Մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության համաշխարհային օրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | May 3, 2010 11:30

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի կողմից 1993թ.-ին սահմանվեց Մամուլի ազատության համաշխարհային օր, և դրանից հետո յուրաքանչյուր տարի մայիսի 3-ը նշվում է որպես ազատ մամուլի պաշտպանության, ողջ աշխարհում մամուլի ազատության գնահատման, մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակի օր:

Աշխարհի երկրներում մամուլի ազատության իրավիճակը 1980թ.-ից ուսումնասիրող

Freedom House ամերիկյան հեղինակավոր կազմակերպության օրերս հրապարակած հերթական` 2010 թ.-ի զեկույցի համաձայն, աշխարհի 196 երկրների 35 տոկոսում մամուլը ազատ է, 33 տոկոսում` մասամբ ազատ, 32 տոկոսում` ոչ ազատ։ Աշխարհում վեց մարդուց ընդամենը մեկն է ապրում ազատ մամուլ ունեցող երկրում։

Հայաստանը, ինչպես և 2002թ.-ից ի վեր յուրաքանչյուր տարի, այս անգամ ևս դասվել է մամուլի առումով ոչ ազատ երկրների շարքին (146-րդ ), և Կամերունի, Կոտ դը Իվուարի, Մարոկկոյի, Քաթարի հետ, որոնք 147-150-րդ տեղերում են, ունի նույն ցուցանիշը:

2009թ.-ի զեկույցի համեմատ, որը վերաբերում էր 2008թ.-ին, Հայաստանն արձանագրել է փոքր առաջընթաց. մասնավորապես, նվազել են գրաքննության դեպքերը և լրատվամիջոցներով այս կամ այն իրադարձությունների լուսաբանման սահմանափակումները: Ըստ զեկույցի, բայցևայնպես, Հայաստանում լրագրության որակի ու մամուլի ազատության էական բարելավում տեղի չի ունեցել: 2009թ.-ի զեկույցում որպես բացասական դրսևորումներ էին գնահատվել մամուլի նկատմամբ իրավական ճնշումներ գործադրելու եւ հեռուստաեթերը վերահսկողության տակ առնելու միտումները, ինչը պայմանավորված էր 2008թ.-ի մարտյան դեպքերի ժամանակ հայտարարված արտակարգ դրությամբ:

Մեր երկիրը մամուլի ազատության առումով ավելի առաջ է իր երկու անմիջական հարևաններից` Իրանից (187-րդ ) և Ադրբեջանից (172-րդ ): Հարավային Կովկասի երկրներից առաջատարը Վրաստանն է, որը մասամբ ազատ երկրների շարքում է եւ զբաղեցում է 126-րդ հորիզոնականը: Մասամբ ազատ երկրների շարքում է նաեւ մեր մյուս հարևանը` Թուրքիան (106-րդ ): Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից Բելառուսը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, ըստ զեկույցի, դասվում են այնպիսի երկրների թվին, որտեղ մամուլի ազատություն չկա ընդհանրապես: 175-րդ տեղում գտնվող Ռուսաստանն էլ ճանաչվել է որպես լրագրողների գործունեության համար վտանգավոր երկիր:

Մամուլի ազատության առումով առաջատար երկրներն են Ֆինլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Անդորրան, Շվեյցարիան, Լիխտենշտեյնը:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1460 անգամ:
Print Friendly