Ոչ մի հրաժարական

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 1, 2010 14:18

Առայժմ պաշտոնական ոչ մի հայտարարություն չկա, սակայն լուրեր են շրջում, որ հրաժարական է տվել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը։ Խոսվում է այն մասին, որ  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դժգոհ է մեր ձյուդոյիստների մրցելույթներից, հատկապես այն բանից, որ նրանք անմասն են մնացել աշխարհի վերջին առաջնությունում խաղարկված մեդալներից: Թերևս, իրականությունն այն է, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախահագի փոփոխության մասին վաղուց խոսակցություններ կան: Ի դեպ, Ավետիսյանը նախկինում ղեկավարել է Հայաստանի պետական մարզական կառույցը, ԱՕԿ-ը, և նրա ջանքերի շնորհիվ է, որ մեր երկրի ձյուդոյիստներն աննախադեպ հաջողությունների են հասել, հայկական ձյուդոյում կարևոր իրադարձություններ են կատարվել: Մասնավորապես, առաջին անգամ մեր երկրի ներկայացուցիչները դարձել են աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն և մրցանակակիրներ, աշխարհի գավաթի խաղարկության մրցափուլի, ձյուդոյի միջազգային սուպերմրցաշարերի հաղթողներ և այլն: Ի դեպ, նրա նախաձեռնությամբ առաջին անգամ Հայաստանում անցկացվել են ձյուդոյի Եվրոպայի, աշխարհի երիտասարդական առաջնություններ: Իսկ եթե որևէ ստուգատեսում մարզիկներն անհաջողության են մատնվում, ապա առաջին հերթին պետք է մարզիչները պատասխանատվություն կրեն,  ծայրահեղ դեպքում հեռանան իրենց զբաղեցրած պաշտոնից: Այնպես որ, եթե այդպիսի բան կա, ապա այս կտրուկ փոփոխության պատճառը միանշանակ բացատրել հնարավոր չէ: Ի դեպ, այժմ գաղտնիք չէ, որ Հայաստանի մարզական տարբեր ֆեդերացիաները սկսել են վստահել սոսկ ԲՀԿ ներկայացուցիչներին, անգամ այնպիսի անձանց, ովքեր սպորտի հետ նախկինում կապ չեն ունեցել: Կարծում ենք, մեկնաբանություններն ավելորդ են: Դա ոչ թե հետաքրքիր է, այլ ծիծաղելի: Իսկ քանի որ ինչպես ասում են` առանց կրակի ծուխ չիլինում, ապա մնում է սպասել, թե ով է աչքադրել գլխավորելու Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան: Շատ շուտով դա պարզ կդառնա: Ի դեպ, Ավետիսյանը «Անկախ»-ին հայտնեց, որ այդպիսի բան  չկա և ոչ մի հրաժարականի մասին խոսք լինել չի կարող: Նա նաև նշեց, որ նոր է վերադարձել Ալմա Աթիում կազմակերպված ձյուդոյի միջազգային սեմինարից և, հաջողությամբ հանձնելով քննությունները, արժանացել է օլիմպիական խաղերը սպասարկելու իրավունք տվող բարձրագույն կարգի մրցավարի կոչման: Ի դեպ, նա Հայաստանից առաջին  միջազգային կարգի մրցավարն է, ով այդպիսի պատվի է արժանանում: Հիշեցնենք, որ օլիմպիական նախորդ խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանից ոչ մի մրցավար չի եղել, քանի որ այդպիսի կոչում ունեցող չի գտնվել:

Դիտվել է 1204 անգամ:
Print Friendly