Սևան. ինչպե՞ս գտնել թանկից էժանը

Շաբաթվա լուր | | July 21, 2009 13:53

turizm6Եղանակն ու ճգնաժամը ձեռք ձեռի տված խփում են Սևանի բիզնեսին: Քոբուլեթի՞, թե՞ Սևան: Ո՞րն են ընտրում հայերը: Մրցակի՞ց են ծովն ու լիճը:

«Պատահում ա, որ 5-6 հոգու համար նախատեսված 2 սենյականոց դոմիկում 8-10 հոգով են մնում,- ասում է Սևանա կղզու «Ոսկե ափ» լճափի տնօրեն Խաչիկ Բաղդասարյանը,- ասում են` պոլին էլ կքնենք: Ես էլ համաձայնվում եմ: Դե թող էդ Քաբուլետտիմաբուլետտիներում էլ ընտենց անեն: Ո՞վ կթողա»:

Սևանի հյուրանոցների շատ տնօրեններ ասում են, որ շատ հանգստացողներ Քոբուլեթիից հետո մի հատ էլ Սևանում են թրջվում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության բաժնի պետ Մեխակ Ապրեսյանի խոսքով` Վրաստանի ու Թուրքիայի ծովային հանգիստը Սևանի մրցակիցը չէ. «Եթե մարդն ուզում է գնա ծով, նա գնում է, անգամ եթե թանկ է,- ասում է Ապրեսյանը,- իսկ եթե այն նաև էժան է` ավելի լավ ծովափի սիրահարնեի համար: Պարզապես խոսքը գնում է երկու տարբեր ապրանքների մասին` լճի ու ծովի»:

«Անկախի» լրագրողներն ուսումնասիրեցին Սևան քաղաքից սկսվող փոքր Սևանի ափամերձ տնակներն ու հյուրանոցները:

Սեզոնը Սևանում սկսվում է մոտավորապես հունիսի 15-ից հետո և շարունակվում մինչև սեպտեմբերի 10-15-ը: Սակայն այս տարի անձրևների և խոնավ եղանակի պատճառով «սեզոնի բացումը» 15- 20 օրով հետ ընկավ: «Ճգնաժամն ու եղանակը ձեռ ձեռի տված խփում են մեր գործին»,- ասում է «Աստերիա» լողափի տնօրեն Մուշեղ Դավթյանը:

Հուլիսի 1-2-ն էր, բայց ափը գրեթե դատարկ էր: Համեմատաբար աշխույժ էր կղզիամերձ ափը, որտեղ լավ տարիների սեզոնին ասեղ գցել չէր լինում:

«Ամեն տարի էս ժամին եկեղեցու դուռը չէինք հասցնում բացել,- ասում է կղզու սուրբ Կարապետ և սուրբ Առաքելոց եկեղեցիների հավաքարար Անահիտը, ով առավոտյան 9-ին բացեց եկեղեցու դռներն ու դիմավորեց դեռևս միակ այցելուներին` «Անկախի» թղթակիցներին:

«Անցյալ տարվա էս ժամանակվա համեմատ 60 տոկոսով կրճատվել է այցելությունների քանակը,- ասում է «Հարսնաքարի» տնօրեն Աշոտ Անտոնյանը,- ոչ մի տարի նման բան չի եղել: Անկախ գնից` մեզ մոտ միշտ լիքն են եղել»:

Սևանում զարգացած է տնակային հանգիստը: Հյուրանոցները քիչ են: Սևան քաղաքի ափամերձ հատվածից սկսած մինչև կղզու վերջ ամբողջությամբ լողափեր են. Ալբատրոս, Լագունա, Ֆլամենգո, Աստերիա, Ոսկե ափ, Մալիբու:

Այս հատվածի լողափերի տնակի օրն արժե 5000-25000դրամ: Էժանը` 5000 դրամանոցը 2 հոգու համար է և հարմարություններ չունի (հանգստացողը պետք է օգտվի դրսի ընդհանուր զուգարանից): Իսկ 10. 000-25. 000դրամանոց տնակներում հարմարավետ պայմաններում կարող են մնալ 4-8 մարդ, իսկ «հայկական» ձևով` մինչև 12 մարդ(այսինքն հատակին, կամ ոտ ու գլուխ): Կա նաև սառնարան, հեռուստացույց, տաք ու սառը ջուր: 3 անգամյա սնունդն արժե 3000-4000 դրամ:

Տնակները` քարից կամ բետոնից, կառուցվել են 2000թից հետո, իսկ կահույքը, ներքին հարդարանքն ու սանհանգույցի վիճակը 7-8 տարվա մեջ խունացել են: Մինչև հուլիսի 15-ը կամ սեպտեմբերի սկզբից գները 40-50 տոկոս էժան են: Հյուրատներն իրենց մշտական հաճախորդներին զեղչեր են անում:

«Հաճախորդներ ունենք, որոնք տարիներով մեզ մոտ են գալիս ու ամսով վարձում են, պարզ ա, որ իրանց համար ուրիշ գներ են,- ասում է «Ֆլամենգոյի» տնօրենը, որտեղ փայտից պատրաստված տնակներն ստեղծում են անտառային մթնոլորտ և արտաքին դիզայնով առանձնանում տարածքում:

Մեկօրյա հանգստի համար նախատեսված բացօթյա 10-12 հոգանոց բեսեդկաներն արժեն 1500-3000դրամ, իսկ եթե վճարես 5000 դրամ, կօգտվես նաև խորովածի մանղալից, ջրից, ընդհանուր զուգարանից, ինչպես նաև տեղ կտան մեքենայիդ: Եթե հետդ խորովածի ցախ չես բերել` հոգ չէ, ճանապարհին ու օբյեկտներում վաճառվում է 500-1000դրամով մեծ ու փոքր կապերով չոր փայտ:

«Մալիբու» լողափում պատվիրելով 2 խորոված ձուկ, կարտոֆիլ, հաց, պանիր, պոմիդորվարունգով սալաթ և լիմոնադ` երկուսով վճարեցինք 3200 դրամ, Երևանում էլ այդքան կվճարեինք:

Նույն չափի խորոված ձուկը, որ լողափում կպատվիրես 1000 դրամով, կղզու հենց կենտրոնի բացօթյա խորտկարանում արժեր 2000, իսկ ճանապարհին գտնվող բացօթյա սնվելու կետերում` 800դրամ:

Իսկ կեսօրվա նախաճաշը բացօթյա սրճարանում`6 գաթա, «Մարս» շոկոլադ, հաց, պանիր, սալաթ, 2 տաք շոկոլադ` նստեց 2300 դրամ: «Գրողների տանը» գիշերելու համար երկուսով վճարեցինք 5000 դրամ:

Կարելի էր ավելի էժան տարբերակ ընտրել Սևանի «Եթեր» պանսիոնատում, որը լճից ահագին հեռու է և վերանորոգված չէ: 2-3 տեղանոց սենյակներն արժեն 2500-3500 դրամ: Իսկ եթե մի քիչ նեղություն տաս քեզ ու օգտվելով քաղաքի խանութներից ինքդ սնունդ պատրաստես` օրվա ծախսը կհասցնես նվազագույնի` 2500-3000 դրամ:

Կղզուց դուրս` Ծովագյուղով դեպի Շորժա տանող ճանապարհին գտնվող տնակներն ավելի էժան են, 5-6 հոգով` 5000-7000 դրամով կարելի է տնակ վարձել, միայն թե պայմանները զիջում են կղզու տնակներին:

«Բայց մենք ըստեղ չենք էկել թանկանոց կառավաթների վրա քնելու, էկել ենք լողալու»,- ասում է Մարիամը: Այս ճանապարհին գտնվող սովետի տարիներին ամենաբարձրակարգ հյուրանոցում` «Մոթելում» և «Արևիկ» նախկին սովետական հայտնի ճամբարում, գները նույնպես համամետաբար էժան են 4-6 հոգանոց խմբով 2 սենյականոցի համար կվճարես 13.000-15.000դրամ, իսկ 2-3 հոգով` մեկ սենյակի համար`10.000 դրամ: Վերանորոգված սենյակներ, տաք ու սառը ջուր, սառնարան, սնունդն էլ ուզես` կվճարես ևս 4000-5000 դրամով: Իսկ ամենաէժանը գյուղում տուն վարձելն է, Շորժայում` գյուղական պայմաններով տանը, գիշերը մի հոգին կվճարի 1500 դրամ:

Սևանի մայրուղու երկայնքով` 200-300 մետրը մեկ կանգնած տղաները ժեստերով ցույց են տալիս, որ ձուկ են ծախում: Մեքենան կանգնեցնում ես ու պարզած ձեռքերով չափ են ցույց տալիս: «Ձեռքով ձկան չափն ա ցույց տալիս ,- բացատրում է մեզ պտտեցնող տաքսու վարորդը: Մեկ ուրիշ ժեստ` մատները մկրատաձև շարժելը նշանակում է, որ խեցգետին է վաճառվում:

Ու եթե տուն ես վարձել, ամեն օր կառնես թարմ ձուկ` սիգ(800-2000 դրամ` կախված չափից), իշխան(Սևանի Իշխանի կգն 4500 դրամ, իսկ բերվածը`1800 դրամ), թառափ(կգ. 2300դ.), խեցգետին(կգ. 500դր), ու հանգիստդ համ համեղ կլինի համ էժան:

Իսկ իշխան կա՞. «Խի չկա, բռնողից ա կախված»,- մեր զարմացած հարցին պատասխանեց վաճառողը:

Ավազի որակն էլ լողափից լողափ փոխվում է ու դեպի Շորժա մանրանում:

Կղզու տեղտեղ քարքարոտ ափը չի խանգարում երիտասարդներին, քանի որ այն միշտ բազմամարդ է ու ռոմանտիկ ծանոթությունների համար նպաստավոր պայմաններ կան: «Աղջկերքը Երևանից որ դուրս են գալիս, մի քիչ մարդամոտ ու շփվող են դառնում,- ասում է Գևորգը, ով նոր է եկել Եվրոպայից ու զարմանում է հայ աղջիկների ցուցադրական սառնության վրա,- իսկ քաղաքում լրիվ ուրիշ ձև են պահում իրենց»:

Այստեղ ճայերն էլ են մարդամոտ ու չեն քաշվում ուղիղ գլխիդ վրա պտույտ տալուց: Երեկոյան 9-ից հետո, երբ ափը համարյա դատարկվում է, պառկում ես ավազների վրա, իսկ ջրի մեղմ ծփոցն ու ճայերի ձայնը` արևի վերջին ճառագայթների ուղեկցությամբ քեզ գլորում է ռոմանտիկ հիշողությունների գիրկը:

Իսկ հիշողությունները եթե ձանձրացրին, ապա լողափում ընտրիր ջրային զվարճանքները. հեծանվային նավակ` ժամը 1000-3000 դրամ` (կախված նավակի չափից ու սեզոնից): Րոպեն 1000 դրամով կքշես սկուտերային ջրանավակ, իսկ մեծ նավի կեսժամյա պտույտն արժե 500-1000 դրամ: Եթե խամ ես ու ձի շատ ես սիրում, 1000 դրամով ափում 3-5 րոպեանոց պտույտ կգործես ձիով, իսկ եթե տեղյակ ես ափի գներին, ապա կգնաս «Հարսնաքարի» ձիարշավարան ու նույն գնով վարժեցնողի ուղեկցությամբ 15 րոպե ձի կքշես: «Հարսնաքարի» հաճախորդներն ավճար ֆուտբոլ կխաղան ֆուտբոլի մինի դաշտում, ինչպես նաև մեծ ու փոքր թենիս, իսկ դրսի այցելուների համար սեղանի թենիսի ժամն արժե 2000դրամ, մեծ թենիսը` 3000: Այստեղ կա նաև բիլիարդ` ժամը 2000 դրամ: Սաունա վայելելու ժամը 15000 դրամ է, իսկ Ջրաշխարհի մուտքը` 1500-2500` կախված խողովակի բարձրությունից:

Ինտերնետը Սևանա լճափին անհասանելի հաճույք է: Միայն «Հարսնաքարի» ադմինիստրացիայի սենյակում կար ինտերնետ, բայց ոչ հաճախորդների համար: Իսկ կարաոկեն աչքներս ընկավ կղզու գագաթին` «Գրողների տանը»:

Ափի անվտանգությունն ապահովում է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարարական ջոկատը, որի աշխատակիցները մոտորանավակներով շրջում են ափամերձ լճում:

Տուրիստների և այցելուների համար կերամիկայից, փայտից պատրաստված տարբեր հուշանվերներով, բնական քարերից արդուզարդի պարագաներով, ինչպես նաև հայկական մրգերով լի սեղանիկներն սպասում են կղզու կենտրոնում` դեպի եկեղեցի տանող ճանապարհին: «Գները նայած, ոնց կպնի, ընենց էլ կծախենք, ասում է հուշանվերների դիմաց կանգնած տղան,- հաճախորդները տուրիստներ են: սրանով ենք սեզոնին փող աշխատում»:

Ծաղկաձորյան սովորական հյուրանոցին հավասար հարմարավետություն ունեն ունեն միայն «Հարսնաքարը», «Կապուտակ Սևանն» ու «Կամբուզը»: «Հարսնաքարում» 2-5 հոգու համար նախատեսված համարներն արժեն 35. 000-100. 000 դրամ, «Կապուտակ Սևանում» 30. 000-60. 000` ներառված նախաճաշը:

Հարմարավետությամբ սրանց չի զիջում «Կամբուզը», բայց գներն ավելի էժան են. 6 տեղանոց համարը` 20. 000-25. 000դրամ, 3 անգամյա սնունդը` 3000 դրամ: Իսկ ներքին հարդարանքն ու տարածքը կազմակերպված է անվանը համպատասխան` նավային տարրերով: (Կամբուզ նշանակում է նավի խոհանոց):

Իսկ անհյուրընկալը «Բոհեմիա» հյուրանոցն էր, որ ընդգրկվել է Best Western հյուրանոցային ստանդարտների ցանցի մեջ: Հյուրանոցի մենեջերը հենց իմացավ, որ հաճախորդ չենք և ուղղակի ուսումնասիրում ենք Սևանը, թույլ չտվեց հյուրանոցը նայենք: «Լավագույնն Արևմուտքո՞ւմ», այսինքն մուտքը միայն նրանց համար է, երբ գրպանիցդ դուրս եկած փողի ծալքը՞ երևա:

Mashtots Park

Picture 3 of 5

Mashtots Park

Դիտվել է 9876 անգամ:
Print Friendly

Leave a Reply