Անարխիկ համաշխարհային քաղաքական համակարգը և Հայաստանը – 4

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | June 1, 2010 15:23

Նյութի նախորդ մասը կարդացեք այստեղ

Երբ անգլիացի գործընկերս ինձ ասած, թե Լոնդոն գալուն պես, իր ընկերները   ինձ ճաշի կտանեն, միանգամից հիշեցի Օսկար Ուայլդի ասածը. «Նա, ով կարողանում է կառավարել Լոնդոնի ճաշի սեղանը, կարող է կառավարել աշխարհը»:  Այս միտքը զուգորդվում է Լոնդոնում հաստատված այն վերազգային խմբերի հետ, որոնք, ըստ շատերի, կառավարում են աշխարհը: Անգլիայում էր, որ 1717 թվականին ստեղծվեց առաջին մասոնական Մեծ օթյակը:

Մասոնականությունը հաճախ նույնացվում կամ շաղկապվում է «հրեական համաձայնության/դավադրության» և սիոնիզմի հետ, իսկ վերջիններիս էլ կապում են աշխարհի կառավարման թեզի հետ:

Բացի այն թյուրիմացությունից, թե մասոնականությունն ու սիոնիզմը նույն երևույթներն  են,  քննադատները չեն կարողանում նաև համոզիչ կերպով հիմնավորել թե՛ մասոնների, թե՛ սիոնիստների աշխարհը կառավարելու մասին տեսակետը:

Բայց, իրականացված քարոզչության «արդյունքում», հակահրեականությունը (հակասեմականություն, հակասեմիթիզմ) աշխարհում մեծ չափերի է հասել, այդ թվում` հայության շրջանում: Սիոնիստների մասին խոսելիս շատերը նրանց համարում են «չարիքի խումբ», որը կառավարում է աշխարհը համաշխարհային ֆինանսական շուկաների և ԶԼՄ-ների միջոցով: Համասի կանոնադրության 22-րդ հոդվածը նշում է. «Իրենց փողերով նրանք հսկողության տակ վերցրին համաշխարհային մեդիան… իրենց փողերով նրանք հեղափոխություններ սարքեցին աշխարհի զանազան մասերում… Նրանք են կանգնած Ֆրանսիական մեծ հեղափոխության, կոմունիստական հեղափոխության հետևում…»:

Հայտնի հակահրեական  «ավտոմոբիլային հսկա»  Հենրի Ֆորդը նշում է. «Եթե ինչ-որ բան սխալ է երկրում, հրեա  փնտրեք»: Արտաքին քաղաքականության մեջ ինչ-ինչ ձախողումներ մարդիկ կապում են սիոնիստական խմբավորումների գործոնի հետ. չի կարելի նաև բացառել պետական ներքին խողովակներով քարոզչությունն այդ ուղղությամբ. այսինքն` այնպես անել, որ մեղքը ոչ թե իշխանություններին հասցեագրվի, այլ «հրեաներին»: Ֆորդյան նշված սկզբունքով` հիմա մարդիկ սիոնիստներ են «փնտրում» պետական կառավարման համակարգի մարմիններում:

Սակայն, սիոնիզմը հրեական ազգայնականությունն է. նույն հարթության վրա են նաև ամերիկյան, ֆրանսիական մեսիանականությունը, չինական ու հնդկական ազգայնականությունը և այլն: Եվ բնական է, որ ազգերը փորձում են զարգացնել սեփական պետությունը, մեծացնել հզորությունը, հասնել ընդհուպ աշխարհի կառավարման. սա է անարխիկ համաշխարհային քաղաքականության մեջ պետության գոյաբանության բանաձևը:

Ուստի, ավելի նպատակահարմար կլիներ քննադատությունը փոխարինել հրեական հայեցակարգի ընդօրինակմամբ ու իրացմամբ:

Փորձը ցույց է տվել նաև, որ հակահրեականությունը չափազանց վտանգավոր է. Հենրի Ֆորդի սկզբունքով էր առաջնորդվում Հիտլերը: Դեռևս 1931 թ. կանխատեսելի էր հրեական ցեղասպանությունը: Հիտլերն ասում էր. «Հենրի Ֆորդն իմ ներշնչման աղբյուրն է»:

«Իմ պայքարը» (Mein Kampf) գրքում” (1925-27 թթ.) Հիտլերը նացիստական գաղափարախոսության մեջ ներդրեց «հրեաների` որպես աշխարհի կառավարման համար պայքարող չարիքի ռասայի գաղափարը»: Նացիստներն օգտագործեցին աշխարհի կառավարման «հրեական դավադրության» գաղափարն այն դեպքում, երբ իրենք էին նվաճում երկրներն ու փորձում հասնել աշխարհի կառավարման: Ավելին, Ֆորդը մեղադրում էր հրեա բանկիրներին առաջին ու երկրորդ համաշխարհային պատերազմները հրահրելու մեջ:

«Հրեաները կառավարում են աշխարհը»  առասպելը շատ հաճախ ներառում է «Ամերիկան կառավարում են հրեաները » առասպելը. վերջինս թերևս զուգորդվում է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի այն նկատառման հետ, թե «Ամերիկայում բոլոր գլխավոր իրադարձությունները սկսվում են ճաշի սեղանից»:

Այս թեզի կողմնակիցները հրեաների կողմից ամերիկյան կյանքը վերահսկելու մասին թեզը բացատրում են ԱՄՆ-ի` Իսրայելի շահերն անվերապահորեն առաջ տանելու փաստով (թեև աշխարհասփյուռ հրեաների ու Իսրայել պետության մեջ շատ տարբերություններ ու հակասություններ կան):

Արաբական աշխարհում, այս առումով, շաղկապում են «մեծ սատանա» (Ամերիկա) և «փոքր սատանա» (Իսրայել) հասկացությունները: Քննարկելով ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի միջոցով հրեաների աշխարհի կառավարման մասին թեզը, իսլամական աշխարհը մեծ ֆինանսներ է ծախսում տպագիր ու էլեկտրոնային մամուլի, ֆիլմերի ու նույնիսկ մուլտֆիլմերի միջոցով դա ապացուցելու և դրա դեմ պայքարը հրամայական դարձնելու համար:

Շատ իսլամական հակամասոնական փաստարկներ սերտորեն կապված են հակահրեականության և հակասիոնիզմի հետ: Որոշ իսլամական հակամասոնականներ պնդում են, թե մասոնականությունն ապահովում է հրեաների շահերի իրացումը ողջ աշխարհում, և դրա նպատակներից մեկն էլ` «Երուսաղեմում Սողոմոնի սրբավայրի վերակառուցումն է Ալ Աքսա մզկիթի կործանումից հետո»:

Իր ծրագրի 28-րդ հոդվածում Համասը սահմանում է, որ մասոնականությունը «գործում է սիոնիզմի շահերի համար և սիոնիստների ցուցումներով…»:

«Դավադրության մասին» թեզի տեսաբանները երկար ժամանակ մասոնականությունը զուգորդում են «նոր աշխարհակարգի» հետ և նշում, որ մասոնականությունը` որպես կազմակերպություն, կա՛մ կապված է աշխարհի կառավարման հետ, կա՛մ արդեն գաղտնի կառավարում է համաշխարհային քաղաքականությունը:

Մասոնականության գաղտնիության հանգամանքը թերևս կապված է նրա ծագումնաբանության անհայտ լինելու խնդրի ու նաև մասոնական կառույցների ու վարքագծի առանձնահատկությունների հետ: Իրականում մասոններն իրենցից ներկայացնում են եղբայրական կազմակերպություն, որ  ստեղծվել է XVI դարի վերջին-XVII դարի սկզբին:

Ներկայումս մասոնականությունն աշխարհում 5 միլիոն անդամ ունի,  որից 2 միլիոնը` ԱՄՆ-ում և գրեթե 480.000 Անգլիայում, Շոտլանդիայում և Իռլանդիայում: Նրանք հավատում են ընդհանուր բարոյական ու մետաֆիզիկական իդեալների, որոնք ներառում են, շատ դեպքերում, «գերագույն էակի» հավատի դրույթը:

Մեծ օթյակներն անկախ և սուվերեն մարմիններ են, ղեկավարում են մասոնականությունը տվյալ երկրում, պետությունում կամ աշխարհագրական շրջանում: Չկա առանձին մարմին, որ ղեկավարի համաշխարհային մասոնականությունը: Յուրաքանչյուր օթյակ ունի անդամների աստիճանակարգություն, սահմանդրություն և այլն:

Մասոնների պատմությունը բաժանվում է 2 շրջանի. Անգլիայում 1717 թ. Մեծ օթյակի ստեղծումից առաջ և հետո: Կարևոր տարեթիվ է համարվում 1717 թ. հունիսի 24-ը (Սուրբ Ջոն բապտիստի օրը), երբ 4 լոնդոնյան օթյակներ հավաքվեցին և ստեղծեցին Անգլիայի Մեծ օթյակը: Առաջին մասոնական օթյակն Ամերիկայում ստեղծվել է 1733 թ.: Քանի որ մինչ այդ մասոնական պատմությունը հայտնի չէ, հակամասոնականները փորձում են այն ներկայացնել ավանդություններով ու առասպելներով:

Թեև մասոնականությունն անվանում են «գաղտնի հասարակություն», մասոնականները պնդում են, որ իրենք էզոթերիկ հասարակություն են, որում, անշուշտ, որոշ ասպեկտներ գաղտնի են. դրանք անդամների միմյանց ճանաչման ու ծիսակարգային առանձնահատուկ տարրերն են: Մասոններն օգտագործում են նշաններ (ժեստեր), ձեռքսեղմման հատուկ ձևեր և բառեր, որպեսզի թույլտվություն ստանան` մասնակցելու հանդիպումներին կամ նույնականացնելու մասոնական օրինական անդամներին: Թյուրիմացություններից խուսափելու համար երբեմն նաև, ի լրումն նշանների ու գաղտնաբառերի,  պահանջվում են հատուկ անդամակցության փաստաթղթեր:

Ներկայումս մասոնական օթյակների գործունեությունը բավական գաղտնազերծված է. փաստը` հարյուրավոր մեծ օթյակներն աշխարհում:

Մասոնականությունը ստույգ նշում է, որ այն կրոնական բնույթ չունի. չկա առանձին մասոնական Աստված կամ աստվածության հատուկ անուն: Բայց, այդուհանդերձ, մասոնականության սկզբունքն է հավատը «գերագույն էակին»: Այլ կերպ ասած` մասոնականությունն ընդունում է դավանանքի բազմազանություն. քրիստոնեություն, հուդայականություն, իսլամ, բուդդայականություն, սիկխիզմ, հինդուիզմ  և այլն: Հետևաբար, ճիշտ չէ հրեական/սիոնիստական հիմքով բացատրել մասոնականության էությունը:

Պատմության ողջ ընթացքում մասոնականությունը բախվել է ծայրահեղ աջերի (նացիստական Գերմանիա) և ծայրահեղ ձախերի (նախկին կոմունիստական պետությունները Արևելյան Եվրոպայում) քննադատությանն ու ճնշամիջոցներին: Մահմեդական մեծաթիվ բնակչությամբ շատ երկրներ թույլ չեն տալիս մասոնական կառույցների հաստատումն իրենց տարածքներում: Այնուամենայնիվ, այնպիսի երկրներում, ինչպիսիք են Թուրքիան և Մարոկկոն, ստեղծվել են Մեծ օթյակներ, իսկ, օրինակ, Մալայզիայում և Լիբանանում կան ավելի փոքր` տարածաշրջանային օթյակներ, որոնք կառավարվում են Մեծ  օթյակի կողմից:

1919 թ. սկզբներից մասոնական օթյակներ են եղել նաև Իրաքում: Հետագայում դրանք, մեղադրվելով սիոնիզմի ու հրեականության հետ կապի մեջ, արգելվեցին: 1980 թ. Սադամ Հուսեյնի  օրոք ուժի մեջ  մտան այդ արգելքները.  մահապատիժ սահմանվեց նրանց համար, ովքեր  «աջակցում են սիոնիստական սկզբունքներին, ներառյալ մասոնականությունը, և անդամակցում են կամ համագործակցում սիոնիստական կազմակերպությունների հետ»: 2003 թ. Հուսեյնի բռնապետության տապալումից հետո մեծ թվով օթյակներ սկսեցին հաստատվել Իրաքում, որոնք կապ ունեին բրիտանական ու ամերիկյան ռազմական միավորումների հետ:

Պարզ է դառնում, որ չնայած մասոնական օթյակների` վերազգային ու անկախ-սուվերեն բնույթին, պետությունները կարողանում են վերահսկել նրանց գործունեությունը` ընդհուպ  դրանց գործունեությունն արգելելը: Մասոնականությանն անվստահությամբ են  վերաբերվում նույնիսկ ժողովրդավարական համարվող պետություններում: Ավելին` մասոնական օթյակների  բնօրրան համարվող Մեծ Բրիտանիայի արդարադատության համակարգում` դատարաններում ու ոստիկանական կառույցներում պաշտոններ զբաղեցնող մասոններին 1999-2009 թթ. պահանջեցին գաղտնազերծել իրենց անդամակցությունը` փորձելով այնպես անել, որ նրանց գործունեությունը թափանցիկ լինի հանրության համար:

Մասոնականությունը Ֆրանսիայում նույնպես իրարամերժ գնահատականների է «արժանանում». օթյակներին անդամակցությունն աճում է, բայց ֆրանսիական ԶԼՄ-ները շատ հաճախ բացասական են ներկայացնում նրանց:

Փաստորեն,  չնայած մասոնական օթյակների գաղտնազերծմանն ու դրանց կառույցների գործունեության թափանցիկությանը, քաղաքակիրթ աշխարհում մասոններին դեռևս միֆական դրույթներով են գնահատում: Ու չնայած մասոնականության ու սիոնիզմի տարբերություններին, շատերը դրանք նույնացնում են:

Բայց այն, որ մասոններն իրենց հատուկ վարքականոններն ու գաղտնիության տարրեր ունեն, դեռ չի ապացուցում աշխարհի կառավարման դրույթը, այն, որ մասոն կարող է լինել հինդուիստն ու բապտիստը, ոչ պարտադիր` հուդայականը, փաստում է սիոնիզմի ու մասոնականության տարբերության մասին:

Իսկ այն, որ յուրաքանչյուր ազգ-պետություն իրավունք ունի հայեցակարգելու սեփական հզորության նկրտումները, և չկա մի այնպիսի երևույթ-գործիք, որ կարողանա դրա համար խոչընդոտ լինել, այն, որ հրեա ազգն էլ դրա իրավունքն ունի, ինչպես ունեն հայ կամ ֆրանսիացի ազգերը, թույլ չի տալիս քննադատելու հրեականությունը` որպես անբարոյական:

Ի վերջո, ինչպես «Անարխիկ համաշխարհային քաղաքական համակարգը և Հայաստանը – 1, 2, 3» հոդվածներում (տե՛ս «Անկախի» նախորդ համարները) պարզեցինք, համաշխարհային քաղաքական համակարգը անարխիկ է, և յուրաքանչյուր ազգ-պետություն գոյատևելու (survival) համար պետք է ուղղորդվի ինքնօգնությամբ (self-help) և ունենա սեփական շահ (self-interest):

շարունակելի

Դիտվել է 2464 անգամ:
Print Friendly