Եղվարդի ջրամբարի ապագան հյուրանոցային համալիրի համատեքստում

Հարցազրույց | | May 3, 2010 11:49

Խորհրդային իշխանության օրոք` 1984 թ. սկսվել է Եղվարդի ջրամբարի կառուցումը, որը դադարեցվեց 1991 թ. Խորհրդային Միության փլուզման հետևանքով: Այդ ընթացքում կատարվել է աշխատանքների մոտ 50 տոկոսը, 1000 հա մակերեսից մոտ 700 հեկտարը հողաշերտից մաքրվել է, կառուցվել են պատնեշները:  Ամերիկահայ գործարար, անշարժ գույքի ոլորտում բազմամյա փորձ ունեցող Արմեն Վարդանյանը 2008 թ. ներկայացրել է «Մասիս, Սիս և Նոր Հայաստան լճափնյա հանգստավայրեր Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակներում ավարտին կհասցվի Եղվարդի ջրամբարի կառուցումը:

Մանրամասնեք ձեր ներկայացրած ծրագիրը:

«Մասիս, Սիս և Նոր Հայաստան լճափնյա հանգստավայրեր Հայաստանում» ծրագիրն իրենից ներկայացնում է  հյուրանոցային հուշահամալիր, որն  ընդգրկում է միջազգային չափորոշիչներին համապատասխան հյուրանոցների ու ժամանցի վայրեր: Այն գտնվում է  Երևանից  16 կմ  հյուսիս` Եղվարդ քաղաքին մոտ:

Հյուրանոցային ճարտարապետական կոնցեպցիան իրենից ներկայացնում է  Արարատ լեռը` Մասիս և Սիս շինություններով, իսկ կողքին վեր է խոյանում Ծիծեռնակաբերդը խորհրդանշող մյուս կառույցը:  Ծրագրի իրագործումն ամբողջությամբ նվիրված է Եղեռնի 100-ամյակին:

Ջրամբարի և հանգստավայր համալիրի շինարարությունը պլանավորված է ավարտել 2014 թ. աշնանը, իսկ բացման արարողությունը նախատեսված է  2015 թ. Եղեռնի 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների շրջանակներում:

Ի՞նչ կապ ունի այս ծրագիրը Եղվարդի ջրամբարի հետ:

Ես և իմ ընկերները Եղվարդի ջրամբարի մոտակայքում գնել ենք  20 հա մակերեսով  հող և ծրագիր ենք մշակել: Համալիրի կառուցման համար անհրաժեշտ 400 մլն դոլարից  մոտ 70 մլն-ը նախատեսված է այդ ջրամբարը կառուցելու համար,  որը հյուրանոցի համար կծառայի որպես տեսադաշտ և, իհարկե, կծառայի ոռոգման կարիքների համար, ինչ  նպատակով որ այն  նախագծվել է:

Ու՞մ նկատի ունեք` ասելով «մենք»:

Ես այս ծրագրում հանդես եմ գալիս որպես անհատ: Այդ 20 հեկտար հողը ձեռք բերելու համար իմ գումարը չի բավականացրել, գումար են հատկացրել իմ ընկերներ ամերիկահայ  և բեյրութահայ գործարարներ Ջորջ Ղարիբյանը, Փոլ Սարգսյանը, Անդրանիկ Իսայանը  և այլոք:  Մինչև այժմ մենք այս ծրագրի վրա ծախսել ենք մոտ 1 մլն դոլար  գումար:

Ու՞մ հաշվեկշռում է գտնվում ջրամբարը:

Ջրամբարը Եղվարդի քաղաքապետարանի հաշվեկշռում է և կառուցման ավարտից հետո էլ կմնա նրանց մոտ: Այն ունի մոտ 220-230 մլն խմ տարողություն: Եվ մեր ծրագրի շրջանակներում այդ ջրամբարի կառուցումը հնարավոր է դառնում ոչ պետական և ոչ վարկային միջոցներով:

Իսկ ի՞նչ աղբյուրից պետք է այդքան ջուր հավաքվի:

ՀայՋրշինի նախագահ Յուրա Ջավադյանն ասում է, որ ամեն տարի Արարատյան դաշտավայրի ձնհալներից ու անձրևաջրերից գոյանում է մոտ 90-100 մլն խմ ջուր, որը հոսում- լցվում է Նախիջևանի ջրամբար, մինչդեռ այն կարելի է օգտագործել տեղի կարիքների համար:

Կառուցումից հետո, առաջին երկու տարիների ընթացքում այդ ջրերից կգոյանա  մոտ 170-180 մլն խմ, եթե նկատի ունենանք, որ մի քիչ էլ կգոլորշիանա,  երրորդ տարվանից  արդեն կհավաքվի անհրաժեշտ քանակի ջուր: Ըստ էության` այս ջրամբարը Սևանի ամենամեծ դոնորն է: Մի կողմից` ուզում են Սևանի մակարդակը բարձրացնել, սակայն մյուս կողմից էլ` այն օգտագործվում է ոռոգման համար: Այս ջրամբարը իր վրա կվերցնի  Սևանի ծանրաբեռնվածության մի  մասը:

Իսկ ինպե՞ս է իրագործվում ծրագիրը:

Ծրագրի առաջարկը մերն է, սակայն այն իրագործելու, այսինքն` հյուրանոցային համալիրների կառուցման և կառավարման  առաջարկով մենք դիմեցինք այդ ասպարեզում միջազգային ճանաչում ունեցող  «Էմ Ջի Էմ Միրաժ» ( MGM Mirage) ամերիկյան ընկերությանը, որի ամենախոշոր սեփականատերը Քըրք Քրըքորյանն է, որովհետև նրանցից լավ ոչ ոք  չգիտի, թե ինչպես դա իրագործել: Նրանք նայեցին ծրագիրը և ասացին, որ շատ  հետաքրքիր է, բայց ուզում են լսել նաև  անկախ գնահատողների  եզրակացությունը:

Նրանց առաջարկով մենք դիմեցինք «Դը Իննովեյշն գրուպ» խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությանը: Այս ընկերության ուսումնասիրությունների արդյունքում,  մինչ օրս կյանքի են կոչվել մոտ 31 մլրդ դոլար արժողությամբ ծրագրեր, որոնցից մեկն էլ եղել է 4.2 միլիարդանոց մի ծրագիր Վիետնամում, մյուսը` 1.8 մլրդ` Դուբայում:

Այդ կազմակերպության փոխնախագահն  անցած տարի մի քանի օրով եկավ Հայաստան: Արդյունքում` ներկայացվեց  մի եզրակացություն, համաձայն որի, ծրագրի իրագործումը  պահանջում է 425 -470 մլն ներդրում, որը, սակայն, 26-28 տոկոս շահութաբերություն կապահովի, ինչը գերազանցում է աշխարհում ընդունված 15-20-տոկոսանոց  նորմը:

Ինչի՞ վրա է հիմնված այդ եզրակացությունը:

Հայաստանն այս տարածաշրջանում գտնվում է 70 մլն բնակչությամբ Պարսկաստանի հարևանությամբ, որտեղ  խմել չի կարելի, կամ արգելված է զվարճանքի վայրեր հաճախելը: Նախկին  ԽՍՀՄ կազմում գտնվող մյուս մահմեդական երկրները, որոնք ռուսալեզու են, նույնպես մեր պոտենցիալ հաճախորդներն են: Եվ, վերջապես, այս ծրագրի հիմքում ընկած է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը,  նաև` որպես հանգստի գոտի:

Ո՞վ է ներդնում 400 մլն դոլարը :

Ծրագրի իրագործումը սկսելու համար մեզ անհրաժեշտ է մոտ 100-120 մլն դոլար կանխիկ գումար, իսկ մնացած 300 մլն-ը լինելու են վարկային միջոցներ, որոնք ձեռք բերելու համար կօժանդակեն «Դը Իննովեյշն գրուպի» մասնագետները:

Իսկ սկզբնական այդ 120 մլն-ը ձեռք բերելու  համար մենք գտել ենք ամերիկահայ  ներդրողներ, որոնք հանդես կգան  մեկական մլն ներդրմամբ: Մենք չենք ուզում, որ սեփականատերը լինի մեկ կամ մի քանի խոշոր ներդրող:

Սկզբնական շրջանում այն կլինի փակ բաժնետիրական ընկերություն, որը հետագայում կվերածվի  բաց  բաժնետիրականի: Մենք արդեն համաձայնություն ունենք մոտ  20-30 միլիոնատիրոջ հետ, ովքեր համաձայնություն են տվել ներդրում կատարելու այս ծրագրում: Այստեղ շատ կարևոր է այն հանգամանքը, որ երբ ներդրողին առաջարկում ես հանդես գալ մի ծրագրում, նա հարցնում է, թե ի՞նչ երաշխիք ունի, որ իր գումարը չի կորչի, կամ շահույթ կստանա:

Քանի որ Հայաստանում բազմաթիվ արտասահմանյան ներդրողներ մեծ գումարներ կորցրեցին, և ներդրումների նկատմամբ վստահությունն ընկավ, մարդը հարցնում է, թե ո՞վ է տնօրինելու իր գումարը: Եվ եթե ասում ես, որ դա «Էմ Ջի Էմ Միրաժ»-ն է, ապա խնդիր չի լինում: Մենք ուղղակի սպասում ենք, որ «Էմ Ջի Էմ Միրաժ»-ն  իր  եզրակացությունը տա` ծրագրին իր մասնակցությունը վերջնականապես հաստատելու համար, որի հավանակությունը շատ մեծ է:

Ո՞վ է նախագծել մանրակերտը:

Մակետների հեղինակը ճարտարապետ Լևոն Ղալումյանն է:

Ինչպե՞ս են արձագանքել Հայաստանի իշխանությունները ձեր ծրագրին:

ՀՀ նախագահը ողջունել է ծրագրի նախաձեռնությունը, Հանրային խորհուրդը  նույնպես հավանություն է տվել` դիմելով կառավարությանը` աջակցելու ծրագրին: Ծրագիրը համահայկական նշանակություն ունի: Այն իրագործվելու դեպքում Հայաստանում կստեղծվի 4000-5000 մշտական ու բարձր վարձատրվող աշխատատեղ:

Ի՞նչ աջակցության մասին է խոսքը:

Օժանդակություն ասելով` հասկանում ենք. ընդառաջում հայկական պետական վարչարարական բյուրոկրատիզմի դրսևորումներում, որպեսզի այս կամ այն թղթատար հարցը լուծվի հնարավորինս արագ: Հայաստանն այդ առումով բյուրոկրատական է, եթե մենք մի փաստաթղթի համար սպասենք ամիսներով, ապա ուղղակի չենք հասցնի նախատեսված ժամկետներում ավարտել շինարարությունը:

Ինչո՞ւ հյուրանոցային բիզնես: Կարծում եք` Հայաստանում քի՞չ են դրանք:

Հայաստանում կան հյուրանոցներ, սակայն ծառայությունների մասով դրանք շատ ցածր են միջազգային մակարդակից: Իսկ առաջադիմություն լինում է այն դեպքում, երբ  դրսից մի քանի օպերատորներ են գալիս Հայաստան: Իսկ դա ժամանակի հարց է:

Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ այս ծրագիրը շահավետ է լինելու այն պարագայում, երբ Հայաստանում շատերը վախենում են ներդրումներ անել:

Հայաստանը համարվում է ներդրումների համար ոչ շահավետ ոչ թե այն պատճառով, որ շահավետ չէ, այլ որովհետև ծրագրերը ճիշտ չեն կազմվում և ճիշտ չեն ներկայացվում: Ներդրումներ անելու համար Հայաստանից  լավ տեղ չկա, որովհետև բաց տեղերն ու խնդիրներն անհամար են: Իսկ եթե կա բաց տեղ կամ խնդիր, ուրեմն  դա հնարավորություն է նաև դրանք լուծելու համար, որովհետև շատ մարդկանց  համար այդ խնդիրները լուծելու անհրաժեշտություն կա:

Ուղղակի,  այստեղ պայմաններն են շատ դժվար: Եթե մի բան անելու համար մի ուրիշ տեղ մի անգամ է պետք ասել, այստեղ` 50 անգամ: Այդքան առողջություն և էներգիա մարդիկ չեն ուզում վատնել, որովհետև կյանքը կարճ է: Նրանք կարծում են, որ ավելի լավ է դրսում ավելի քիչ աշխատեն, քան թե այստեղ այդքան ջանք ու եռանդ թափեն, որովհետև արդյունք ունենալու համար ավելի երկար պետք է աշխատել:

Դիտվել է 4474 անգամ:
Print Friendly