկայացուցիչների լողազգեստներն արժեն 15 հազար դրամ:

Գեղալողն այնքան բարդ մարզաձև է, որ ջրային մարզաձևերի` աշխարհի առաջնության գեղալողի մրցումներին ընդամենը 24-30 երկիր է մասնակցելու, մինչդեռ, դրանից անմիջապես հետո կայանալիք լողի` աշխարհի առաջնության մրցումներին , սպասվում է, որ 180-ից ավելի մասնակից երկրներ լինեն:

Գեղալողով Հայաստանում զբաղվողների թիվը երբեք մեծ չի եղել: Մարզաձևը երկիր «ներմուծել են» 1973 թ. Ռուսաստանի Չեբոկսար քաղաքից հրավիրված 4 մարզուհիներ, որոնք տարիներ շարունակ ներկայացնում էին Հայաստանը:

Մարզաձևից մեր հավաքականի ամենամեծ հաջողությունը գրանցվել է 1990 թ., երբ Երևանի Կոմիտասի փողոցում գտնվող լողավազանում անցկացված ԽՍՀՄ առաջնությունում մեր 8 մարզուհիները խմբային վարժություններում զբաղեցրին 4-րդ տեղը: Նրանց մեջ էր նաև Հայաստանի գեղալողի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչը:

Սակայն առաջին հաջողությունը դարձավ նաև վերջինը, և գեղալողն ընդհանրապես Հայաստանում վերացվեց:

Մանկավարժական գիտությունների թեկնածու Թավրիզյանի ջանքերով 1996 թ. կրկին այն վերակենդանացնելու փորձ արվեց, ստեղծվեց ջրում պարողների նոր խումբ:

Գեղարվեստական մարմնամարզության հետ միասին գեղալողն այն մարզաձևն է, որը սեռական խտրականություն ունի, և տղամարդկանց չեն թույլատրում մասնակցել աշխարհի առաջնություններին, օլիմպիական խաղերին:

Որոշ երկրներում տղամարդիկ լրջորեն պայքարում են, որ իրենց թույլատրեն մասնակցել գեղալողի միջազգային պաշտոնական մրցումներին, սակայն առայժմ նրաց այս պահանջը մերժվում է: Միայն միասեռականներն են առաջարկել, որ իրենց կազմակերպած խաղերում տղամարդիկ մասնակցեն գեղալողի մրցումներին:

Հայաստանում տղամարդիկ գեղալողում իրենց կարողությունները փորձելու մասին չեն էլ մտածում: Թերևս, երկյուղն այն է, որ այդպիսի ցանկություն ունեցողներին կարող են ամեն տեսակի պիտակներ կպցնել:

Աշխարհում տարածված է նաև այն տեսակետը, որ կարելի է թույլատրել տղամարդկանց` այս մարզաձևում կանանց հետ համատեղ նույն մրցումներին մանակցել: Ասենք, խմբային վարժություններում հանդես գան 4-ական տղամարդ և կին:

Եթե Հայաստանում տղամարդիկ, խաղից դուրս մնալով չեն ենթարկվում փորձությունների, ապա կանայք ակամա մի շարք դժվարություններ են կրում: Վանաձորում փորձ է արվել գեղալողի խմբեր հիմնելու, սակայն ապարդյուն, այդպես էլ ոչինչ չի ստացվել: Այժմ էլ նախատեսվում է Հայաստանի առաջնություն անցկացնել Գյումրիում, որպեսզի այնտեղ էլ զբաղվեն գեղալողով, սակայն մասնագետները թերահավատորեն են վերաբերվում այս ծրագրի իրականացմանը:

Երևանում գեղալող պարապում են «Գոլդ Ջիմ», ճարտարագիտական համալսարանի և Դավիթ Համաբարձումյանի անվան լողավազաններում, սակայն գեղալողի ՀՀ ֆեդերացիան խնդիրներ ունի. տարաձայնություններ կան, որոնց պատճառով Համբարձումյանի անվան լողավազանում պարապող խմբերի ներկայացուցիչները չմասնակցեցին Հայաստանի նախորդ առաջնությանը:

azeri_youth_demo_8

Picture 7 of 7

Դիտվել է 2744 անգամ:
Print Friendly

Leave a Reply